Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Ձախողված սցենար. ոչ ոք չի ուզում «թնդանոթի միս» աշխատել

Ձախողված սցենար. ոչ ոք չի ուզում «թնդանոթի միս» աշխատել
15.03.2026 | 12:02

ԱՄՆ-ը ամենահզորն է իր ռազմական և տնտեսական կարողություններով: Ոչ մի պետություն չի կարող հավասարվել նրան բոլոր առումներով: Այն մնում է թիվ մեկ գերտերությունը: Նա առաջինն է՝ սա անվիճելի ճշմարտություն է և հանրահայտ իրողություն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև մեր օրեր: Իսկ ինչու եմ այս մասին գրում, երբ դա բոլորը գիտեն: Այս ամենի հետ մեկտեղ կա մեկ այլ իրողություն, որը շատերը չեն գիտակցում կամ պարզապես չգիտեն, հնարավոր է՝ չեն բարձրաձայնում քաղաքական դրդապատճառներով:

Ո՞րն է այդ իրողությունը կամ ԱՄՆ-ի հակառեյտինգը: Այս երկիրը չունի ցամաքի վրա մեծածավալ ու երկարատև պատերազմ վարելու ընդունակ մարտունակ մեծ ցամաքային բանակ, առանց որի վերջնական հաղթանակ պատմության ընթացքում երբեք չի եղել: Որքան էլ երկարատև և հզոր հրթիռային հարվածներով ավերես քո թշնամի երկիրը, քանի դեռ չես գրավել նրա տարածքը՝ հաղթանակի մասին խոսելն աբսուրդ է: Առաջին համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ը ցամաքային ռազմական գործողությունների մեջ մտավ միայն 1917թ. գարնանը, երկրորդի ժամանակ՝ միայն 1944թ. հունիսին: Երկու դեպքում էլ ավարտական փուլում, երբ պատերազմները գնում էին ավարտի: Ամերիկյան ցամաքային զինված ուժերը ցավալի պարտություն կրեցին վիետնամական տասնամյա պատերազմում, փախան, պարտվելով աֆղանական արմատական իսլամիստներին, խեղճացան Իրաքում և այլն: Իհարկե, եթե Թրամփը պատմագիտական կրթություն ունենար, ապա հաստատ կմտորեր այս իրողությունների մասին՝ Իրանի դեմ պատերազմ սկսելուց առաջ: Սակայն գիտենք նաև, որ ԱՄՆ-ում գործում են մի քանի հարյուր ուղեղային, հետազոտական-վերլուծական կենտրոններ, որոնք բարձրակարգ և հավաստի տեղեկություն ու խորհրդատվություն են մատուցում պետական մարմիններին, հատկապես՝ նախագահական ադմինիստրացիային: Ինչպե՞ս ստացվեց, որ վերը նշված պարզ հանգամանքները անտեսվել են: Կա վարկած, որ Թրամփը և նրա ստրատեգները հույս են ունեցել, որ հրթիռային հարվածներով Իրանի ողնաշարը ջարդելուց հետո կկազմակերպեն ցամաքային ներխուժում՝ հարևան երկրների բանակների ներգրավմամբ: Հավանաբար, նկատի են ունեցել Իրաքյան Քուրդիստանը, Թուրքիան, հնարավոր է՝ նաև արաբական պետություններն ու նաև Ադրբեջանը: Բայց այս պլանն էլ, ոնց որ թե, չի աշխատում: Ոչ ոք չի ուզում «թնդանոթի միս» աշխատել:

Հաջորդ շրջանառվող վարկածը վերաբերում է ռեժիմի փոփոխությանը. ըստ այս սցենարի՝ հրթիռային հարվածներից և ղեկավարության սպանությունից հետո իսլամական վարչակարգը տապալվում է, և նոր իշխանությունները գնում են կապիտուլյացիայի նմանվող ինչ որ հաշտության ստորագրման: Այս սցենարն էլ, որի հեղինակները, հավանաբար, նստած են Թել Ավիվում, ևս չի աշխատում: Հիմա Թրամփը հայտարարում է հաղթանակի մասին, բայց տարօրինակն այն է, որ օգնության է կանչում մեծ նավատորմ ունեցող պետություններին՝ Հորմուզի նեղուցը բացելու համար: Նույնիսկ խոստումներ է տալիս Պուտինին: Իսկ նավթի գների աճը օրեցօր հզորացնում է Ռուսաստանը, որն ուղղակի փոխում է ուժերի հարաբերակցությունը ուկրաինական ճակատում: Սրանից առավել ահաբեկված են Բեռլին-Փարիզ-Լոնդոն-Բրյուսել ակումբի «ժողովրդավարասեր» կառավարողները:

Վերջում շատ տեղին է հիշել հայկական ժողովրդական իմաստուն ասացվածքը. «Յոթ անգամ չափիր, նոր մեկ անգամ կտրիր»: Խաղաղություն Իրանին և հարևաններին:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ