Բլոգեր Լապշինը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ հայերի՝ Իրանի նկատմամբ քաղաքական համակրանքի պատճառները։ Չի կարողանում և իր համար անհասկանալին ու անճանաչելին ձևակերպում որպես հակասեմիտիզմ։ Իհարկե, Հայաստանում հակասեմիտիզմի շատ թույլ և փոքրիկ նշույլեր կան, որոնք իրականում սահմանակափակվում են կենցաղային բառ ու բանով. «սաղ հրեաներն են մեղավոր» կամ էլ «աշխարհը հրեաներն են կառավարում» ոճի դատողություններ։
Իրականում հրեաներին չսիրելու բանահյուսական այս դրսևորումները հայկական ծագում չունեն և ներմուծվել են այլ միջավայրերից։ Հայկական մշակութային տարածությունում, մատենագրության և քաղաքական մտածողության մեջ երբեք հակասեմիտիզմ չի եղել։ Ավելին, արևելքում՝ բյուզանդական, իրանական և նույնիսկ թյուրքական աշխարհներում դա խորթ իրողություն է։ Չմոռանանք, որ ուշ միջնադարում Եվրոպայում կրոնական հողի վրա հալածվող հրենաները (և ոչ միայն) հանգրվանում էին հենց Օսմանյան կայսրությունում։ Տասնյակ հետազոտություններ կան Բյուզանդիայում հրեաների կյանքի վերաբերյալ։ Մի քանի միջադեպերը չհաշված, այդ կայսրությունում էլ ինստիտուցիոնալ, աշխարհայացքային հակասեմիտիզմ չենք որսում։ Ավելորդ է նույնիսկ խոսել Իրանական աշխարհի մասին, որտեղ հրեաները անհիշելի ժամանակներից ապրել են ինչպես ձուկը ջրում, իսկ հրեա փիլիսոփաներն ու գիտնականներն էլ այդ միջավայրի անբաժանելի մասնիկներն են։
Այսպիսով, հակասեմիտիզմը զտարյուն, դասական եվրոպական «արժեք» է՝ սաղմնավորված Խաչակրաց արշավանքների ժամանակ։ Պետք չի այն փաթաթել արևելքի ժողովուրդների վրա։ Գրեթե կասկած չունեմ, որ նույնիսկ չնչին, զուտ բանահյուսական և կենցաղային դրսևորմամբ հակասեմտիզմը արևելքում հայտնվել է Եվրոպայից։ Հայերի մոտ դա միգուցե արմատավորվել է միջնորդավորված։ Այսինքն, ռուսներից ենք սովորել։ Բայց նորից եմ կրկնում, էս ամենը չի կարելի հակասեմիտիզմ կոչել։
Ինչ վերաբերում է հայերի և Իրանի հարաբերություններին, իրականում հայերը պրագմատիկ ժողովուրդ են։ Նրանք շատ լավ հասկանում են, որ Իրանի հետ ունեցած սահմանը Հայաստանին կյանք պարգևող, սնող կարևոր զարկերակներից մեկն է։ Առաջին հերթին սրանով է պայմանավորված դրական վերաբերմունքը։
Երկրորդը․ մեր ժողովուրդը՝ սովետահայերը ԽՍՀՄ-ից, սփյուռքահայերը՝ ավանդական կուսակցություններից, պրոպաղեստինյան դիրքորոշում է ժառանգել, ինչը արմատացած է մեր հավաքական աշխարհայացքում։ Կարծում եմ, սա շատ դրական կեցվածք է․ ապրումակցել իր իրավունքների համար պայքարող մեկ այլ ժողովրդի, որը զոհ է դարձել իմպերիալիստական խարդավանքների։
Կա նաև երրորդ պատճառը, որը դժվար է երկու-երեք տողով բացատրել։ Հայաստանն ու Իրանը 3000 տարի և ավել ապրել են կողք կողքի։ Պատմության այս անվերջանալի ընթացքում կան ինչպես մութ, այնպես էլ բազմաթիվ դրական էջեր։ Ամեն ինչ կարող ենք գտնել հազարամյակների այս փոխհարաբերություններում՝ ծանր տիրապետությունից, շահ Աբբասի բռնագաղթից, Թուրքմենչայի պայմանագրից մինչև նախաքրիստոնեական ժամանակներ։ 4-րդ դարում Քրիստոնեությունը և 7-րդ դարում Իսլամը երկկողմանի մշակութային խրամատներ են փորել հայկական և իրանական աշխարհների միջև։ Բայց հիշողությունը կա, և միգուցե ենթագիտակցական մակարդակում, կենցաղում, լեզվում, բանահյուսության և դիցաբանության մեջ մարդիկ զգում են արյունակցական կապը Զրադաշտականության, Արամազդի, Անահիտի, Սասանյան շահնշահերի հետ։
Եվ մի բան էլ, որը շատ լուրջ նշանակություն ունի․ 1918-20 թթ․-ին Իրանը Հայաստանի միակ հարևանն էր, որը թշնամական գործողություններ չի իրականացրել նրա դեմ։ Առաջին Հանրապետությունը տարածքային խնդիրներ է ունեցել, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ, բայց ոչ երբեք՝ Իրանի։
Նույնը կարող ենք ասել նաև 1991 թ․-ին վերստեղծված Երրորդ Հանրապետության համար, որը անմիջապես շատ ջերմ հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ու ծանրագույն փորձություններ հաղթահարել նաև Իրանի հետ ունեցած փոքրիկ սահմանի շնորհիվ (որի ճակատագիրը ՔՊ-ական ռեժիմը կասկածի տակ է դրել)։
Դժվար թե, Լապշինը էս ամենը հասկանա։
Կարպիս Փաշոյան