ՀՀ ոստիկանությունը շահախարդա՞խ է (աֆերիստ)
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանում ավտոմեքենա է գնում: ՀՀ ներքինգործերի նախարարությունում` Հաշվառման-քննական ստորաբաժանումներում, վերջինիս ավտոմեքենան հաշվառում են միայն մեկ դեպքում, այն է` օտարերկրյա քաղաքացին պետք է ներկայացնի ՀՀ-ում գրանցված վարորդական իրավունքի վկայական: Եթե օտարերկրյա քաղաքացին չի ներկայացնում իր կամ այլ անձի ՀՀ-ում գրանցված վարորդական իրավունքի վկայական, ապա վերջինիս` ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը չի գրանցվում: Դա նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացու օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականը Հայաստանը չի ճանաչում:
Վերջերս մի դեպք եղավ: Իրավախախտում կատարելու համար օտարերկրյա քաղաքացուն, որի վարորդական իրավունքի վկայականը չի ճանաչվել, տուգանում են: Որոշումն ուղարկում են օտարերկրացու փաստացի հաշվառման հասցեով: Բացի դրանից` ըստ որոշման բովանդակության, օտարերկրյա քաղաքացուց երկու տուգանային միավոր են հանում:
Փաստորեն, ոստիկանությունը երկակի ստանդարտներ է կիրառում: Մի կողմից` օտարերկրյա քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները չի ճանաչում և, ըստ այդմ, չի գրանցում վերջիններիս սեփականության իրավունք հանդիսացող ավտոմեքենաները, մյուս կողմից` նույն օտարերկրացիներին տուգանում է և տուգանային միավորներ հանում:
Անհասկանալի է, չէ՞: Եթե չկա վարորդական իրավունքի վկայական, ապա ի՞նչ «կարմիր լույս», ի՞նչ «ամրագոտի» կամ ի՞նչ «արագություն»: Ամենազավեշտալին` եթե չկա վարորդական իրավունքի վկայական, ապա ի՞նչ «տուգանային միավորներ»: Սրանց տրամաբանությամբ` տարեկան 13 տուգանային միավորների լրացման դեպքում, ենթադրենք` Մոզամբիկի կամ Հնդկաստանի քաղաքացուն կարելի զրկել իր պետության կողմից տրված վարորդական իրավունքի վկայականի՞ց:
Չգիտե՞ն սրանք այս ամենը: Վստահ եմ` գիտեն: Սակայն, որոշում են կայացնում և տուգանում: Գժականով: «Կպնի»` լավ է, «չկպնի»` ի՞նչ արած: «Օդից» գումար ստանալը վատ բան չէ: Մանավանդ` օտարերկրյա օդից:
Տխուր է, քանզի օտարերկրացիները ևս Հայաստանում դարձան «տուգանքի մատերիալ»:
Կարեն Հեքիմյան