Արհեստական բանականության շատ կարևոր գիտական, տեխնոլոգիական և բիզնես պրոբլեմի ներկա վիճակը հասկանալու համար առաջինը ԱԲ-ի և մարդկային ինտելեկտի հիմնարար և սկզբունքային բնույթի տարբերությունները հասկանալն է։
Այդ ոլորտի հետ կապված ներկա էյֆորիան ունի բիզնես և ռազմաքաղաքական մրցակցային արմատներ, որոնք կապ չունեն նույն ոլորտի գիտական պրոբլեմների հետ, որոնց նպատակն էլ ԱԲ-ի և մարդկային ստեղծագործ ինտելեկտի հիմնարար բնույթի նմանություններն ու տարբերությունները պարզելն ու դրանց հստակ գնահատականներ տալն է։
Ինչ վերաբերում է ԱԲ-ի և մարդու նմանություններին, ապա դրանք իսկապես շատ են, որի բացատրությունն էլ շատ պարզ է, քանի որ դրանք մարդկային գործունեության ոչ ստեղծագործական ոլորտում են միայն, այսինքն, այն ոլորտում, որտեղ պրոբլեմների կոնցեպտուալ կողմը վաղուց հայտնի և հստակ է։
Ընդհանուր առմամբ, մարդկանց կողմից լուծվող պրոբլեմներն ունեն կոնցեպտուալ և տեղեկատավական կամ ինֆորմացիոն կողմ, որտեղ հաջողության հասնելու համար պետք է կոնցեպտուալ հստակություն և տեղեկատվական ու ինֆորմացիոն լրիվություն։
Եվ այն ոլորտներում, որտեղ դրանք կան, ԱԲ-ն սկզբունքորեն կարող է ունենալ շատ մեծ առավելություն մարդկանց նկատմամբ։
Մի խոսքով, այն ոլորտներում, որտեղ գործելու կանոնները, միջոցներն ու նպատակները հստակ են, միայն դրանցում ԱԲ-ն կարող է ունենալ առավելություն մարդկանց նկատմամբ։
Դա նշանակում է, որ ԱԲ-ն կարող է շատ լավ երաժշտություն գրել, շատ լավ նկարել, փայլփլուն ու կեղծ վիդեոներ ստեղծել, այսինքն, շատ լավ անել միայն այն, ինչի կանոնները հստակորեն հայտնի են։
Եվ ԱԲ-ն չի կարող անել այն, ինչի կոնցեպտուալ կողմն ու իրականացման կանոնները հստակորեն հայտնի չեն, որն էլ, առաջին հերթին, վերաբերում է մարդու ստեղծագործական պրոցեսին, որը, որևէ չլուծված պրոբլեմի մասին մտածելիս, սուբյեկտիվորեն ի մի է բերում այդ ոլորտում իր իմացած ամեն ինչը և փորձում դրանց միջոցով հին որակների կիսապատահական համադրումով ստանալ նոր ու անհայտ որակներ, որոնք կարող են դառնալ խնդրո առարկա պրոբլեմի լուծում, եթե դրանք համընկնում են հետապնդվող նպատակին։
Այսինքն, այստեղ հարցը որևէ պրոբլեմի շուրջ մտածելու ժամանակ շրջանառության մեջ մտցվող ինֆորմացիայի քանակը, որակն ու ցրվածությունն են և դրանք համադրելու ու նոր որակներ սինթեզելու ալգորիթմները։
Եվ այս պրոցեսում արմատական նշանակություն ունի այն հանգամանքը, թե ո՞րն է այն սկզբունքը, որով առաջնորդվելով, բնական ինտելեկտը տվյալ պրոբլեմը լուծելու ժամանակ մոտիկության կամ նմանության նկատառումներով շրջանառության մեջ է դնում առկա ինֆորմացիայի այս կամ այն միավորը, քանի որ հայտնի փաստ է, որ շատ հաճախ ստեղծագործական փայլատակմանն օգնում է, առաջին հայացքից, տվյալ պրոբլեմի հետ կապ չունեցող որևէ բան՝ պատահական բառ, լույսի շող, ուրիշի արտահայտած որևէ միտք և այլն։
Եվ հենց դա է, որ չունեն ԱԲ-ի ալգորիթմները, այսինքն, դեռևս հայտնի չէ ստեղծագործական պրոցեսի որևէ ունիվերսալ ալգորիթմ, ու հենց դա է այն բանի պատճառը, որ ԱԲ-ն կարող է կատարել մարդու արածի պարզ տեսակները միայն, որտեղ ամեն ինչ հանգում է պարզ համեմատություններին ու հայտնի կանոններին։
Հարցն ինքը շատ բարդ է, որտեղ սիրողական մոտեցումներն ընդհանրապես որևէ անելիք չունեն։
Պավել Բարսեղյան