Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Ափսոս, որ աղետների վրա հնարավոր չի ռեոստատ դնել

Ափսոս, որ աղետների վրա հնարավոր չի ռեոստատ դնել
05.02.2026 | 18:23

Տեսել ե՞ք, թե առավոտը վեցի կողմերը ոնց ա լրիվ մթության մեջ լույսը սկսում կամաց-կամաց բացվել։ Ասես մի բաժակ սև սուրճի մեջ կաթիլ-կաթիլ կաթ լցնես։

Արևի ճառագայթները դեռ հեռու են, բայց նրանցից ցայտող լույսի կաթիլներն արդեն մեզ են հասնում ու լուծվում են մեր մթության մեջ։ Փակ վարագույրի հետևից սկսում ա թույլ, փայլատ կաթնագույնով գծագրվել պատուհանի քառակուսին, որ գնալով ավելի հստակ ա դառնում։ Ասես կիսով չափ լիցքաթափված գիշերային լամպ լինի։ Լույսը դանդաղ բացվում ա։

Փոքր ժամանակ, երբ կինո էինք գնում, լույսն աստիճանաբար մարում էր, ու կինոն սկսվում էր։ Մեր բակի Արայիկը մի օր ասեց.

- Գիտե՞ս՝ ոնց են անում, որ կամաց-կամաց մթնում ա. լույսը զգու՜յշ, շա՜տ դանդաղ անջատում են։

Ինչքան փորձեցի, չստացվեց, վերջում անջատիչը փչացավ։

Հետո, երբ դպրոց գնացի, իմացա, որ դրա անունը ռեոստատ ա։ Լավ բան ա ռեոստատը։ Ափսոս, որ աղետների վրա հնարավոր չի ռեոստատ դնել, որ դանդաղ սկսվեն՝ երկրաշարժերի, ջրհեղեղների, պայթյունների, վթարների... կաթվածի ու ինֆարկտի... Ափսոս, որ պատերազմների վրա հնարավոր չի ռեոստատ դնել... Ափսոս...

Իսկ պատուհանի քառակուսին արդեն լրիվ սպիտակել ա։ Վարագույրի հետևից լույսը տուն ա լցվում։

Նոր օրը սկսվում ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10579

Մեկնաբանություններ