Ռուս հետազոտող, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Բալիևի խոսքերով, մեջբերում ենք՝ «ավելի քան 30 հայկական ընկերություններ Լեռնային Ղարաբաղում ոսկի և այլ ռեսուրսներ են արդյունահանել։ Հայաստանի ոսկու արդյունահանող ընկերություններից մեկը (FDM-ը), նշյալ տարածաշրջանում իր գործունեությունը սկսելով 2001 թվականին, այդ ժամանակից ի վեր արդյունահանել է ավելի քան 16 տոննա ոսկի (!), միայն 2008-ին ՝ ավելի քան 4 տոննա» (!):
ԼՂՀ Երկրաբանական ֆոնդում գրանցված է 285 հանքավայր և օգտակար հանածոների արդյունահանման կետեր, որոնցից 83-ը մետաղական են, 197-ը ոչ մետաղական, 5-ը՝ վառելիքի: Իրականացվում է 78 ծրագիր, որոնցից 64-ը վերաբերում է ռեսուրսների արդյունահանմանը, 14-ը՝ դրանց հետազոտություններին: Լեռնային Ղարաբաղը բազմազան ու հարուստ հումք ունի նաև շինարարական նյութերի, առաջին հերթին դաշտային սպաթի արտադրության համար: Կային նաև ցեմենտի, կղմինդրի արտադրության լայն հնարավորություններ:
Խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից կազմակերպած արշավախմբերը պարզել են, որ ԼՂՀ-ի միայն Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում կա 1250 տոննա ոսկու, 4550 տոննա արծաթի, 1,84 միլիոն տոննա պղնձի, 660 000 տոննա կապարի և այլ մետաղների պաշարներ:
Ելնելով վերոգրյալից և ՀՀ մամուլի մասին օրենքի պահանջներից ՝ խնդրում ենք ՀՀ նախագահի և վարչապետի մամուլի ծառայություններին պատասխանել հետևյալ հարցերին․
1. Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ռուս հետազոտող, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Բալիևի այն հաղորդագրությունը, թե «ավելի քան 30 հայկական ընկերություններ Լեռնային Ղարաբաղում ոսկի և այլ ռեսուրսներ են արդյունահանել»:
2. Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Հայաստանի ոսկի արդյունահանող ընկերություններից միայն մեկը 2001 թվականից ի վեր արդյունահանել է ավելի քան 16 տոննա ոսկի, միայն 2008-ին ՝ 4 տոննայից ավելի: Եթե այո, ապա ո՞ւր են Ղարաբաղի ոսկու տոննաները և ինչո՞ւ դրանք ոչ մի կերպ չեն ազդում Ղարաբաղի բնակիչների կյանքի որակի վրա։
3. Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են համառորեն շրջանառվող լուրերն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները գաղտնի երկրից դուրս են հանել ղարաբաղյան ոսկու տասնյակ տոննաներ:
2018-2020 թթ. Ղարաբաղում տիրող իրավիճակի համար պատասխանատվությունը կրել են Փաշինյանն ու նրա կողմնակիցները։ ՈՒստի հենց նրանք պետք է հստակություն մտցնեն ղարաբաղյան ոսկու խորհրդավոր «անհետացման» հարցերում։
ՈՒրախ կլինենք ստանալ ՀՀ նախագահի և վարչապետի մամուլի ծառայությունների պատասխանը հարցմանը և պարտավորվում ենք հրապարակել մեր էջերում նրանց ցանկացած մեկնաբանություն, ինչպես սահմանված է ՀՀ Մամուլի մասին օրենքով:
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂ-ում նրա դրածոները ՝ Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, ժամանակին հրաժարվել են պատասխանել այս հարցերին:
Չի պատասխանում նաև «սերժազգիների» օրինակին մշտապես հետևող Նիկոլ Փաշինյանը։
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
«Երրորդ ՈՒժ Պլյուս» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր