Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Չկա պատերազմի և խաղաղության երկընտրանք, կա Հայաստանի, որպես ազգային պետություն, լինել-չլինելու ճամփաբաժան

Չկա պատերազմի և խաղաղության երկընտրանք, կա Հայաստանի, որպես ազգային պետություն, լինել-չլինելու ճամփաբաժան
14.03.2026 | 15:10

Չպետք է թույլ տալ, որ հայ ժողովուրդը ներքաշվի Նիկոլ Փաշինյանի արհեստական օրակարգի մեջ։ Ներկայումս չկա Ղարաբաղյան շարժումը շարունակելու կամ էլ ավարտելու երկընտրանք։ Եկեք անկեղծ լինենք, Ղարաբաղյան շարժումն ավարտվեց այն պահին, երբ Ալիևը ներխուժեց Ստեփանակերտ, և Հայաստանում չգտնվեց մի ուժ, որը կհանդգներ հակադրվել Ղարաբաղի հայաթափմանն ու նվաճմանը։ Այդ ընթացքում և հետո չի եղել գոնե մեկ ընդդիմադիր գործիչ, որը կխոսեր Հայաստանի զինված միջամտության և ռևանշի անհրաժեշտության մասին։ Ըստ էության, իշխանությունն ու ընդդիմությունը Ղարաբաղի օտարումը ընդունել են ի գիտություն։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ կեղծ և սուտ քարոզչություն է իրականացնում՝ մարդկանց ահաբեկելով պատերազմով և որդիների մահով։ Եվ հենց այդ նպատակով է այս արհեստական հակադրությունը պատերազմի և խաղաղության ուժերի միջև։ Սևերին ու սպիտակներին, նախկիններին և ներկաներին փոխարինելու են եկել խաղաղության և պատերազմի ուժերը։ Մարտնչող և քայքայիչ պոպուլիզմի դասագրքային կառուցվածք, որը միտված է էլ ավելի կազմաքանդելու հանրային կառույցը։

Ինչ վերաբերում է, հոգևորականներին և գիտնականներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին, ապա նրանց որևէ մեկը չի կարող արգելել խոսելու Արցախի, Վասպուրականի, Էրզրումի, Բարձր Հայքի և պատմական Հայաստանի մնացյալ աշխարհների մասին։ Եկեղեցու և քաղաքացիների համար այս բոլորը ժառանգություն և հիշողություն են, իսկ գիտնականների համար՝ հետազոտության առարկա։ Կատարյալ սուտ և հերյուրանք է այն պնդումը, թե խորաններից և գիտական ամբիոններից կամ էլ բակի տաղավարներից հնչող խոսքերը կարող են պատերազմի առիթ դառնալ։

Պարզապես Նիկոլ Փաշինյանը իր տոտալիտար մտածողությամբ և բոլշևիկյան գործիքակազմով փորձում է ամբողջական վերահսկողություն սահմանել բոլոր ինստիտուտների և հանրային խմբերի նկատմամբ՝ իր իշխանության թշվառ վերարտադրությունը ապահովելու, Ալիևի ու Էրդողանի, Մակրոնի և Ուրսուլայի հովանավորությանը արժանանալու նպատակներով։

Չկա պատերազմի և խաղաղության երկընտրանք։ Կա Հայաստանի, որպես ազգային պետություն, լինել-չլինելու ճամփաբաժան։

Կարպիս Փաշոյան

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ