«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

Մայրն՝ Աստված

Մայրն՝ Աստված
12.03.2026 | 12:16

«Աստված չի կարող միաժամանակ ամեն տեղ լինել, այդ պատճառով էլ մայրերին է ստեղծել»։

(հայկական ասացվածք)

Իր արարած հրաշքի դեմ

Տերը մի պահ մնաց ապշած․

Հսկել էր պետք հիմա արդեն․

Անծի՜ր աշխարհ, ու մի Աստված։

Բայց հրաշքից հրաշքն էլ կար՝

Մարդը՝ խոհուն ու բանական․

Ղեկը պիտի հենց նրան տար,

Ինքն էլ հանգիստ հսկեր վրան։

Ու․․․վրիպեց Տերն ակամա․

Ի՜նչ իմանար, որ մարդն ագահ,

Զանց առնելով պատիժ ու մահ,

Պիտի նյութին գերի դառնա։

Եվ շատ չանցած՝ երկինք հասավ

Անե՜ծք, մռու՜նչ, ողբ ու կակա՜ն,

Մի պահ նայեց ապշեց Աստված,

Սոսկաց․ դժոխք էր իսկական։

Փրկության կա՜նչ, աղե՜րս, աղո՜թք․

Իր արարած հրաշքն ա՞յս էր՝

Արյու՜ն, արցու՜նք ու մահվան բո՜թ,

Մարդ մարդու դեմ գայլ էր ասես։

Ինչպե՞ս փրկեր ինքն ամենքին

Միանգամից՝ հենց նույն պահին,

Պիտի գտներ գոնե մեկին,

Ով խիղճ ուներ աստվածային։

Հիշեց՝ կին էր ինքն ստեղծել,

Որ մայր դառնար ու սերունդ տար,

Թե որ կյանքը դեռ չէր եղծել,

Նա՛ պիտի միշտ խոնարհ մնար։

Ու ցած նայեց Տերը մոլոր,

Տեսավ մանկան օրոցքի մոտ

Մայրը, արթուն գիշեր ու զօր,

Հսկում էր լուռ՝ շուրթին աղոթք։

Նա էր պահում օջախը վառ՝

Հոգսը ուսած միշտ անտրտում,

Լուռ տագնապով, համբերատար՝

Ցավը կիսում հիվանդ որդու։

Մայրն էր պատրաստ հանուն նրա՝

Թշնամու դեմ դուրս գալ մենակ,

Նա Աստված է երկրի վրա՝

Բարություն ու գութ անհատակ։

Նայեց, ցնծաց Աստծո հոգին՝

Մա՜յր՝ հորդացող կյանքի աղբյու՜ր․․․

Էլ որտեղի՞ց գտներ մեկին,

Որ և՛ կյանք տար, և՛ սիրո հուր։

Առանց նրա՝ օջախն ավեր,

Առանց նրա՝ էլ ի՞նչ աշխարհ,

Աստված ինքն էլ սրտանց կուզեր

Աստվածածին հենց նա՛ դառնար։

Ու այդ օրից Մայրը եղավ

Աստծո օրհնած Աջն օգնական,

Որի առաջ ծունկի եկավ

Ամենազոր Տերը անգամ։

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

11․ 03․ 2018թ․

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ