Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Աղոթքի խաչը՝ հրաժարում սեփական ինքնաբավությունից

Աղոթքի խաչը՝ հրաժարում սեփական ինքնաբավությունից
04.01.2026 | 11:16

Աղոթքը նախ և առաջ մարդու կանգնելն է Աստծո առաջ՝ առանց դիմակի։ Խոսքը կարող է թաքցնել մարդուն, սիրտը՝ ոչ։

Երբ աղոթքը մնում է շուրթերի վրա, մարդը դեռ իր կյանքի տերն է զգում իրեն։ Իսկ երբ աղոթքն իջնում է սրտի խորքը, սկսվում է ներքին դատաստանը․ մարդը տեսնում է իրեն այնպիսին, ինչպիսին կա, և այդ տեսողությունը արդեն աղոթք է։

Սրտով աղոթելը նշանակում է ընդունել, որ Աստված ոչ թե լսող է միայն, այլ՝ գործող։ Այդ պահին աղոթքը դադարում է խնդրանք լինելուց և դառնում է համաձայնություն Աստծո կամքին։ Մարդը այլևս չի փորձում Աստծուն բերել իր ծրագրերի մեջ, այլ թույլ է տալիս, որ Աստված մտնի իր կյանքի ճշմարտության մեջ։ Սա է աղոթքի խաչը՝ հրաժարում սեփական ինքնաբավությունից։

Բայց աղոթքը չի ավարտվում սրտի մեջ։ Եթե այն չի դառնում գործ, ապա մնում է անավարտ։

Գործով աղոթելը այն պահն է, երբ մարդը թույլ է տալիս, որ աղոթքը դատի իր վարքը, իր հարաբերությունները, իր ընտրությունները։ Ներումն այն աղոթքն է, որը չի արտասանվում, բայց Աստծո առաջ առավել բարձր է, քան հազար բառ։ Սիրո գործը այն աղոթքն է, որում մարդն ինքն է դառնում աղոթքի նյութը։

Խոսքը կարող է դիմել Աստծուն, սիրտը՝ հանդիպել Նրան, բայց գործն է, որ վկայում է հանդիպման ճշմարտությունը։ Որտեղ գործը չի փոխվում, այնտեղ աղոթքը դեռ չի իջել մինչև մարդու կյանքի խորքերը։

Այսպես աղոթքը դառնում է ոչ թե պահ, այլ՝ կերպ․ ոչ թե բառ, այլ՝ կյանք։ Եվ այդ կյանքում Աստված այլևս հեռու չէ, այլ ներկա՝ յուրաքանչյուր ընտրության մեջ։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ