ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտում է ՀԱԵ-ի դեմ բռնաճնշումները

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտում է ՀԱԵ-ի դեմ բռնաճնշումները
17.02.2026 | 14:00

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով այն, ինչ որակել է որպես Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականապես դրդված արշավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

2026 թվականի փետրվարի 14-ի հայտարարության մեջ կազմակերպությունը նշել է, որ «ափսոսում և ամենախիստ ձևով դատապարտում է» Հայաստանում Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները։ CCAF-ի գնահատմամբ՝ իրավիճակը հատել է նոր սահմանագիծ, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ նախաձեռնված դատական գործընթացների պատճառով, որոնք, ինչպես ընդգծվում է, պատկանում են բացառապես հոգևորականության իրավասությանը։

CCAF-ը կարծում է, որ Եկեղեցու առաջնորդի և նրա հոգևոր հիերարխիայի դեմ արշավը անթույլատրելի հարված է հայկական ազգային ինքնության առանցքային հենասյուներից մեկին։ Կազմակերպությունը նախազգուշացրել է ներքին պառակտումների խորացման վտանգի մասին այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը բախվում է լուրջ արտաքին մարտահրավերների՝ նշելով, որ նման գործողությունները կարող են թուլացնել թե՛ հայրենիքը, թե՛ սփյուռքը։

Ֆրանսահայ կառույցը հայտարարել է, որ նման քայլերը ձեռնտու են միայն հայ ժողովրդի հակառակորդներին և որակել է տեղի ունեցողը որպես քաղաքականապես դրդված՝ վնաս հասցնող ազգային միասնությանը։

CCAF-ը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը փոխել ընթացքը և անհապաղ դադարեցնել «չարաշահումները»՝ նշելով, որ ընթացող զարգացումները հիշեցնում են պատմության առավել մռայլ էջերը։ Կազմակերպությունը նաև պահանջել է վերանայել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամ եպիսկոպոսների, ինչպես նաև նրա քարտուղարի նկատմամբ ընդունված որոշումները։

Հայտարարության վերջում CCAF-ը վերահաստատել է իր հարգանքը, համերաշխությունն ու լիակատար աջակցությունը Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ընդգծելով սփյուռքի մտահոգությունը պետական իշխանությունների և Եկեղեցու միջև շարունակվող լարվածության կապակցությամբ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ