Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Համակարգերը ներսից են քանդվում

Համակարգերը ներսից են քանդվում
22.03.2026 | 12:14

Շատերը, խոսելով համակարգի մասին, շեշտը դնում են անձերի վրա: Ու թեև յուրաքանչյուր համակարգ ձևավորում են հենց անձերը, բայց միայն դա չի: Շատերն էլ, խոսելով համակարգի մասին, դա ներկայացնում են որպես մի արտառոց բան: Այնինչ յուրաքանչյուր երկրի քաղաքական դաշտն էլ որ վերցնենք, անկախ նրանից դեմոկրատական է այն, թե ավտորիտար, այդ ամենը հենց համակարգ է: Համակարգերը սովորաբար փոխվում են շատ մեծ, աշխարհաքաղաքական իրադարձությունների հետևանքով: Վերջին անգամ Հայաստանում քաղաքական համակարգ է փոխվել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Ու թեև շատ բաներ են տեղի ունեցել այդ տարիների ընթացքում, սակայն համակարգը չի փոխվել:

Երբ խոսում ենք, որ գոյություն ունեցող համակարգը հիմնված է փողի, անձնական շահի, սեփական բիզնեսը պահելու և նմանատիպ այլ բացասական երևույթների վրա, պետք է հասկանանք, թե որտեղից է դա սկիզբ առել և գալիս: Կապիտալիստական հասարակարգը ենթադրում է կապիտալի և ազդեցության կուտակում ու ընդլայնում: Այլ հարց է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, այդ ամենը մեր երկրում տեղի է ունեցել «գեղի կլուբի» մակարդակով: Դա էլ շատ ծավալուն, առանձին քննարկման հարց է:

Ինչևէ, ձևավորվել է, և շարունակում է գոյատևել մինչ օրս: Մակերեսի վրա դերակատարներ փոխվում են, բայց համակարգը, որպես այդպիսին, չի փոխվում: Սա երկու բառով գրեցի, որովհետև համակարգ ասելով, սովորական մարդիկ շատ տարբեր բաներ են հասկանում: Անձամբ ես կարծում եմ, որ համշխարհային մասշտաբով էլ է գործում համակարգ, և գոյություն ունի համաշխարհային էլիտա: Ուղղակի ամեն առանձին վերցրած երկրում էլ իր սեփական համակարգը կա, որը, սակայն, շաղկապված է համաշխարհայինին:

Հիմա ենթադրել, որ որևէ փոքր երկրում, առանց աշխարհաքաղաքական ազդեցության, հնարավոր է համակարգ փոխել, իհարկե կարելի է, բայց որքանո՞վ է դա իրատեսական: Հատկապես, եթե այդ համակարգի փոփոխությունը ենթադրում է և կրում է իդեալիստական գաղափարների վրա հիմնված բնույթ՝ ինչպիսիք են արժեքները, գաղափարները, այլ ոչ ֆինանսական շահն ու կապիտալ կուտակելը: Այնուամենայնիվ, գուցե կան մարդիկ, ովքեր պատկերացնում են փոքր քայլերով նման մեծ արդյունքի հասնելը, չեմ բացառում: Միայն կցանկանամ նրանց տեղեկացնել, որ նույնիսկ եթե իրենք իրենց համակարգից դուրս են դնում և դիրքավորում, միևնույն է, իրենք էլ են հանդիսանում գոյություն ունեցող համակարգի մի մաս: Պարզեցնելով խոսքս ասեմ, որ եթե զբաղվում եք քաղաքականությամբ, առավել ևս, պատրաստվում եք մասնակցել համակարգի կողմից անցկացվող ընտրություններին, ուրեմն, ուզեք, թե չուզեք, դուք էլ եք հանդիսանում համակարգի մի մաս, ինչը չի նշանակում, որ անկեղծ չեք համակարգը փոխելու ձեր նպատակների մեջ: Ուղղակի պետք է գիտակցած լինեք, որ համակարգերը ներսից են քանդվում: Ուստի խորհուրդս հետևյալն է. որևէ մեկդ էլ բացառիկ և միակը չեք, և բացի ձեզանից էլի կան մարդիկ, ովքեր հասկանում են գոյություն ունեցող համակարգի արատավոր լինելը, հասկանում են նաև այդ համակարգը փոխելու անհրաժեշտությունը: Սակայն հավանաբար այլ ճանապարհ են ընտրել դրան հասնելու համար:

Շատ բաներ կան, որոնց հնարավոր չէ մեկ գրառման մեջ անդրադառնալ, բայց սկզբի համար այսքանն էլ բավական է: Կարծում եմ՝ առիթ կունենամ այլ ֆորմատով անկեղծ զրույցներ ունենալ այս թեմայով: Մինչ այդ բավարարվեմ այսքանով, սովորական մարդկանց էլ ասեմ, որ յուրաքանչյուր համակարգ քանդող պետք է նպատակ ունենա ստեղծելու նոր համակարգ: Ուշադիր եղեք, թե գոյություն ունեցող համակարգը քանդելու հայտ ներկայացնողները ի՞նչ հայտ են ներկայացնում նոր համակարգ ստեղծելու համար:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 294

Մեկնաբանություններ