«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 4

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 4
26.03.2026 | 12:42

Սկիզբը՝ այստեղ

Ամերիկա-սիոնիստական թշնամու գործողությունների արդյունքում երեկ դարձյալ հարված է հասցվել Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին: Հրթիռը կամ մարտական լիցքը, բարեբախտաբար, ԱԷԿ-ի առանցքային հանգույցներին չի դիպչել, այլ ընկել է ատոմակայանի տարածքում:

Եթե Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին ահաբեկչական պետություններ Իսրայելի, ԱՄՆ-ի հարվածները, ի վերջո, հանգեցնեն ռեակտորի պայթյունի, ապա երկրում Չեռնոբիլյան կամ նույնիսկ ավելի ահավոր աղետի կրկնությունը կլինի անխուսափելի: Ոչ միայն Իրանը մեծապես կտուժի, այլև լրջագույն վտանգի տակ կհայտնվեն Մերձավորարևելյան ողջ տարածաշրջանը, ավելին՝ Մեծ Մերձավոր Արևելքի մի ահագին մասը, ներառյալ՝ Հայաստանը: Ինչպես արդեն նշել ենք, Բուշերի ԱԷԿ-ի հեռավորությունը Հայաստանի պետական սահմանից ընդամենը 1183 կիլոմետր է, Երևանից 1376 կմ:

Ավելի վաղ արդեն իսկ նշել ենք, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտներից Հայաստանի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է հենց Բուշերի ԱԷԿ-ում տեխնածին վթարը: «Բուշեր» ԱԷԿ-ն առաջին ատոմային էլեկտրակայանն է Իրանում և ամբողջ Մերձավոր Արևելքում։ Կառուցվել է ՌԴ-ի հետ համագործակցությամբ «խաղաղ ատոմ» ծրագրի շրջանակներում։ Կայանում աշխատում են ռուս մասնագետներ, որոնց Ռուսաստանն այժմ տարհանում է: Ինչպես այսօր տեղեկացրել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, Բուշերի ԱԷԿ-ից տարհանվել է 163 մասնագետ, ԱԷԿ-ում դեռ մնում է մոտ 300-ը:

««Մենք ժամանակավորապես, մինչև իրավիճակի կայունացումը, մեր մասնագետների թիվն այնտեղ կրճատում ենք մինչև նվազագույնի,- ասել է Լիխաչովը:- Մեր տղաների առողջությունն ու կյանքը բոլորի համար առավելագույն առաջնահերթություն են»:

Ամերիկա-իսրայելական ագրեսորները «Բուշեր» ԱԷԿ-ին մարտի 17-ին հարվածելուց հետո, երեկ երկրորդ անգամ են հարվածել ատոմակայանին: Այս մասին հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ): Տեխնածին աղետից ու զոհերից այս անգամ ևս հաջողվել է խուսափել:

«Ամերիկա-սիոնիստական թշնամու թշնամական գործողությունների արդյունքում ժամը 21:08-ին (Մոսկվայի ժամանակով 20:38-ին) «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքում արկ է ընկել։ Ըստ նախնական գնահատականների, որևէ նյութատեխնիկական վնաս չկա, ինչպես և զոհեր, կայանի տարբեր մասերին վնաս չի հասցվել»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ, նշված է ԻԱԷԿ -ի հայտարարության մեջ:

«Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ այսօր ևս մեկ հրթիռ է հարվածել «Բուշեր» ԱԷԿ-ի հարթակին։ Իրանի տեղեկատվության համաձայն կայանին և նրա անձնակազմին վնաս չի հասցվել, ԱԷԿ-ի վիճակը նորմալ է»,- նշված է X սոցիալական ցանցում ՄԱԳԱՏԷ-ի հրապարակման մեջ:

Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել պահպանել առավելագույն զսպվածություն՝ հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության ռիսկերից խուսափելու համար: Դեռ մարտի 17-ին Բուշերի ԱԷԿ-ի տարածքին հասցված հարվածից հետո Գրոսին դարձյալ իրավիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություն էր և կոչ արել հաշվի առնել հարձակումների հնարավոր հետևանքները տարածաշրջանի միջուկային անվտանգության համար:

«Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ ոչ մի միջուկային օբյեկտ հարձակման չպետք է ենթարկվի»,- ասել էր Գրոսին:

««Բուշեր» ԱԷԿ-ի հարթակում իրավիճակը շարունակում է զարգանալ բացասական սցենարով,- հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը։- Երեքշաբթի երեկոյան, Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին կրկին հարված է հասցվել այն տարածքին, որը գտնվում է գործող թիվ 1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ։ Բարեբախտաբար, զոհեր չկան»:

Լիխաչովը մարտի 17-ին «Բուշեր»-ի տարածքում հասցված հարվածից հետո տեղեկացրել էր, որ հարվածը հասցվել է չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին, որը գտնվում է «Բուշեր» ԱԷԿ-ի արդյունաբերական հարթակում՝ գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ: Նշել էր նաև, որ ռուսական անձնակազմի շրջանում տուժածներ չկան: Լիխաչովն ընդգծել էր, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է հարձակումը և հակամարտության կողմերին կոչ է անում ապաէսկալացնել իրավիճակը ատոմակայանի շրջանում:

«Մեր սկզբունքային դիրքորոշումը. միջուկային էներգետիկայի գործող օբյեկտների ուղղությամբ կրակ վարելը միջազգային անվտանգության առանցքային կանոնների և սկզբունքների աղաղակող արհամարհանք է»,- հայտարարել էր նա:

ԻԱԷԿ-ը, ՄԱԳԱՏԷ-ն, «Ռոսատոմ»-ն, այո, անթույլատրելի են համարել միջուկային օբյեկտին հարվածը, զգուշացրել դրա հետևանքների մասին, բայց, ինչպես ասում են, ձայն բարբառո անապատի: Ահաբեկչական պետություն Իսրայելը և սիոնիստական պետության գործիք ԱՄՆ-ը ոչինչ հաշվի չեն առնում, իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լկտիաբար հայտարարել է, որ ինչ ցանկանա, այն էլ կանի:

Իրանական ԱԷԿ-ի մոտ կրկնակի հարվածների ռիսկը շարունակում է բարձր մնալ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին. այս մասին դեռ մարտի 18-ին «Известия»-ին հայտարարել էր քաղաքագետ Դմիտրի Բրիջեն։ Ուղիղ 6 օր հետո նրա խոսքը հաստատվեց:

«Սա այլևս պարզապես պատերազմի դրվագ չէ, սա Մերձավոր Արևելքում միջուկային ռուլետկայով խաղ է»,- ասել էր Բրիջեն։

«Բուշեր» ատոմակայանին լայնածավալ հարվածը կարող է հանգեցնել վթարի, որի հետևանքները կյանքի համար ոչ պիտանի կդարձնեն ողջ Մերձավոր Արևելքը. այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում պատմել է ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը։

«Եթե միջուկային վտանգ և տեղանքի վարակվածություն առաջանա, այնտեղ կդադարեն ապրել և՛ արաբները, և՛ հրեաները,- պարզաբանել է փորձագետը։-Այսինքն՝ Մերձավոր Արևելքն ամբողջությամբ շարքից դուրս կգա և կդառնա ոչ պիտանի կյանքի համար։ Դա անմիջապես կհանգեցնի ժողովուրդների վերաբնակեցման։ Դա կլինի համաղետ»:

Քաղաքագետ Սոլոննիկով. Թրամփը կգնա մինչև վերջ, նրան պետք է Իրանի պարտությունը: Եվ հիմա հարց է առաջանում՝ քանի՞ րոպե է մնացել Մերձավոր Արևելքի միջուկային ապոկալիպսիսին:

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է վերածվել միջուկային աղետի, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը չդադարեն հարձակվել Իրանի ատոմակայանի վրա: Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը ոչնչացնելու պատրվակով դաշնակիցները կարող են հրահրել երկրորդ Չեռնոբիլը։

ԱՄՆ- ը և Իսրայելը պատերազմ սանձազերծեցին Մերձավոր Արևելքում՝ Իրանին միջուկային ներուժից զրկելու պատրվակով, իրանցիներն իբր միջուկային մարտագլխիկներ են ստեղծում, որոնք հետո կուղղվեն Նահանգների դեմ։ Քաղաքագետ, Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը 360.ru-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ամերիկացիներն առաջին անգամ չէ, որ դիմում են տվյալ մեթոդին՝ մեղադրել երկրին, հարձակվել նրա վրա՝ չունենալով դրա հիմքերը։ Նման բան տեղի ունեցավ Իրաքի հետ, որին մեղադրում էին քիմիական զենք ստեղծելու մեջ։ Եվ միայն 20 տարի անց նրանք ընդունեցին, որ դա ճիշտ չէր: Նույնը՝ Իրանի միջուկային զենք ստեղծելու ծրագրի առնչությամբ:

20 տարի անց ԱՄՆ-ում խոստովանում են, որ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ իրենց եզրակացությունը նույնպես ճիշտ չէ, և որ դրանք հիմնված են եղել ոչ հավաստի հետախուզական տվյալների վրա, բայց Իրանի իշխող վարչակարգը, ռազմական ներուժը ոչնչացնելու և Իսլամական Հանրապետության հարստություններին տիրելու նպատակով հարձակումն արդեն սկսված է:

Սոլոննիկովը նշել է, որ ԱՄՆ-ը չի խուսափի միջուկային իզոտոպներով վարակել Իրանի և հարակից երկրների տարածքը, ինչպես ժամանակին արել է նախկին Հարավսլավիայի տարածքի հետ (նկատի ունի աղքատացված ուրան պարունակող արկերով հարվածների հետևանքով Հարավսլավիայի տարածքի ռադիոակտիվ աղտոտումը):

«Միացյալ Նահանգները կարող է դա նորից անել, ոչ մի բարոյական սահմանափակում այնտեղ չի եղել և չկա։ Եթե նրանք Եվրոպայում տարածքը վարակել են միջուկային նյութերով, ապա դա կարող են անել նաև Իրանում։ Ո՞րն է տարբերությունը: Իրանցիների կյանքը ոչ մի կերպ հետաքրքիր չէ ԱՄՆ-ի նախագահին»,- հայտարարել է քաղաքագետը։

Սոլոննիկովը հիշեցրել է սպանված իրանցի աղջիկների մասին, որոնք կապ չունեին Իրանի միջուկային ծրագրի հետ։ Ուստի ԱՄՆ-ը դժվար թե բարոյական սահմանափակումներ ունենա «Բուշեր» ԱԷԿ-ին հարվածելիս, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում միջուկային աղետի։

Նշելով, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներկայիս պատերազմը մտադիր է հաղթել ամեն գնով, փորձագետն ասել է, որ անցյալ տարի Իրանի հետ 12-օրյա հակամարտությունը ոչնչով ավարտվեց, ինչը Թրամփի համար վատ է, ուստի նա այժմ լիովին կապացուցի, որ ինքը «մեծ Թրամփն» է և կարող է ջախջախել ցանկացած պետություն, այդ թվում՝ Իրանը:

«Եթե զգացողություն լինի, որ այլ կերպ հաղթանակի հասնել հնարավոր չէ, ուրեմն սադրանք կլինի միջուկային օբյեկտներին հարվածներով, այնպես, որ իրանական տարածքը վարակված լինի միջուկային նյութերով,- ասել է Սոլոննիկովը։- Թրամփը բարոյապես այստեղ ոչնչի առաջ կանգ չի առնի, Թրամփը կգնա մինչև վերջ»:

Քաղաքագետի կարծիքով, Իրանը երկու ելք ունի՝ ԱՄՆ-ին տեխնիկական պարտություն հասցնելը, կամ սպանված ամերիկացիների քանակով անընդունելի վնաս հասցնելը, որպեսզի Կոնգրեսին միջամտելու և Թրամփի սադրանքը կանգնեցնելու առիթ տա:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.facebook.com/yerkir.am/videos/731677636060797/

https://www.facebook.com/reel/1544326013788296

Դիտվել է՝ 754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ