Երբ հեռվից նայում եմ Հայաստանում ընթացող դեպքերին, դրանք պարզապես զավեշտ են թվում։ Մարդիկ ուր են հասել, ինչպիսի թեմաներ են արծարծում։ Ի դեպ, այնքան տխուր եմ, որ նույնիսկ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորելու սիրտ չունեմ։ Սակայն պետք է գործ անել, պետք է գործել, այլապես մնալու ենք ոտնատակ ու ցաք ու ցրիվ լինենք։ Ցավոք, իշխանությունը լրիվ դուրս է եկել իր գործառույթների շրջանակից և զբաղվում է եկեղեցու դեմ բռնարարքներ կիրառելով։ Չգիտեմ, թե դա ինչ է տալիս։ Կարծում եմ՝ այն խոսույթով, թե կաթողիկոսներին այլ երկրների իշխանություններն են նշանակել, կարծես ուզում է արդարացնել իր վարմունքը (երևի հոգու խորքում զգում է, որ սխալ է անում)։ Սակայն այդ ոչ հիմնավոր պնդումն ի՞նչ կապ ունի այժմյան իրողությունների հետ, թե՞ իրեն էլ թագավորի կամ սուլթանի տեղ է դրել։ Այս դեպքում անհասկանալի է մնում, թե Խրիմյան Հայրիկին ո՞վ էր նշանակել, քանզի նա երկուսին էլ չէր ենթարկվում։
Արդեն ասել ենք, որ Հայաստանում գործառույթները դուրս են տրամաբանությունից և ոչ մի իրավական հարթության վրա չեն տեղավորվում։ Ակնհայտ էր, որ մեր նվիրյալ ազգն այսպիսի բարեփոխում չի ընդունում։ Բավական է միայն նշելը, որ մի քանի առաքելական եկեղեցիներից մեր եկեղեցին միակն է, որի Աթոռը անմիջականորեն հիմնել ու ոսկյա մուրճով հաստատել է Թագավորների Թագավորը։ Ուստի ցանկացած ոտնձգություն ի չիք է դառնալու հենց նրա ու նրա հավատավոր ժողովրդի կողմից։ Իսկ անհավատներն ու ամբարտավանները չեն կարող դեմ գնալ մեր եկեղեցուն, ինչքան էլ իշխանական լծակներ օգտագործեն։
Ամոթ է, ուշքի եկեք, ժողովրդավարնե՛ր, և գոնե այնքան հումանիզմ ունեցեք, որ սրբազաններին չարգելեք մասնակցել սրբազան պատարագին․ չէ՞ որ դուք իբր կարևորում եք այն, իսկ սրբազանները հաստատ ոչ մի տեղ չեն փախչի։ Չնայած, ում ինչ եմ ասում։ Ձեզ համար ի՞նչ սրբազան պատարագ, այն ուղղակի արարողություն է, որ զոռով ու մեծ ջանքերով կազմակերպում եք՝ առանց նրա հոգևոր խորհրդին հաղորդ լինելու։
Վանո Դադոյան