(չհորինված զրույցների շարքից)
Բարին ըլլա ամենեցուն, կարդացողաց ու լսողաց:
Եվ ապուրին մեջ ամենուն մսի կտոր մը թող լողա...
Նախորդ օրը Ներսես-ախպարի կրպակին քով մսագործին հանդիպեցա:
Դե գիտեք, միսն էլի թանկացել է: Չնայած, այդ ե՞րբ էր էժանացել, որ մի հատ էլ՝ «էլի թանկացել է»: Հա, բայց վերջին տարիներին անդադար թանկանում է: Էս վերջերս՝ էլի: Տնտեսագետները, ֆերմերները պատճառներ են բերում, թե՝ ինչո՛ւ: Դեֆիցիտ է, ասում են: Անասնագլխաքանակն է կրճատվել: Նկատելի:
Չնայած, երբ «ուրախ ավտոբուս» են ցուցադրում, կարծես, պիտի որ ավելացած լիներ: Համ էլ հիմա պահքի շրջան է, ի՜նչ միս:
-Միսը թա՞նկ է, կանաչի կերեք: Խոզի բուդը թա՞նկ է, պեռաշկի կերեք...
Չէ՛, սա ուրիշ կերպար պիտի ասեր, ուրիշ հակահերոս ու հաստա՛տ՝ ոչ այստեղ:
Մի խոսքով, մսագործին հանդիպեցա:
-Հըն, չծխե՞նք մի-մի հատ:
-Ծխե՛նք:
-Ի՞նչ կա քաղաքական դաշտերում:
-Նույն խելագարությունն է:
Կարճ դադարից և ծուխ արտաշնչելուց հետո, իմ արձագանքը սքանավորող հայացքով, մսագործը թե՝
-Էն օրը Քոչարյանի ելույթը լսեցի,- պաուզա, ծուխ, պաուզա:
-Ո՞ւ...
-Ու լավ կլիներ, որ ինքը երկիրը ղեկավարեր: Ճիշտ ասաց՝ ղեկավարը սիրելու համար չի: Սիրելու համար ուրիշ բաներ կան: Ի՞նչ ես կարծում, կլինի՞:
-Լավ կլիներ, իհարկե: Բայց առաջնահերթ կարևորը, որ սրանք գնան:
-Հա, մեղք ա էս մեր խալխը: Ժողովուրդը պիտի ապրի,- ծուխ, պաուզա,- եթե սրանք մնան, ժողովուրդը կորած ա: Մեր քթի տակ կռիվ-պատերազմ ա, աշխարհն իրար ա խառնվել, սա կուկուռուզ ա ուտում, պեռաշկի, բրդուճ, չգիտես՝ ինչ...
Քաղաքական և իրադարձային անցուդարձից սահուն անցնում ենք առօրյա-կենցաղային-գործնականին:
Զրուցակիցս, ժամանակ առ ժամանակ հայացք է գցում դեպի խանութ-կրպակի խորքը՝ ստուգելու համար. մսի բաժնին մարդ մոտեցե՞լ է: Համոզվելով, որ ոչ ոք իրեն չի սպասում, հայացքով «վերադառնում» է զրույցին:
-Ո՞նց է վիճակներդ,-հարցնում եմ,-գործն առաջ գնո՞ւմ է:
Դառը քմծիծաղում է.
-Հա, բա: Չես տեսնո՞ւմ, գործս էնպիսի թափով է առաջ գնում, որ էստեղ կանգնած հետդ ծխում եմ ու ինտերվյու տալիս:
Քեզ թվում է, թե ես մսավաճա՞ռ եմ...
-Դե՜...,-անորոշ-սպասողական ծոր եմ տալիս, ենթադրելով, որ մարդն իր «դիպլոմային» կրթության մասին է խոսելու, և չարաչար սխալվում եմ:
-...Ես ի՞նչ մսավաճառ հիմա: Ես, ախպեր ջան, սեմուշկա ծախող եմ: Սեմուշկա՛: Բա դա մսավաճառի գո՞րծ ա. 200 գրամ, 150 գրամ, 300 գրամ...
Չէ, ախպեր ջան, էսպես մսավաճառություն չի լինում: Էդպես միս չեն առնում:
-Դե թանկացել է:
-Թանկացե՜լ է... Գյուղատնտեսությունն են վարի տվել: Գյուղատնտեսություն չկա՛: Նենց են արել, որ մարդուն էլ ձեռ չի տալիս իր տավարն ու ոչխարը: Տնտեսությունն են վարի տվել. մարդկանց ձեռը փող չկա: Քյասիբ ա ժողովուրդը: Ի՞նչ միս: Վերմիշելին ու ձեթին ա հերիքացնում: Մի՜ս:
Մարդիկ կան, գալիս, նայում, նայում, աչքերով «ուտում» են ու... գնում:
Տե՛ս, գյուղացին հողն ու դաշտերը թողնում, գալիս ա քաղաք, շինարարության վրա աշխատելու: Ասենք, մի 300-400 հազար դրամ առավ: Դրա կեսը իրա ճամփի ծախս, պերերիվ, պապիրոս: Եթե հեռու գյուղից է, սենյակի վարձ: Տակը մնում ա մի 200 հազար, էն էլ մինչև տուն ա հասնում՝ պրծնում ա: Հետո՝ հողի հարկ, էս էն: Ու ինքն էլի էն չունևորն ա, իսկ հողը անմշակ կամ կիսամշակ, անասուններն էլ մորթել ա, որ վարկերը փակի: Կամ էլ՝ ավելի վատ, կամ էլ հանդերի գլխին թուրքն ա նստած, կամ էլ...
Էս ա սրանց ամբողջ տնտեսությունը:
Թե բա՝ երկիր ենք ղեկավարում: Էդ ո՞րն ա. կուկուռուզ ենք կրծում: Եթե երկիր ղեկավարելը ավտոբուսի մեջ կուկուռուզ կրծելն ա ու մարդկանց վրա գոռգոռալը, էդ ով ասես՝ կարա անի: Բայց դա գործ չի: Բառաբանշիկ ես, գնա՛, բառաբանդ խփի: Իսկ մեր ժողովուրդը ուզում ա ապրել:
Էդքան բան:
Արմեն Հակոբյան