Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Պատերազմ Իրանի դեմ. օր 16-րդ

Պատերազմ Իրանի դեմ. օր 16-րդ
16.03.2026 | 14:10

ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանին։ Իրանը հարվածներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը։

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Ականատեսները հայտնում են, որ լսվում է «Շահեդին» բնորոշ ձայնը։

Մարտի 5-ի ֆոնդային շուկայի փլուզումից հետո, երբ DOE ինդեքսն անկում ապրեց 450 կետով, Թրամփը փորձում է ուժով բացել Հորմուզի նեղուցը և հանգստացնել շուկաները՝ ինդեքսներն ու նավթի գինը կայունացնելու նպատակով։

ԱՄՆ-ը ռմբակոծել է Խարք կղզին, որտեղ գտնվում է Իրանի նավթի արտահանման հիմնական տերմինալը։ Թրամփը պահանջում է, որ Իրանը բացի Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի 20%-ը, հեղուկացված գազի 25%-ը և պարարտանյութերի համաշխարհային առևտրի 35%-ը։

Իրանը թույլատրել է հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Ֆրանսիան և Իտալիան բանակցություններ են վարում Իրանի հետ՝ նեղուցով ազատ անցման շուրջ։

Պատերազմի սկզբից ի վեր նավթի գներն աճել են 40–50%-ով. Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 100 դոլարը մեկ գալոնի դիմաց և հասել 103 դոլարի։ Սա կարող է հանգեցնել պարենի և մնացած բոլոր ապրանքների գների աճի։ Ակնհայտ է՝ Թրամփը ձգտում է հանգստացնել շուկան՝ տնտեսական ճգնաժամը կանխելու նպատակով։

ԱՄՆ-ի ծովային հետևակայիններն ու ռազմանավերը տեղափոխվում են Մերձավոր Արևելք, CBS News-ին հաստատել է երկու պաշտոնյա։ Խմբավորումը պետք է ղեկավարի Ճապոնիայում տեղակայված USS Tripoli դեսանտային ուղղաթիռակիրը։ USS Tripoli-ի հրամանատարության տակ գտնվող միավորումը սովորաբար ունենում է մոտ 5000 նավաստի և ծովային հետևակային, որոնք բաշխված են մի քանի ռազմանավերի միջև։

ԱՄՆ-ի զինված ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկել Ուկրաինայի համար մշակված արհեստական բանականությամբ օժտված 10 հազար Merops որսացող ԱԹՍ՝ հայտնել է ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը, փոխանցում է Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է անօդաչու թռչող սարքերն օգտագործել, որպեսզի իրանական հարվածներից պաշտպանվելիս չվատնի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) թանկարժեք հրթիռային համակարգերը։

Թրամփը կոչ է արել դաշնակիցներին նավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ Մեծ Բրիտանիան դիտարկում է այդ հնարավորությունը։ Չինաստանը կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ Ֆրանսիան հրաժարվել է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց. նրա նավերը կմնան Արևելյան Միջերկրական ծովում։

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել պատերազմն այնքան, որքան կպահանջվի. նա հերքել է ԱՄՆ-ի հետ հրադադարի վերաբերյալ որևէ համաձայնագրի կնքումը։ Թրամփը պնդում էր, թե Իրանը պատրաստ է գնալ գործարքի։

Իրանը հայտարարել է, որ օգտագործում է իր նոր՝ «Սաջիլ» անվանումով բալիստիկ հրթիռները։

Ամերիկյան երկու ավիակիր՝ «Աբրահամ Լինքոլնը» և «Ջերալդ Ֆորդը», հեռանում են Իրանի ափերից։

Լիբանան

Իսրայելական զորքերը շարունակում են պատերազմը «Հեզբոլլահի» դեմ և գրավում են Լիբանանի ավելի ու ավելի շատ տարածքներ։ Ավելի քան 800 000 մարդ փախչում է իսրայելական ռմբակոծություններից։ Իսրայելական ուժերը հարձակվել են բժշկական կենտրոնի վրա՝ սպանելով 12 բուժաշխատողի։

Իրաք

Իրաքում պրոիրանական խմբավորումները հարձակվել են Բաղդադի մերձակայքում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի՝ «Վիկտորի» ճամբարի վրա։ ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին տարհանվել Իրաքից։ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Քիրքուքում պրոիրանական «Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի» («Հաշդ ալ-Շաաբի» / PMF) բազաներին։ Իրանը հարձակվել է Բաղդադի օդանավակայանի և Էրբիլի վրա։

Մարտի 15-ին տված հարցազրույցում դեմոկրատ սենատոր Վան Հոլենը հայտարարել է. «Թրամփը գաղափար չունի, թե ուր է տանում այս պատերազմը, իսկ պաշտպանության նախարարը գաղափար չունի, թե ինչ է անում։ Այս պատերազմն Ամերիկային և նրա դաշնակիցներին դարձնում է ավելի անպաշտպան»։ «Նեթանյահուն ասել է, որ 40 տարի սպասել է սրան։ Նրա բախտը բերել է, որ գտել է ԱՄՆ այնպիսի նախագահի, ով բավականաչափ հիմար և անխոհեմ գտնվեց սրան գնալու համար»։

«Չկար ոչ մի անմիջական սպառնալիք։ Իրանը չէր պատրաստվում հարձակվել ԱՄՆ-ի վրա։ Իրանը միջուկային զենք ստեղծելու շեմին չէր գտնվում։ Ոչ մի իրանական հրթիռ ի վիճակի չէ մոտենալ Միացյալ Նահանգների տարածքին»։

Պատերազմն օրական ավելի քան 1 միլիարդ դոլար է արժենում ԱՄՆ-ին։

«Թրամփը մեղադրել է Բարաք Օբամային այն բանի համար, որ նա ցանկանում էր պատերազմ սկսել Իրանի հետ, քանի որ վատ բանակցող էր։ Բայց Օբաման կնքեց ԳՀՀԾ-ն (JCPOA), իսկ Թրամփը խզեց այդ համաձայնագիրը»։

«Թրամփը չի կարողանում հստակ սահմանել իր ռազմավարությունը. այն անընդհատ փոխվում է»,- ասել է սենատորը։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 234

Մեկնաբանություններ