Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

ՈՒ՞ր մնացին հայ տղամարդու երբեմնի որակները

ՈՒ՞ր մնացին հայ տղամարդու երբեմնի որակները
18.03.2026 | 14:50

Տղամարդու ամենակարևոր առաքինությունը խիզախությունն է, իսկ կնոջը՝ ամոթխածությունը։

Նախապես ասեմ, որ հայ տղամարդը դեռ հին ժամանակներից սկսած փառաբանվել է իր խիզախությամբ, ավանդապաշտությամբ ու աշխատասիրությամբ։ Իսկական տղամարդկային որակներ կրող տղամարդիկ դեռ շատ կան։ Նրանց մի մասն արդեն մեզ հետ չէ և ննջում է Եռաբլուրում ու Արցախում, մի մասն էլ վտարանդի է կամ քաղբանտարկյալ, մի մասը՝ պատանդ ու գերի Բաքվի բանտերում, մի մասն էլ ակտիվորեն պայքարում է փողոցում՝ մտավոր, տեղեկատվական, փորձագիտական, մշակութային ու քաղաքական հարթակներում։

Այդպիսի իսկական տղամարդկանց համար անշուշտ առաջնայինը նախ և առաջ արժանապատվությունն է, հայրենիքը, քաջությունը, պատասխանատվությունը հայրենիքի ու ընտանիքի հանդեպ, հայրենիքն ու ընտանիքն անառիկ բերդ դարձնելը, աշխատասիրությունը, իմաստնությունն ու պարկեշտությունը, անդավաճան լինելը, պայքարելու կամք ունենալը, բարությունն ու մեծահոգությունը, առատաձեռն լինելը և հանուն արժանապատվության ու հայրենիքի մահն արհամարհելը։

Միշել դե Մոնտենը գտնում էր. «Քաջությունը մեր ձեռքերի կամ ոտքերի ուժը չէ, այլ մեր ոգու ուժն է...: Նա, ով ընկել է առանց իր քաջությանը դավաճանելու, ով մոտալուտ մահվան դեպքում չի կորցնում ինքն իրեն կառավարելու ունակությունը, նա, ով իր վերջին շունչը քաշելով՝ անդրդվելի նայում է թշնամուն, նա հաղթում է իր թշնամուն»։

Ցավոք, սակայն, շատ քաղքենիների, տգետների ու լոպազների պատկերացմամբ՝ ժամանակակից տղամարդու որակները դրամապանակի պարունակությունն են, պաշտոնը, ճարպկությունը և ցանկացած միջոցով՝ դավանանք ու կուսակցություն փոխելով, նվաստանալով, հայրենիք ուրանալով, ստորաքարշությամբ, սրա-նրա գիրկը թռնելով նպատակին հասնելը։ Ավելի «փոքր» մարդկանց համար էլ իսկական տղամարդու կերպարը լայն ուսեր ունենալն ու թիկնեղ լինելն է, մկաններ (մուսկուլներ) ունենալը, գեղեցիկ սիրուհի ունենալը, նրա մարմնում տեստոստերոնի քանակությունն ու մարմնի որոշ «օրգանների» չափերը։

Եվ որպեսզի Հայաստան պետությունը կործանեին, պետք է հայ տղամարդուն բարոյազուրկ, կամազուկ, անգործունակ, անտարբեր ու անպատասխանատու, նյութապաշտ ու ստորաքարշ դարձնեին, նրա մեջ արժանապատվությունն ու պայքարի ոգին սպանեին, նրան մորթապաշտ, հաշվենկատ, անսկզբունք, հանդուրժող ու վախկոտ դարձնեին։ Իսկ այդպիսիք շատ են թե՛ պետական կառավարման, թե՛ իրավապահ, թե՛ զինված ուժերում, թե՛ մտավորական, մշակութային ու գիտական միջավայրում, որոնք այս իշխանությունների՝ անօրինական ու ոչ երկրի ու ժողովրդի շահերից բխող ցուցումներն են կատարում հլու-հնազանդ, անօրինական գործեր են սարքում ու կալանքների որոշումներ կայացնում ազգի նվիրյալների նկատմամբ։

Նրանցից շատերն էլ պատրաստ են ողորմելի աշխատավարձի, գիտական ծրագրերում ընդգրկվելու կամ որևէ ֆիլմում դեր ստանալու համար սատանային ծախվել, հայրենիքն ուրանալ, ոտքի կանգնել ու պատիվ տալ ազգուրացին, հավատարմորեն ծառայել այս իշխանություններին։ Իսկ քաղաքական որոշ «գրպանային» ընդդիմադիրներ էլ համագործակցում են իշխանությունների հետ՝ հանուն շահի ու հնարավոր պաշտոնի։ Երկրի համար առավել մեծ վտանգ են ներկայացնում նրանք, ովքեր օտարին են ծառայում՝ սեփական երկիրն ուրանալով գրանտների դիմաց։ Եվ հիմա ազգովին այդ պտուղներն ենք վայելում։

Ամեն ինչ արվում է թե՛ կառավարման համակարգում, թե՛ հանրային դաշտում տղամարդու դերը նվաստացնելու համար։ Չէ՞ որ աղետ ու այլասերում է լինում մարդկային տոհմում, ցեղի, հասարակության ներսում, ընտանիքում, երբ խախտվում են կնոջ ու տղամարդու՝ Աստծո ու բնության կողմից պատվիրակված դերային առաքելությունները։ Հարգելի՛ հայ տղամարդիկ, մի՞թե մեզ պատիվ է բերում, որ այս անարժան պատուհասները մեր իսկ աչքի առաջ, մեր շատերի լուռ համաձայնությամբ մեր պետությունն ու հայրենիքն են կործանում, մեր ազգն են նվաստացնում, մեր խորհրդանիշերն ու պատիվն են պղծում։

Վերջապես ե՞րբ պետք է գլուխ բարձրացնի մեր մեջ հայ տղամարդու երբեմնի արժանապատիվ ու քաջ տեսակի գենը, ե՞րբ պետք է վերջապես սթափվենք, դուրս գանք այս անպատվությունից, այս ազգային խայտառակությունից։ Եվ ինչպե՞ս կարող է իսկական տղամարդն այսքանից հետո նայել իր մոր, երեխայի ու կնոջ աչքերին, այդչափ խղճուկ ու երախտամոռ լինել իրեն ծնած ու սնած հողի հանդեպ։ Չէ՞ որ բնության ու Աստծո կողմից մեզ է վերապահված ցեղի, ընտանիքի ու հայրենիքի անվտանգության ու արժանապատվության ապահովման կարևոր առաքելությունը, չէ՞ որ մենք՝ տղամարդիկս, պատասխան ունենք տալու հերոս-նահատակների ու սերունդների առջև։

«Մահը ոչինչ է, բայց անփառունակ պարտությամբ և անարգանքի մեջ ապրելը մահ է ամեն օր»,- ասել է Նապոլեոն Բոնապարտը։

Հայ տղամարդու և ընդհանրապես հայի կորսված ու նվաստացված արժանապատվությունն ու պատիվը փրկելու, պայքարելու կամքի ու խիզախության իսկական օրինակ են ցուցադրում Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սրբազաններն ու շատ հայորդիներ՝ ինչպես Բաքվի ու Հայաստանի բանտերում, այնպես էլ ազատության մեջ ցուցաբերած անհաշտ պայքարում։ Մեզ՝ հայերիս համար տղամարդկային արժանապատվության ցուցադրման իսկական ու բացառիկ օրինակ կարող է լինել նաև մեր հարևան իրանցի տղամարդկանց ցուցաբերած խիզախ ու արժանապատիվ կեցվածքը։

Մեր տղամարդկային և ընդհանրապես հայի տեսակի պատիվն ու արժանապատվությունը փրկելու, հայրենիք ու պետականություն ունենալու իսկական ու ճակատագրական ստուգատես կարող են լինել հունիսի 7-ի ԱԺ ընտրությունները։ Ըստ իս՝ հայ ժողովրդին կարող է արժանապատվորեն առաջնորդել իսկական հայ տղամարդու կերպար ունեցող, նվիրյալ և իմաստուն հայորդի Սամվել Կարապետյանը, ով կյանքում ապացուցել է առաջնորդի իր որակները, իր անկեղծ սերն ու անշահախնդիր նվիրվածությունն իր երկրին ու ժողովրդին։ Նա ապացուցել է, որ իսկական խիզախ տղամարդ լինում են ոչ թե իշխանություն ունենալու շնորհիվ, այլ առանց իշխանության։ Նրա համար հայրենիքի ու ժողովրդի շահը վեր է իր և իր ընտանիքի շահից։ Նա պատրաստ է հանուն իր ժողովրդի ու երկրի հրաժարվել իր վայելքներից ու ազատությունից, և հիմա կրում է զրկանքներ ու տառապանքներ՝ անազատության մեջ լինելով Հայ Առաքելական եկեղեցին, հայրենիքն ու մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու, այս նվաստացած վիճակից դուրս բերելու համար։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 116

Մեկնաբանություններ