Թե՛ Սովետի ժամանակ, թե՛ դրանից հետո ու մինչև հիմա էլ 3-րդ մասը համարվել ու համարվում է ռաբիսի բնօրրանը Երևանում: Ու սա, թերևս, օրինաչափ է: Նախկին Լենինյան, այժմ Շենգավիթ վարչական շրջանը սկզբնապես նախագծվել էր որպես բանվորական արվարձան (այստեղ էին կենտրոնացած մայրաքաղաքի գրեթե բոլոր խոշոր գործարանները), և բանվորական արվեստն էլ, ռաբիս ընդհանրական բնորոշմամբ (рабочее искусство), այստեղից պիտի սկիզբ առներ՝ աստիճանաբար ձևավորելով նաև վարքաբանական համարժեք «մշակույթ»: Տասնամյակների ընթացքում ձևավորվեցին ու կարծրատիպային տեսք ստացան նաև այս «մշակույթը» կրողների «գործադիր մարմինները»՝ թաղի «խառոշիների» ու թաղային հեղինակությունների տեսքով: Առանց տեղական իշխանության այս յուրատիպ ինստիտուտի միջամտության կամ «դաբրոյի»՝ չէր լուծվում և հիմա էլ, համոզված եմ, չի լուծվում ներթաղային նշանակության որևէ հարց: Դրսից «տղա բերելու» սովորույթը այդ միջամտության ցայտուն դրսևորումն էր, որ բակային «ռազբորկաների» հարթակից շատ շուտով տեղափոխվեց ավելի ընդգրկուն հարթություն, երբ տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական ընտրություններում թաղային հեղինակությունների «ինստիտուտը» դարձավ վճռորոշ դերակատար: Հետաքրքիրն այն է, որ «անկախացած» Հայաստանի յուրաքանչյուր հաջորդ իշխանություն «տղա բերելու» իր մարտավարությունը ներմուծեց քաղաքական դաշտ՝ անփոփոխ թողնելով դասական ռազմավարությունը՝ նպատակն արդարացնում է միջոցները:
Տարօրինակ կլիներ, եթե կյանքի դպրոցը 3-րդ մասում ավարտած իսանամեկը, որ այսօր գործադիր իշխանության ղեկին է, ընտրություններից ամիսներ առաջ «տղա բերելու» իր մարտավարությունը գործի չդներ՝ ներսինների հետ դրսիններին էլ խաղի մեջ ներքաշելով: Ընդ որում, եթե ներսինների մեջ շեշտը դրվել է ռաբիս ընտրազանգվածի վրա (պատահական չեն ռաբիս լսելու ու դրա տակ տռճիկ տալու տեսարանները), դրսիններից նախապատվությունը տրվել է եսվրոպացի տղերքին, որոնց, ի դեպ, աղջկերքն են կառավարում՝ ի դեմս էստոնուհի, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և գերմանուհի, ԵՄ գործադիր մարմնի ղեկավար ՈՒրսուլա ֆոն դեր Լայենի: Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեին երրորդմասցի «ճշտով» տղերքը, եթե լսած լինեին Եվրախորհրդարանի ամբիոնից Հայաստանը ներկայացնողի, այսպես կոչված, ելույթը: Չէի՞ն ասի՝ տո, այ բերանից… թուլ, դու պետության ղեկավար ե՞ս, թե՞ մարդաթող կնիկ, որ գնացել տանդ եղած-չեղած կեղտն ես խալխի աչքը խոթում: Կասեին, դեռ մի եվրաերկնաքեր հիշոց էլ կկապեին պոչից: Բայց եվրոպացիք հո անկիրթ չե՞ն, հերիք չի՝ ծափ տվեցին, դեռ խոստացան էլ, որ կգան-կխառնվեն, չեն թողնի ուրիշ տղերք նեղը գցեն իրենց պահած տղուն:
Ասա՝ տղա բերել-բերել էր, գոնե էն Վիկտորին ու Ռոբերտին բերեիր՝ Հունգարիայի ու Սլովակիայի վարչապետներ Օրբանին ու Ֆիցոյին: Նույն Եվրախորհրդարանի դահլիճից դուրս, լրագրողների առաջ, էդ ի՜նչ «սառը կլիզմա» արեցին Ուրսուլային ու Կայային, սրանց թևի տակ դիվանագիտություն անող տղերքին, անդրօվկիանոսյան տերերին էլ հետը: Դուք՝ ասացին, դարձել եք կանաչ ֆուտբոլկայով ուկրաինացու գնդակը, ոնց ուզում՝ տշում է, 500-միլիոնանոց Եվրոպային էլ հետը: Ձեր սանկցիաները Եվրոպայի նախկին ժանդարմին շնչահեղձ չարեցին, բայց ձեր երկրներն արդեն շունչը փչում են էժան ռեսուրսների պակասից: Այս ի՞նչ եք դարձրել Եվրոպան՝ փնթփնթան պառավ, որ մի փութ շպարով էլ նախկին պչրուհու հմայքը հետ չի բերի: Կարող եք մեզ սև ոչխար համարել ձեր սպիտակ փարախում, բայց մենք մեր երկրների ձեռքը կրակը չենք ընկել, դուրս ենք գալիս էս արյունոտ խաղից:
Միամտություն կլիներ կարծել, թե կանաչ ֆուտբոլկայով ուկրաինացու հայկական կրկնօրինակը մտնելու էր եվրափարախ, սպիտակներին թողած սև ոչխարների ճակատը պաչեր ու հրավիրեր Հայաստան: Եվ խնդրեմ, ապրիլի սկզբին մի 10-15 հոգով գալիս են «սպիտակները», աղջիկ-պարոն Կալասն էլ՝ հետները: Մարտի 17-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը աչքալուսանքն արդեն տվել է. «ԵՄ արագ արձագանքման խումբը ժամանելու է Հայաստան՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար»: Էդ արտաքին միջամտողի անունն էլ թեև չեն շոշափում, բայց եփած հավն էլ գիտի, որ սրանց դողէրոցքը «ռուսական արջի» ահից է:
Մի տասը-տասնհինգ օր կուտեն-կխմեն, չի բացառվում, էն «Ուրախ ավտոբուսի» ուղևոր էլ դառնան, դեռ ռաբիսի տակ էլ ցատկոտեն: Այ թե զվարճալի փիար-կամպանիա կստացվի: Վերջում էլ խոստացած 15 միլիոն եվրոն կցնծան Հայաստանի վարչապետի աշխատակազմին ու Անվտանգության խորհրդի գրասենյակին, որ «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»: Իսանամեկին էլ հաց ու ջուր մի տուր, ասա՝ մանիպուլյացիա կառավարի: Աչքիս՝ եվրոյի հոտն առած ֆեյքերի ֆաբրիկան քիթ սրբելու ժամանակ չունենա մինչև ընտրություններ:
Չէ, ոնց գցում-բռնում եմ՝ ծանր օրեր են սպասվում նոթբուքի առաջ քնող-վեր կացող, վիրտուալ պայքարի գաղտնի մեթոդներ հորինող ֆեյսբուքահայերին: Անկախ նրանից՝ երրորդմասցի՞ են, թե՞ կենտրոնցի, գյումրեցի՞, թե՞ իջևանցի, ռաբի՞ս են լսում, թե՞ ջազ:
Իսկ ընտություններին մնաց 80 օր:
Լիլի Մարտոյան