Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Նախընտրական կոլաժ

Նախընտրական կոլաժ
20.03.2026 | 16:44

Ընտրությունները մոտենում են: Թվում է, թե դեռ ժամանակ կա, բայց իրադարձությունները ծավալվում են:

Իշխանությունն առանց ժամանակ կորցնելու գույքագրում է իր ողջ հնարավորությունները, օգնություն պահանջում-խնդրում որտեղից կարող է, ինչպես կարող է: Շարժվում է ձևավորված օրակարգով, համաձայնեցված արտաքին բոլոր ակտորների հետ, շարունակաբար թարմացնելով տեսողական, լսողական, մեդիա, ցանցային գործիքակազմը և պրոդուկտները: Աշխատում են լայն ճակատով՝ անմնացորդ օգտագործելով իրենց տնօրինության տակ եղած բոլոր պետական ռեսուրսները՝ սկսած բյուջեից մինչև իշխանական լծակներ: «Խաղաղության պայմանագրի» նյութականացման տարբեր ներկայացումներ են բեմադրում թշնամու տարածքով մթերք, վառելիք ներկրելու պիլոտային ծրագրերով, պայքարում են ՀԱԵ-ի դեմ, չնայած վերջին շրջանում նրանց մարտավարությունը խափանումներ է գրանցում, այցելում են մարզեր, շփվում մարդկանց հետ պոպուլիստական ոգու անկումը կանխելու, վարչապետական կարողությունների նկատմամբ վստահություն վերականգնելու համար: Սահմանադրություն են խմբագրում, սահմանադրական դատարանի նախագահի փոփոխություն են նախաձեռնում: Եվ շարունակաբար ահաբեկում են ժողովրդին՝ եթե իրենք չընտրվեն, պատերազմն անխուսափելի է: Կարող են օրն ու ժամն էլ ասել:

Ընդդիմության հնարավորությունները կաշկանդող նոր գործիքներ են մշակում: Մի խոսքով, ծրագրային աշխատանք են անում՝ ոչնչի առաջ կանգ չառնելով: Եվ խոսում են, խոսում են, միայն թե մարդիկ իրենց լսեն, իրենց քննարկեն:

Ինչ են անում, այսպես ասած, նախկինները: Նրանց նյութական, մեդիա կարողություններն իրենց դադար չեն տալիս: Նրանք չեն կարող մի կողմ քաշվել, որևէ նոր ուժի առաջ ճանապարհ բացել, ուր մնաց սատարել նրան ՝ իրենց անձնական ամբիցիաները մի կողմ դնելով: Առավել ևս, որ նրանց խոսույթը դուրս չի գալիս անցածի քննարկումների և այս իշխանությանը հեռացնելու պարագծից:

Այդ առումով հետաքրքիր կերպով առանձնանում է ՀԱԿ-ը՝ իր անփոփոխ ղեկավարով: Թվում է, թե ամենափորձառու քաղաքական գործիչը պետք է հասկանար իր ղեկավարած կուսակցության իրական հնարավորությունները առկա քաղաքական ներկապնակում և չմտներ ընտրապայքարի մեջ: Բայց՝ ոչ, ոչ միայն մասնակցում է ընտրապայքարին, այլ նաև միավորվում է նոր քաղաքական ուժի հետ, միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու համար, կոչ է անում բոլորին համախմբվել նոր ուժի շուրջ:

Ի՞նչ է դա: Օժանդակությու՞ն նոր ուժին, սեփական հեղինակության տրամադրում՝ որպես ցատկահարթակ, թե՞...

Ես հակված եմ մտածելու, որ դա նոր ուժին, որը գործող իշխանությանը հաղթելու կարողություններ է դրսևորում, վերահսկողությունից դուրս չթողնելու նպատակ է հետապնդում: Լինել ներսում, մասնակցել խմորումներին, հնարավորության դեպքում ներազդել, եթե ոչ՝ խանգարել: Կառավարել: Եթե չի ստացվի՝ լինել տեղեկացված՝ իր բոլոր հետևանքներով: Թե չէ՝ աստված մի արասցե, կհաջողեն երկրի զարգացման, անվտանգության ամրապնդման և մնացած հարցերում:

Միգուցե ես սխալվում եմ: Բայց այդ ենթադրությունն ավելի է ամրապնդվում քաղաքագետ Արմեն Այվազյանի այն փաստարկումով, որ այդ նոր ուժի անվտանգության ռազմավարությունը վստահված է ինչ-որ հրեա պաշտոնաթող գեներալի:

Մինչդեռ այդ նոր ուժի համար լավագույն ճանապարհը կլիներ նախկիններից ոչ-ոքի հետ չմիավորվելը՝ ընդգծված դուրս գալով նախկին-ներկա արատավոր շրջանից:

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ