Ինչպես միշտ, մտքերս խառն են՝ ինչքան որ երկիրս իր հոգսերով, փոսերով ու խոցերով, ու չգիտես՝ որտեղից սկսել և որտեղ կայանել։
Այն, ինչ այսօր մատուցվում է մեզ որպես ժողովրդավարություն, իրականում պրիմիտիվության հաղթանակն է պետական մտածողության նկատմամբ։ Վարչապետի աթոռը վերածվել է «Բարի ախորժակ» հաղորդաշարի տաղավարի, որտեղից ամենօրյա ռեժիմով պրիմիտիվությունը մեզ հրամցվում է որպես բրենդ։ Մեզ փորձում են համոզել, թե պարզունակությունը ժողովրդին մոտ լինելն է, բայց իրականում դա ընդամենը պետական ինստիտուտների արժեզրկումն է։ Ինչ վերաբերում է բղավոցներին ու մեղադրանքին՝ պաշտոնյայի կողմից սեփական ժողովրդի վրա գոռալն ու նրան մեղադրելը դարձել է անկառավարելի բնազդ, և դա ոչ թե ուժի, այլ ոչ ադեկվատության նշան է։ Առանց պատմագիտական տարրական գիտելիքների՝ պատմական և իրական Հայաստանի թեմաներով ժողովրդին դասախոսություններ կարդալը վերածվել է վտանգավոր ավանտյուրայի, որը քանդում է մեր ինքնության հիմքերը։
Ախր մարդ չգիտի՝ ո՛ր հարցին անդրադառնա։ Մինչ երկիրը կանգնած է գոյաբանական հարցերի առաջ, մենք տեսնում ենք անիմաստ շրջագայություններ և կերուխում՝ կարկանդակից սկսած, վերջացրած կարտոֆիլով։
Պատմությունը հաճախ է կրկնվում որպես ֆարս։ Հիշենք Լուի XVI-ի ժամանակաշրջանի Ֆրանսիան կամ Վեյմարյան հանրապետության վերջին տարիները, երբ պոպուլիզմն ու պրիմիտիվիզմը եկել էին փոխարինելու պետական շահին։ Ի՞նչ տեղի ունեցավ արդյունքում։ Երբ առաջնորդները սկսեցին դասեր տալ պատմությունից, որը չէին ուսումնասիրել, և մեղադրեցին ժողովրդին սեփական ձախողումների համար, դրան հաջորդեց պետականության խորը ճգնաժամն ու լուծարումը։
Ինչ վերաբերում է երկրիս ներքաղաքական վիճակին.
Մենք նորից հայտնվել ենք նույն շրջապտույտում, որտեղ քարոզարշավը վերածվել է խոստումների լոմբարդի և իրական ողբերգությունն այն չէ, որ քաղաքական ուժերը ձայներ են փոշիացնում, այլ այն, որ մենք թույլ ենք տալիս հույսը փոշիացնել։
Իմ կարծիքով, երբ քաղաքական միտքը փոխարինվում է կենացներով, իսկ ռազմավարությունը՝ հիբրիդային պատերազմների սին թեզերով, պետությունը վերածվում է անտերության գոտու։
Եվ այո, հայաստանյան նախընտրական գործընթացները վաղուց դադարել են լուրջ լինելուց և ավելի շատ նմանվում են վատ բեմադրված սերիալի։ Ի՞նչ պատկեր ունենք հերթական անգամ՝ պաշտոն ակնկալող իշխանամետներ, ջղայնացած, բայց հարմարավետ տեղավորված ընդդիմադիրներ, ու դրանց գումարած՝ պայքարի իմիտացիա ստեղծող, սրան ու նրան սպասարկող և տեղեկատվական ցունամի ստեղծող որոշ մեդիաներ։
Չնայած նախընտրական այս թատրոնում ամեն ինչ կա՝ բարձր տոնով ելույթներ, միմյանց իբր մերկացնող հայտարարություններ, դրամատիկ պաուզաներ… ամեն ինչ՝ բացի մեկ կարևոր բանից՝ իրական մրցակցությունից։ Իրականում այս ամենի արդյունքը նույնքան կանխորոշված է, որքան ֆուտբոլային ընկերական խաղում, որտեղ թիմերը նախապես գիտեն՝ ով երբ պետք է գոլ խփի, որպեսզի հանդիսատեսը գոհ մնա։
Ամենազավեշտալին նաև այն է, որ բոլորը խոսում են փոփոխությունից, բայց այնպես, որ հանկարծ ոչինչ չփոխվի. ընդդիմությունը պայքարում է այնպես, որ չհաղթի, իսկ իշխանությունը զիջում է այնպես, որ ոչինչ չզիջի։
Ժամանակն է ընդունել մի պարզ ճշմարտություն. եթե խաղը կեղծ է, ապա արդյունքը երբեք էլ իրական չի լինելու։ Եվ ցավալին նաև այն է, որ մենք դեռ ձևացնում ենք, թե սա լուրջ պայքար է, այլ ոչ թե պայմանավորված ներկայացում։
Այս ամենի ֆոնին ոմանց համար սա նորմալ է, բայց իրականում, եթե սա էլ է մեզ նորմալ թվում, ուրեմն խնդիրն արդեն միայն քաղաքական դաշտում չէ:
Արթուր Դավթյան