«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Պետական գործիչ չէ, պարզապես բարձր պաշտոն զբաղեցնող, փոքր չափերի մանր մարդ է

Պետական գործիչ չէ, պարզապես բարձր պաշտոն զբաղեցնող, փոքր չափերի մանր մարդ է
25.03.2026 | 14:13

Մեր սերնդի համար «Ոսկե հորթը», հատկապես նրա փայլուն հայերեն կրկնօրինակմամբ, պարզապես ֆիլմ չէր, դա մարդկանց ու իշխանավորների իրական չափերը մեկ նախադասությամբ ճանաչելու ձեռնարկ էր։

Իլֆն ու Պետրովը վաղուց էին նկարագրել այն տիպը, որը մեծ քաղաքականության մեջ հայտնվում է այնպես, ինչպես Պանիկովսկին՝ միլիոնատերերի ակումբում․ ոչ որովհետև իր տեղն այնտեղ է, այլ որովհետև դուռը բաց էր մնացել։

Պաշտոնը մարդուն չի դարձնում պետական գործիչ։ Այն պարզապես անողոք լույսով ցույց է տալիս՝ ով է կանգնած այդ պաշտոնի «ներսում»։

Երբ այդ ներքին չափը չի բավարարում մեծ թեմաների համար, սկսվում է թեթևամտությունը, ցինիզմը, հեգնանքը և հոխորտանքը՝ հատկապես նրանց հասցեին, ովքեր խոսում են փաստերով, պատասխանատվությամբ և պետական մտածողությամբ։

Բայց պատմությունը չի վիճում, չի վիրավորում, չի պատասխանում։ Պատմությունը պարզապես հիշում է՝ ով ինչ ասաց, երբ ասաց և ինչ չափով էր համարժեք ու համընթաց ժամանակին։

Եվ երբ աղմուկը անցնի, մնալու է միայն ամենապարզ ու ամենադաժան գնահատականը, որն ակնհայտորեն այսպիսին է լինելու. պետական գործիչ չէր, պարզապես բարձր պաշտոն զբաղեցնող, փոքր չափերի մանր մարդ էր։

«Խղճուկ, աննշան արարած»,- ինչպես կասեր Օստապ Բենդերը` Պանիկովսկու հասցեին:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ