Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Հին խոստումներ, նոր պատրանքներ

Հին խոստումներ, նոր պատրանքներ
16.03.2026 | 12:13

Հայաստանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում գնալով ավելի տեսանելի է դառնում մի վտանգավոր օրինաչափություն․ մեծ ուժերը հաճախ խոստումներ են տալիս փոքր ժողովուրդներին, սակայն այդ խոստումները իրականանում են միայն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք ծառայեցնում են իրենց քաղաքական շահերին։ Երբ շահերը փոխվում են, խոստումները պարզապես մոռացվում են։

Այսօր Եվրամիության բազմաթիվ պաշտոնյաներ փորձում են հայ հասարակությանը ներկայացնել Եվրոպան որպես փրկության ճանապարհ, որպես այն ուժը, որը իբր կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը, տնտեսական զարգացումը և քաղաքական կայունությունը։ Հայ հասարակությանը խոստացվում է եվրոպական ապագա, ներդրումներ, անվտանգության մեխանիզմներ և նույնիսկ պատմական արդարության հեռանկարներ։ Սակայն այս խոստումների մեջ հաճախ ավելի շատ քաղաքական քարոզ կա, քան իրական երաշխիքներ։

Պատմությունը հայերին արդեն տվել է նման փորձ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եվրոպական տերությունները հայերին նույնպես խոստանում էին աջակցություն, արդարություն և ազատություն։ Հայերին ներկայացվում էր, թե միջազգային դաշինքը կանգնած է նրանց կողքին, և որ վերջում հաղթանակը բերելու է արդար լուծումներ։ Բայց երբ պատերազմի ավարտին աշխարհաքաղաքական շահերը փոխվեցին, նույն այդ ուժերը հեշտությամբ հրաժարվեցին իրենց խոստումներից։ Արդյունքում Հայաստանը մնաց միայնակ՝ ծանր հետևանքների առաջ։

Այսօր կրկին նույն տրամաբանությունն է երևում։ Մինչ Հայաստանը դեռ գոյություն ունի որպես պետություն և տարածաշրջանային հաշվարկներում ունի որոշակի նշանակություն, նրան կարելի է խոստումներ տալ, հույսեր ստեղծել և հասարակական սպասումներ ձևավորել։ Սակայն եթե իրավիճակը փոխվի, միշտ կգտնվի արդարացում՝ «մենք ցանկացանք օգնել, բայց չկարողացանք», «միջազգային իրավիճակը փոխվեց», «մյուս ուժերը խանգարեցին»։

Մեծ քաղաքականության մեջ պատասխանատվությունը հաճախ փոխարինվում է բացատրություններով։ Եվ երբեմն պատմությունը կրկնվում է ոչ թե պատահաբար, այլ որովհետև փոքր ժողովուրդները կրկին հավատում են նույն խոստումներին։

Հայաստանի համար այս ամենից բխում է պարզ դաս․ պետության անվտանգությունը չի կառուցվում արտաքին խոստումների վրա։ Այն կառուցվում է սեփական ուժի, ազգային համախմբման և իրատեսական քաղաքական հաշվարկի վրա։ Որովհետև պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ մեծ ուժերի խոստումները կարող են շատ գեղեցիկ հնչել, բայց դրանց գինը հաճախ վճարում են փոքր ժողովուրդները։ Հետևաբար Հայաստանի համար ամենակարևոր հարցը պետք է լինի ոչ թե այն, թե ով ինչ է խոստանում դրսից, այլ այն, թե ինչպիսի պետություն է կառուցվում ներսում և ինչպիսի ռազմավարություն ունի ազգը սեփական ապագան պաշտպանելու համար։ Քանի որ պատմությունը սովորեցնում է մեկ պարզ բան․ խոստումները հեշտ են տրվում, բայց պետությունները պահպանվում են միայն ուժով և պատասխանատու քաղաքականությամբ։

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ