Իրանի դեմ պատերազմը գնում է լարվածության մեծացման երկու ուղղությամբ՝ միջուկային հարվածների ակնարկներ և ցամաքային զորքերի մասնակի ուղարկում։
Իսրայելն ու Իրանը հարվածներ փոխանակեցին միջուկային օբյեկտների ուղղությամբ, ինչպես մենք կանխատեսում էինք ամիսներ առաջ։ Իսրայելը հարվածեց Բուշերի ատոմակայանին. հրթիռն ընկավ ռեակտորից ընդամենը 350 մետր հեռու։ Այսօր Իրանը պատասխանեց՝ հարվածելով Դիմոնա քաղաքին, որտեղ գտնվում է իսրայելական միջուկային ռեակտորը։
Ասելիքը շատ պարզ է. «Եթե դուք այդպես անեք, մենք էլ կանենք։ Եվ մենք կարող ենք»։ Սա բացառիկ դեպք է պատմության մեջ. որքան գիտեմ, միջուկային ռեակտորների մոտ հարվածները նախկինում երբեք չեն համարվել քայլ դեպի միջուկային պատերազմ։ Հիմա արդեն կհամարվեն։
Սա կարող է կանգնեցնել կողմերին, որպեսզի էլ չհարձակվեն միջուկային օբյեկտների վրա, կամ հակառակը՝ կարող է առիթ տալ Նեթանյահուին՝ սպառնալու Իրանին միջուկային զենքով։ Դա կլիներ շատ անպատասխանատու քայլ և կառաջացներ աշխարհի խիստ դատապարտումը։ Բայց մյուս կողմից, եթե նրան ներվեց 80,000 պաղեստինցու սպանությունը, գուցե նա գնա նաև այդ քայլին։
Երկրորդ վտանգավոր ուղղությունը ամերիկյան զորքերի տեղակայումն է Հորմուզի նեղուցի մոտ, ինչը նշանակում է ցամաքային պատերազմի սկիզբ։ Սա Ամերիկային կքաշի երկարատև կռվի մեջ ցամաքում։ Այսինքն՝ նոր Աֆղանստան և Իրաք։ Ամերիկացի զինվորները հեշտ թիրախ կդառնան իրանական հրթիռների ու դրոնների համար։ Զոհերի թիվն արագ կաճի, ինչն էլ մեծ քաղաքական ճնշում կստեղծի Թրամփի վրա։ Իսկ եթե հաջորդ խենթ քայլն անեն ու գրավեն Իրանի մեծ մասը, հետևանքներն ավելի վատ կլինեն։ Կսկսվի դիմադրություն, ինչպես Աֆղանստանում էր։ Կլինեն նույն մեթոդները՝ պայթյուններ, ահաբեկչություններ, հարձակումներ զինված խմբերի կողմից, և պատերազմը կտարածվի Իրաքի, Սիրիայի, Լիբանանի ու Եմենի վրա։
Երրորդ ուղղությունը տնտեսությունն է։ Այն բանից հետո, երբ ռմբակոծվեց Իրանի ու աշխարհի ամենամեծ գազի հանքը՝ Փարսը, Իրանը պատասխան հարվածներ հասցրեց Ծոցի երկրների (Սաուդյան Արաբիա, Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ) նավթի ու գազի օբյեկտներին։ Արդյունքում նավթի գները թռան վերև՝ անցնելով 110 դոլարը։ Եթե սա շարունակվի, ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ կսկսվի։
Թրամփի կառավարությունը սխալ էր հաշվարկել հետևանքները։ Նրանք հիմա ամեն կերպ ցույց են տալիս, որ այս փակուղուց ելք են ման գալիս։ Բայց եթե Թրամփը շարունակի կատարել Նեթանյահուի հրամանները և զորք ուղարկի, դա վատ վերջաբան կունենա բոլորի, այդ թվում՝ Թրամփի համար։
Արթուր Խաչիկյան