«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Ինչու՞ մեր աստվածատուր երկիրը, որը պետք է դրախտավայր լիներ բոլորիս համար, դարձավ ընդամենը մի քանի հոգու զվարճավայր

Ինչու՞ մեր աստվածատուր երկիրը, որը պետք է դրախտավայր լիներ բոլորիս համար, դարձավ ընդամենը մի քանի հոգու զվարճավայր
24.03.2026 | 12:29

Անպատասխան հարցերի սիմֆոնիա, ուր հարցերը լռություն են երգում

Անպատասխան հարցերի սիմֆոնիա, ուր հարցերը լռություն են երգում։

Ինչո՞ւ մենք այսքան փոքրացանք ու խեղճացանք։ Ինչո՞ւ մեր աստվածատուր երկիրը, որը պետք է դրախտավայր լիներ բոլորիս համար, դարձավ ընդամենը մի քանի հոգու զվարճավայր։

Մենք ունեինք ամեն ինչ՝ փոքր, բայց սուրբ տարածք, ահռելի ներքին ու արտաքին ռեսուրսներ և պատմական բացառիկ շանս՝ Արցախը վերջնականապես հայացնելու և շենացնելու։ Ինչո՞ւ մեկ ակնթարթում մսխեցինք ամեն ինչ՝ կյանքեր, ճակատագրեր, հիշողություններ ու հաղթանակներ։

Ինչո՞ւ այսպես ստացվեց։

Ինչո՞ւ Վիկտոր Համբարձումյանի տիեզերական մտքի, Պարույր Սևակի զարթոնքի, Կոմիտասի սուրբ հնչյունի ու Նարեկացու աղոթքի ժողովուրդն ընտրեց երկրաշարժի փլատակների արմատուրան, եկած օգնությունն ու կանգուն գործարանները թալանողներին։

Ինչո՞ւ Լեոնիդ ու Մոնթե ծնած ազգը հանդուրժեց նրանց, ովքեր երկրի պարիսպն ամրացնելու փոխարեն սեփական առանձնատների պատերը բարձրացրին։ Ինչպե՞ս ստացվեց, որ քրտինքով վաստակողը հացի կարոտ մնաց, իսկ ուրիշի քրտինքով ապրողը՝ ճոխության մեջ լողաց, ինչպե՞ս եղավ, որ ճշմարտությունը խոսողները լռեցվեցին, իսկ ստի վաճառականները ամբիոններ բարձրացան, ինչպե՞ս ստացվեց, որ հողը մշակողը սոված մնաց, իսկ հողը ծախողը՝ սեղանի վերին գլխին բազմեց, ինչպե՞ս ստացվեց, որ խիղճ ունեցողը բեռի տակ կքեց, իսկ խիղճը ծախողը՝ բարգավաճեց, ինչպե՞ս եղավ, որ հայրենիք կերտողները մոռացության տրվեցին, իսկ հայրենիքի հաշվին ապրողները՝ մեդալներով զարդարվեցին, ինչպե՞ս ստացվեց, որ լույս տվող մոմը հալվեց ու մարեց, իսկ ստվերում դարանակալածը՝ հավերժության հավակնեց։

Ինչո՞ւ մենք մեր իսկ ձեռքով մեր աչքը հանեցինք՝ հեգնելով կրթությունը, ապականելով մեր մշակույթն ու թերագնահատելով սեփական ուժը։

Մենք՝ առաջին քրիստոնյա ազգս, ինչպե՞ս այսօր նախընտրեցինք հուդայականությունը, ուրացումն ու սեփական պատմության ու ողբերգության ժխտողականությունը։ Ինչո՞ւ հնազանդվեցինք, տրվեցինք ու կրվեցինք օտարին...

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները փնտրելու ճանապարհին մենք մոլորվեցինք։ Մենք ունեցանք ղեկավարվողներ, բայց այդպես էլ չունեցանք մի առաջնորդ, ով կղեկավարեր հանուն հայրենիքի, այլ ոչ թե հանուն սեփական և յուրայինների կալվածքների։ Ինչո՞ւ մենք համարձակություն չունեցանք ախտորոշվելու, բժշկվելու, քաղցկեղածին բջիջներից ազատվելու։

Ինչո՞ւ մենք դարեր շարունակ սովորեցինք լինել լավ ընտանիքի հայր, լավ արհեստավոր կամ գիտնական, բայց այդպես էլ չսովորեցինք լինել պետության և իշխանությունից պահանջատեր քաղաքացի, ով ոչ միայն պատասխանատվություն կկրեր իր տան դռնից ներս, այլև երկրի սահմանի ու հանրային շահի համար։

Վստահ եմ՝ քանի դեռ մեր երկրում անհատական շահը գերակա է հավաքականից, իսկ քաղցր սուտը գերադասելի դառը ճշմարտությունից, դրախտավայրը միշտ մնալու է որպես երազանք, իսկ զվարճավայրը՝ դառը իրականություն։

Եվ վերջապես, ինչո՞ւ «Միացո՜ւմ» գոռալով երկրի ղեկին հայտնվածը վերջում կանգնեց ու ասաց՝ «Տղա եք՝ մի տվեք», ինչո՞ւ իբր Պուտինի ընկերը չկարողացավ ընկերոջ միջոցով փրկել սեփական ծննդավայրը` փոխարենը գերադասելով փրկել սեփական կալվածքը, ինչո՞ւ շախմատիստը մանկական մատ եղավ մեծ ուժերին, և վեջապես ինչպե՞ս մամուլի լրագրողին հաջողվեց այսքանը մարսել...

Հարցեր, հարցեր ու էլի հարցեր... իսկ պատասխանը մեկն է՝ մենք դեռ չենք ախտորոշվել...

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 294

Մեկնաբանություններ