Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Բակն էնքա՜ն փոքր թվաց, ասես, իմ մանկության բակի դեկորացիան լիներ

Բակն էնքա՜ն փոքր թվաց, ասես, իմ մանկության բակի դեկորացիան լիներ
09.01.2026 | 18:41

Էն օրը մտա մեր հին բակը։ Բակն էնքա՜ն փոքր թվաց, ասես, իմ մանկության բակի դեկորացիան լիներ՝ տիկնիկային թատրոնի համար։ Զարմացած կանգնել, շուրջս էի նայում ու փորձում հասկանալ, թե էդ փոքր բակում ոնց են էդքան դեպքեր տեղի ունեցել, էդքան հիշողություններ տեղավորվել, ոնց ենք ֆուտբոլ խաղացել, չլիկ դաստա, բռնոցի, պախկվոցի։ Էն ժամանակ բակն էնքա՜ն մեծ էր թվում։ Բակի տղերքից համարյա ոչ ոք էլ էդ բակում չի ապրում՝ ով տունը փոխել, գնացել ա ուրիշ տեղ, ով տունը ծախել, գնացել ա ուրիշ երկիր, ով էլ չկա։ Թվում ա՝ եթե մի օր տղերքով հավաքվենք մեր բակում, հազիվ տեղավորվենք։ Օտար դեմքեր են հայտնվել, օտար ձայներ են լսվում, բայց եթե ուշադիր ականջ դնես, կլսես մեր մանկության բակի ձայները։ Դրանց արձագանքը մնացել ա շենքերի պատերին, որ էն ժամանակվանից չեն փոխվել, ծառերին, որ մեծացել, ճյուղավորվել են, օդի մեջ։ Թվում ա, թե ուր որ ա՝ կողքի բակից հայտնվելու ա Դանակ-մկրատ սրողն ու բակով մեկ աղաղակի՝ դանա՜կ մկրա՜տ սրե՜մ․․․

Դանակ-մկրատ սրողը մեծահասակ մարդ էր՝ ծուռ դրած գլխարկով, հին բաճկոնով։ Գործիքն ուսին դրած մտնում էր բակ ու բղավում՝ դանա՜կ-մկրա՜տ սրե՜մ։ Կանայք սառը զենքերն առած իջնում էին ներքև։ Դանակ-մկրատ սրողը գործիքն ուսից իջեցնում էր, դնում գետնին, ու հեսանաքարը սկսում էր արագ պտտվել։ Երբ դանակը մոտեցնում էր հեսանաքարին, դանակը տնքում էր, սկսում էր ճռռալ ու կայծեր արձակել, որ թռնում էին աջուձախ ու հանգում օդում։ Պտտվող անիվից դեսուդեն թռնող կայծերը հիպնոսացնող ազդեցություն էին գործում, հայացքդ չէիր կարողանում կտրել դրանցից։ Իսկական փոքր հրավառություն էր բակի մեջտեղում։ Դանակ-մկրատ սրողը բակից չէր հեռանում, մինչև ամբողջ բակի զինանոցը լրիվ սրված չլիներ՝ պատրաստ ցանկացած թշնամու դիմադրելու։

Մեկ-մեկ էլ Հին-շոր-հին-կոշիկն էր գալիս։ Սա Դանակ-մկրատ սրողից ավելի տարեց էր՝ էլի հին-մին գլխարկով, մազակալած, փշոտ այտերով, մաշված բաճկոնով, մեծ պարկը շալակին։ Մտնում էր բակ, պարկը դնում բակի մեջտեղն ու գոռում՝ հին շո՜ր, հին կոշի՜կ։ Տեսքով շատ նման էր մեր մանկության երկու գլխավոր բոբոներից մեկին՝ Մեշոք պապիին։ Մյուս բոբոն Փեդով տատին էր։ Մենք էնքան էլ չէինք հավատում, որ Մեշոք պապին գոյություն ունի, բայց, մեկ ա, մի քիչ զգույշ էինք, շատ չէինք մոտենում։ Համ էլ կասկած կար, որ մոտակայքում, ինչ-որ տեղ նրան Փեդով տատին սպասում ա։ Իսկ կանայք անվախ մոտենում էին՝ հին-մին շորերը ձեռքներին, հետը խոսում, վիճում, սակարկում։

Շորը գին ուներ՝ անգամ հինը։ Ընդհանրապես՝ շորի կյանքը երկար էր։ Եթե արագ էիր մեծանում ու շորը՝ դեռ լրիվ նոր, էլ վրադ չէր լինում, տանն էլ քեզնից հետո եկող երեխա կար, շորը նրան էր հասնում, իսկ եթե չկար, հարևան, բարեկամ, ծանոթ, հաստատ, կգտնվեր։ Ուրիշի շորը հագնելն ամոթ բան չէր. դա ոչ թե համարվում էր ուրիշի հագած շոր հագնել, այլ բարիքը չվատնել, շոր կարողի աշխատանքը հարգել, չմաշված շորի կյանքը շարունակել։ Իսկ եթե արագ չէիր մեծանում ու հասցնում էիր մաշել շորը, ուրեմն, վերջում կա՛մ Հին-շոր-հին-կոշիկին էր բաժին ընկնում, կա՛մ էլ դառնում էր սեղանի շոր, փոշու շոր, պոլիշոր․․․ Մի տեղ, անպայման, պետք էր գալիս՝ հագած շորը գետնին չի մնա։ Իսկ շորերը շատ չէին, ամեն մեկին անունով գիտեիր։ Պատահում էր՝ նայում էիր պոլիփեդին ու տեսնում, որ վրան քո մանկապարտեզի վանդակավոր շապիկն ա հագցրած, իսկ դու հիմա արդեն երրորդ դասարան ես փոխվում։ Միանգամից հիշում էիր մանկապարտեզը, մանկապարտեզի ընկերներիդ։ Թվում էր, թե դա շա՜տ վաղուց ա եղել՝ դեռ նախորդ կյանքում։ Իսկ լինում էր՝ բակ էիր իջնում, մեկ էլ շորդ հարևանի երեխու հագին էիր տեսնում, որ հպարտ-հպարտ խաղում էր՝ իր նոր շորը հագին։ Միանգամից մի անտեսանելի թելով կապվում էիր հետը, հարազատանում, բայց չէիր ասում, որ դա քո շոր ա եղել. ո՜վ գիտի, կարող ա ծնողներն ասելն են, թե խանութից են առել. ախր հեչ մաշված չի, ոնց որ հենց նոր խանութից առած լինեն։

Թվում ա, թե մեր մանկության ձայները վաղուց լռել են։ Բայց տենց չի, դրանք հիմա էլ հնչում են, պարզապես նոր դարի աղմուկն էնքան բարձր ա, որ խլացնում ա նրանց։ Իսկ մենք սովորել ենք էդ աղմուկին, էդ աղմուկի մեջ ապրելը հարմար ա՝ շատ չես մտածում, չես տխրում, գլուխ չես ջարդում անպատասխան հարցերի վրա։ Բայց եթե մի օր համարձակվենք ականջներս փակել, խլացնել էդ աղմուկը, պարզ կլսենք մեր մանկության ձայները։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1638

Մեկնաբանություններ

>

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Մանրադիտակն էլ խելքի հետքեր չհայտնաբերեց (որոշ պաշտոնյաների ուղեղը)
Մանրադիտակն էլ խելքի հետքեր չհայտնաբերեց (որոշ պաշտոնյաների ուղեղը)