Վերջերս ուսումնասիրում էի Ջոն Միրշայմերի (John Mearsheimer) «հարձակողական ռեալիզմի» (Offensive realism) տեսությունը: Եթե անկեղծ, ապա այն ռեալիզմի նոր դպրոց անվանելը մի տեսակ շատ ճոխացված է: Այն մեծ հաշվով` հենվելով Մորգենթաուի քաղաքական ռեալիզմի տեսության վրա, միաժամանակ ներառում է նաև ռեալիզմի դպրոցի տարբեր ներկայացուցիչների թեզեր: Էլ չեմ ասում, որ երբեմն նաև հակասությունների մեջ է մտնում դասական ռեալիզմի դպրոցի հետ:
Այնուամենայնիվ` պարոն Միրշայմերն իր ավանդն ունի քաղաքական գիտությունների զարգացման մեջ:
Գրառման իմաստն առաջացավ երեկ Ջոն Միրշայմերի հարցազրույցով, որտեղ նա պնդում էր, որ իրականում Թրամփի վենեսուելյան քաղաքականությունը կապ չունի Մոնրոյի դոկտրինի հետ, այլ այն արտահայտում է ԱՄՆ-ի իմպերիալիստական ձգտումները:
Այստեղ միանգամից ասեմ, որ Մոնրոյի դոկտրինն էլ մեծ հաշվով կայսերական շահերի մասին է, որն արտահայտվում է փափուկ ուժի ( soft power) գործիքներով:
Մյուս կողմից, պարոն Միրշայմերը պնդում էր, որ Վենեսուելայում և Լատինական Ամերիկայում Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ներկայությունը ԱՄՆ-ի շահերի համար էական սպառնալիք չէր կարող առաջացնել: Սակայն պարոն Միրշայմերը հավանաբար հաշվի չէր առել, որ այսօր «Ուժը» արտահայտվում է ոչ միայն որպես «Կոշտ ուժ» (hard power)` ռազմական, տնտեսական, ֆինանսական և այլ գործիքներով, այլև «փափուկ ուժի» (soft power) միջոցով գրավելով հասարակության սրտերը, ստեղծելով համակրանք և նվիրվածություն, կամ «խելացի ուժի» (smart power) միջոցով` կիրառելով թե՛ փափուկ և թե՛ կոշտ ուժի ռեսուրսները, կամ ինչպես վերջերս է գիտական շրջանառության մեջ մտել «սուր ուժի» (sharp power) միջոցով փափուկ ուժի պատրանք ստեղծելով, կիրառել քայքայիչ ազդեցության ունեցող գործիքներ, մանիպուլյացիայի, փաստերի խեղաթյուրման, արտաքին միջամտության և այլ քայքայիչ ձևերով:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ