Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Ապաքինվել ոչ միայն ապրելու համար, այլ նաև՝ Մեծ երազանքը իրականացնելու

Ապաքինվել ոչ միայն ապրելու համար, այլ նաև՝ Մեծ երազանքը իրականացնելու
21.02.2026 | 15:32

Արցախահայության ներսում այսօր մի լուռ, խոր ցավ է ապրում։ Դա պարզապես կորուստ չէ։ Դա անավարտ հրաժեշտ է։ Երբ չի հասցրել փակել տան դուռը, վերջին անգամ շոշափել պատերը, ասել՝ «մնաք բարով»։ Գերեզման, որին չհասցրին խոնարհվել։ Բակ, որի փոշին դեռ թվում է՝ կպած է ձեռքերին։

Երբ սուգը երկարում է, ներսում ծնվում է կասկած՝ «միգուցե ես թո՞ւյլ եմ»։

Բայց ոչ։ Սա թուլություն չէ։ Սա հոգու առողջ արձագանքն է անառողջ իրականությանը։ Երբ արմատներդ կտրում են հողից, սիրտը երկար ժամանակ է փորձում հասկանալ՝ ինչպես ապրել առանց իր հողի շնչի։

Չավարտված տրավման լուռ է։ Այն արտահայտվում է անքնությամբ, հանկարծակի բարկությամբ, անբացատրելի դատարկությամբ։ Այն ապրում է հողի հոտի հիշողության մեջ, եկեղեցու զանգի ձայնում, մանկության բակի պատկերում։ Եվ յուրաքանչյուր հիշողություն միաժամանակ և՛ ցավ է, և՛ ուժ։ Բայց հենց այդ ուժն է վերականգնման հիմքը։ Վերականգնումը պարզապես հոգեբանական բուժում չէ։ Այն ազգային կամք է։ Այն ներքին որոշում է՝ ապաքինվել ոչ միայն ապրելու համար, այլ նաև Մեծ երազանքը իրականացնելու համար։ Վերադարձը դեպի Արցախ չի սկսվում սահմաններից։ Այն սկսվում է հոգուց։ Սկսվում է այն պահից, երբ մենք որոշում ենք չկոտրվել, չհանձնվել, չմոռանալ։

Երբ վերականգնումը դառնում է հավաքական նպատակ, երբ յուրաքանչյուրի անձնական ապաքինումը դառնում է ընդհանուր ճանապարհի մի մասնիկ։ Սուգը սիրո ապացույց է։ Իսկ սերը, երբ միանում է արժանապատվությանը և կազմակերպվածությանը, դառնում է ուժ։ Ու հենց այդ ուժն է, որ մի օր կարող է իրականություն դարձնել բոլորիս Մեծ երազանքը՝ Վերադարձ դեպի Արցախ։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ