Իշխանությունները հիմա էլ խոսում են Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացման հեռանկարի մասին: Անգամ սկսել են Թուրքիայի կառավարության հետ ներդրումային հարցեր քննարկել: Ասում են՝ պատրաստ ենք օր առաջ սկսել:
Այլ պայմաններում տվյալ նախաձեռնությունը թերևս կարելի էր ողջունել: Օրինակ՝ 2009-2010 թ. «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, երբ Թուրքիայում առկա էր էլեկտրաէներգիայի լուրջ պակասորդ, Հայաստանն էլ պատրաստ էր փակել դրա մի մասը: Ի վերջո, այդ ժամանակաշրջանում թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային միջավայրերը սկզբունքորեն տարբեր էին ներկայիս իրողություններից։
Այսօր իրավիճակը որակապես փոխվել է։
Թուրքիան ոչ միայն դինամիկ տեմպերով հաղաթահարում է էլեկտրաէներգետիկ պակասորդը, այլև ռազմավարություն է որդեգրել առաջիկա տարիներին զարկ տալ արտահանմանը, ներառյալ հարավկովկասյան շուկաները: Վերջինիս նախադրյալներն առկա են՝ հատկապես հաշվի առնելով
Թուրքիայում գեներացնող հզորությունների շարունակական աճը՝ Աքքույու ԱԷԿ, նոր ատոմային նախագծեր Սինոփում ու Ֆրակիայում, 750-ից ավել ՀԷԿ-եր և այլն:
Այս պայամաններում Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացումը մի բան է նշանակում՝ Հայաստանի վերածում նետտո-ներկրողի:
Այս միտումը լրացուցիչ խորանում է մի քանի ներհամակարգային գործընթացներով։
Դրանցից առաջինը Երևանի ընտրությունն է՝ հօգուտ փոքր մոդուլային ռեակտորի, որը երկարաժամկետ հեռանկարում փոխարինելու է բազային միջուկային հզորությունների ներկայիս մոդելը՝ նվազեցնելով համակարգի ինքնաբավության մակարդակը։
Երկրորդը արևային էներգետիկայի արագ ու քաոտիկ զարգացումն է, որը, ունենալով սահմանափակ արտահանման ներուժ և բարձր սեզոնային կախվածություն, չի կարող ապահովել բազային պահանջարկի կայուն ծածկույթ:
Երրորդը շուկայի ազատականացումն է, որը ստեղծում է բոլոր պայմանները արտաքին շուկաներից էլեկտրաէներգիա ներկրելու ու փաստացի Հայաստանի արտաքին կախվածությունն ավելացնելու համար:
ԵՄ-ն էլ հանդես է գալիս որպես այս ամենի ֆինանսական աջակից՝ պատրաստակամություն հայտնելով Հայաստանի էներգետիկայի «ապառուսիֆիկացման» նպատակով տրամադրել անհրաժեշտ միջոցները: Բնականաբար՝ վարկերի տեսքով:
Ակնկալվող արդյունքներ՝ պետական պարտքի ավելացում, էներգետիկ ինքնաբավության կտրուկ նվազում, անվտանգային նոր ռիսկեր:
Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր