Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Սպասվելիք ապրելակերպի մասին

Սպասվելիք ապրելակերպի մասին
09.01.2026 | 13:53

Սկսենք նրանից, որ ՀՀ բնակիչների մեծ մասը դժգոհ է և՛ ապրուստից, և՛ հեռանկարից, և՛ կառավարման ձևից ու որակներից։

(Չեմ հիշում ում խոսքն է՝ ոչ բառացի․

- Նույնիսկ ամենալավ հոգեբանը, երբ ցանկանում է ստրուկներին բացատրել իրենց իրավունքների և արժեքների մասին, դուրս բերել նրանց ստրկական վիճակից՝ արդյունքում վերածվում է ամենամեծ ստրկատիրոջ)։

Ենթադրենք և ընդունենք, որ մարդկանց խումբը, որն այսօր գտնվում է իշխանության ղեկին, ըստ հայտարարվող և պնդվող թեզերի, ամեն ինչ և ամեն բան անում է ճիշտ և անսխալ։

Ընդունենք, որ կառավարիչներն այսպիսի՝ երբևէ չկիրառված կառավարման ձևն իրականացնում են երկրում բնակվող բոլոր ազգերի օգտին, և սպասում են ինչ-որ բանի.

միայն իրենց հայտնի ինչ-որ բանի, ինչ-որ սպասվելիք լավ ապագայի։

(Ապագա կա, կա ապագա)։

Ենթադրենք, որ Ապագան եկել է իր բոլոր բարեմասնություններով և կանգնել խաղաղության խաչմերուկում...

Ենթադրենք, որ վիլսոնյան իրավարար վճիռն իրականացվել է, հայկական Արցախն էլ միացրել ու տվել են հայերին.

- Ե՛վ լեռնային, և՛ դաշտային Արցախ...

Թուրքերն էլ ընդունել են իրենց մեղքը...

Է՛լ հողերի վերադարձ, է՛լ ամերիկացիների կողմից գողացված միլիարդավոր դոլարների վերադարձ տոկոսներով...

Է՛լ ֆրանսիացիների կողմից խաբված Կիլիկիա, է՛լ Զեյթուն ու Ադանա, է՛լ Մուսա Լեռ ու Կոստանդնուպոլիս...

Է՛լ տոնախմբություններ...

Հիմա՝ հարց.

- ՈՒ՞մ հետ ենք պատրաստվում շենացնել երկիրը, կամ ինչո՞վ, ի՞նչ մտավոր ռեսուրսով։

Թրամփի՞։ Թե՞ Ֆլետչերի դպրոցի...

Թերուս և կիսագրագետ մարդկանցո՞վ, որոնք չեն էլ հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ և իրենց շուրջը։

Ո՞ր պաշտոնին է նշանակված իսկական պրոֆեսիոնալ, սկսած դիվանագիտական նշանակումներից։

Ո՞ր բնապահպանական գործառույթն է իրականացվել երկրի շահերին համապատասխան, ինչու՞ են փոխվում գետերի հուները, ինչու՞ են անլուրջ և գիշատչաբար օգտագործվում բնական ռեսուրսները։

Սա ի՞նչ շինարարական բում է նման ռիսկային գոտում, նման բազմահարկերի կառուցումով։

ՈՒթ տարի է քննադատում եք ու վերլուծում։ Վերլուծում եք ու քննադատում։

Ինչ ասես, իրար ասացիք և ասում եք։

ՈՒմից ասես հրահանգավորվեցիք։

ՈՒմ վրա ասես, հույս դրեցիք։

Մեզ վրա ե՞րբ ենք հույս դնելու։

Կարո՞ղ ենք պարզ և հստակ ասել, որ ոչինչ էլ մեր շահերից չի ելնում, որ մեր լինել չլինելու հարցերը որոշում են դրսերում։

Բա կուսակցությունները...

Բոլորը ճիշտն են ու միակը։

Այսինքն մի հարյուրից ավելի ճիշտ կա։

Կուսակցություններ են, որ բացվում են։ Ռստորանների պես։

Ողբամ քեզ Հայոց Աշխարհ։

Հռետորներ ու պաշտոնյաներ կան, որ մեղանչելը մատուցում են որպես մեղա գալ, հյութին հույթ են ասում, հյուրին՝ հույր։ Օգտագործում են նվաստացուցիչ բառեր մեկը մյուսի հանդեպ, դրանով մարդկանց ցույց տալով իրենց փուչ սնանկությունը։

Նույն ալիքներով նույն մարդիկ...

ՈՒթ տարի նույնը, օր օրի, և դեպի վատը։

Եվ արդյունքում մեղավորը ժողովուրդն է։

Ասենք թե կախարդական փայտիկի զորությամբ ինչ-որ երկիր ունեցանք, բա էս կիսագրագետ ու անգրագետ սերունդը, որ ստացանք ու ստանում ենք, ո՞նց է անելու, ո՞նց է ապրելու։

Հասկանու՞մ եք, հարյուր հազարավոր մարդիկ կան, որ չեն կարողանում իրենց կենսագրությունը գրել, ներկայանալ։

Որևէ տեքստ չեն կարողանում կարդալ, բառերն իրար կապել։ Գոնե մի գիրք չեն կարդացել։ Ի՞նչ է լինելու սրանց վերջը։ Չգիտեմ դուք ինչպես եք ընկալում, բայց ինձ համար այնքան էլ բավարար չէ թերուս և անգրագետ մարդկանց հետ շփվելը՝ առավել ևս գործ ունենալը։

Մարդը կարող է անձեռնոցիկ ասել, ու ոչ ոք դա չի ուղղի, կարող է xerox-ին խեռոխ ասել և ոչ ոքի դա չի հուզի, ուր մնաց, թե այս մարդկանց հետ գնալ ընտրությունների և երկրի ապագա կերտել։

Ինչու՞ է մանկավարժ լինելը դարձել խեղճուկրակի փեշակ (կներեն ուսուցիչները)։

Ես Տերթոդիկյան ուսուցման կողմնակիցը չեմ, սակայն դեմ եմ մանկավարժության այս ձևին, երբ ուսուցչին արգելում են կարգի հրավիրել կամ դաստիարակչական աշխատանք տանել երեխայի հետ։

Ես դեմ եմ ավագ դպրոց կոչվածին, երբ ցածր դասարանի աշակերտը չի տեսնում ավագ դասարանների աշակերտների վարքը։ Երբ ավագները կարող են լավի օրիակ ծառայել։

Ես դեմ եմ մարզպետարան կառույցին։

Ես դեմ եմ խոշորացված համայնքին, որտեղ գյուղապետ այլևս չկա, որտեղ համայնքը հենված չէ տոհմերին, որտեղ տոհմը ոչինչ չի որոշում։ Կա նշանակված կատարածու։

Ես դեմ եմ գործող ընտրակարգին, որտեղ միայն համամասնականն է գործում, որտեղ ընտրվում են առաջին կամ երկրորդ համարների անուններով, որտեղ առաջ են գալիս հասարակության համար ոչինչ չարած մարդիկ։

Մեծամասնական ընտրակարգը կարող է որոշիչ լինել երկրի տնտեսական, դատաիրավական և դիվանագիտական համակարգերի համար։

Ես դեմ եմ քվեաթերթերի նման ձևին։

Ընտրողը չի կարող իր վերաբերմունքը ցույց տալ։

Չկա «բոլորին դեմ եմ» կետը։

Սխալ եմ համարում վանդակում նշան դնելը։ Ճիշտն է՝ ջնջել և թողել մեկը։

Ասում են եթե դեմ ես բոլորին, անվավեր դարձրու քվեաթերթը։ Ոչ, դա կարծիք չէ, դա չի արտահայտում ընտրողի կամքը։

Համոզված եմ, որ միակ ճիշտ ընտրակարգը մեծամասնականն է։

Վերջում՝ ավագանու մասին։

Ավագանին պետք է ունենա տարիքային ցենզ։ Դա պետք է լինի 50 տարեկանից ոչ ցածր։ Ավագանին դա ավագ բառից է, և այդտեղ պետք է լինեն կյանքի և աշխատանքային փորձ ունեցողներ, ոչ թե թաղի տղերքով հավաքվեն ու մեկին իրենց խելքով առաջ բրդեն, որ հետո էլ նա իրենց նայի։

Մի քիչ երկար եղավ, հուսով եմ՝ ներողամիտ կլինեք։

Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ