Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Լեթարգիական թմբիր՝ արթնացումի վիրահատական ելքով

Լեթարգիական թմբիր՝ արթնացումի վիրահատական ելքով
16.03.2026 | 13:48

Մենք հո մի օրում այսպիսին չդարձա՞նք՝ տգետ, մորթապաշտ, «մի փոր հացի» խաթեր «մի հոր հացը» քոռուփուչ անող, օտարամոլ ու թշնամահպատակ, մեր տունը քանդողի նկատմամբ՝ ներողամիտ, ճիշտ ճամփա ցույց տվողի հանդեպ՝ անհանդուրժող: Ասում եմ՝ մենք, որովհետև ուրիշները մեզ չեն բաժանում «սևերի» ու «սպիտակների», նրանց համար մենք միագույն զանգված ենք՝ ժողովուրդ հավաքական անվանումով: Անհասկանալի թեթևությամբ սեփական երկրի ու իր ժակատագիրը անհայտ ծագում ունեցող մի արկածախնդրի տնօրինմանը հանձնած ժողովուրդ:

Սա ենք մենք այսօր՝ օտարի աչքում:

Կերպափոխության այդ ի՞նչ արագացված դասընթացներ անցանք, որ ոչ Արցախի կորուստն է խորությամբ ընկալվում, ոչ աճուրդի հանված Հայաստանի ողբալի վիճակը: Ղարաբաղյան շարժումով արթնացած, զրկանքի ու զոհողության միջով անցած ժողովրդին այդ ի՞նչ սատանայի ջրաղաց մտցրին, որ ցորեն-խելքից թեփ ու դարմանը մնաց, իսկ դրանով ազգը՝ ազգ, երկիրն էլ՝ երկիր պահող «լավաշ» չես թխի:

Դավադիր այս ծրագրի առաջին արարը «մութուցուրտ տարիներ» կոչվող մղձավանջն էր, որի անխուսափելի հետևանքը կրթական համակարգի փլուզումը պիտի լիներ, համատարած գործազրկությունը, սոցիալական աննախադեպ բևեռացումն ու արտագաղթի առաջին հուժկու ալիքը: Այս ջլատիչ գործոններից մեկի առկայությունն անգամ բավարար էր ազգի ողնուղեղը վնասելու համար, էլ ուր մնաց դրանց հարվածային «փունջը»: Եթե սրան հավելենք նաև բարոյահոգեբանական աղճատումը, ավանդականին մարտահրավեր նետած արևմտյան «արժեքները»՝ փողի նկատմամբ աճող պաշտամունքով, պարզ կլինի նաև, թե ինչպես եկանք-հասանք այս հանգրվանին: Խորհրդային կացութաձևից անպատրաստ թռիչքով վայրի կապիտալիզմի «ծոցում» հայտնված ժողովրդի 35 տարվա «ձեռքբերումը» հենց սա՛ պիտի լիներ՝ հոգեմտավոր այս խեղվածությունը, որ ծնեց-սնեց-հղփացրեց այսօրվա իշխանությանը: Հետո էլ զարմանում ենք, թե ինչպես երեկվա «դեղնակտուց-թրաշամանուկները» դարձան երկիրը ոչխարի դմակի նման հափռող «գորշ գայլեր»:

Խտացնու՞մ եմ գույները: Շա՞տ եմ հոռետես: Թացն էլ չորի հետ կրակի՞ն եմ տալիս: Շատ կուզենայի, որ այդպես լիներ, ընդհանրացումներս էլ մասնավոր դիտարկման տիրույթից դուրս չգային: Ցավոք, ութ տարվա այս մղձավանջը լավատեսական եզրահանգումի սողանցք չի թողնում: Լեթարգիական թմբիրը, որի մեջ ընկղմվել ու անզգայացած ընդառաջ ենք գնում աղետին, պաթետիկ գեղգեղանքի հետ հաշիվները փակել, արթնացումի վիրահատական ելքեր է փնտրում՝ ցավոտ, բայց ապրեցնող:

Գործողություն է պետք:

Մնացածը պարապ խոսքեր են:

Էս գրածս էլ՝ հետը:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ