Կար ժամանակ, երբ գյուղացի համբոները քարոզարշավների ժամանակ իրենց կուռքերի ոտքերի տակ գառ ու ոչխար էին մորթում:
Հիշում եմ՝ Արտաշես Գեղամյանին այդպես ընդունեցին Գեղարքունիքի դժբախտ մարզում, հետո բեմ բարձրացավ ամբոխի կուռք Կարեն Սերոբիչը, նրա պատվին գառ ու ոչխար չխնայեցին, հետո որդուն նման պատվի արժանացրին: Գառ ու ոչխար մորթեցին նաև Նիկոլի ոտքերի տակ, նույնիսկ՝ 2021 ին:
Հավատացեք, եթե Թալեաթ փաշան վերակենդանանա ու Ալիևի հետ գա մեր մարզերում քարոզարշավ անցկացնելու, ամեն գյուղում մի քանի ոռմտիկ կվազեն ընդառաջ, ձեռք կսեղմեն, կքծնեն, մի բան կխնդրեն, կհյուրասիրեն...
Այսօրվա ֆալշստարտով սկսված անօրինական քարոզարշավը բացառություն չէ: Բայց մի բան է նշմարվում՝ Հայաստանում այնպիսի չտեսնված գաղջ ու վակուումային մթնոլորտ է, որ նույնիսկ գեղական քծնանքի մեջ խանդավառություն չկա, քծնող գեղջուկների աչքերի մեջ հավատ չկա, հավատալու ցանկություն կա, բայց չի ստացվում:
Հայաստանը էմոցիոնալ քամված վիճակում է: Ցանկացած ծանր վշտից ու արհավիրքից հետո մարդ արարածի մոտ սկսվում է այլ փուլ, նա դառնում է անտարբեր:
Զուտ էմոցիաներով մարդկանց խաբել և ընտրատեղամասեր բերել չի ստացվելու:
2021 թվականի պարտադրված ընտրությունների ժամանակ Հայաստանում շատ ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ էր, երկրում դեռ սգո արարողությունները չէին ավարտվել: Այն ժամանակ գործի դրվեց էմոցիոնալ «ապագա կա» լոզունգը: 2021-ից հետո եկած ապագան ծանր ու արյունոտ է, կոռումպացված ու ձախողված է բոլոր ոլորտներում՝ քանդված ասֆալտի պես:
Ֆալշստարտով սկսված հետախուզական քարոզարշավը համարեք ձախողված:
Սա հենց այնպես, որպես կիրակնօրյա թեթև անդրադարձ: Եթե մանրամասնենք, ավելի շատ բան կա ասելու, բայց չարժե(են):
Արա Արայան