Երբ մարշալ Պետենի կյանքն ու գաղափարները ուսումնասիրում ես, պարզվում է՝ հեչ էլ օկուպացիոն վարչակարգ չէր հաստատել։ Բայց ֆրանսիացիները նրան չներեցին կոլաբորացիոնիզմի համար, նրան չներեցին գերմանական օկուպացիան ընդունելու համար և ընդհատակյա` պարտիզանական շարժումը, գեներալ Շառլ Դը Գոլի հետ, տապալեց պետենյան վարչակարգը՝ պարտված և օկուպացված Ֆրանսիան դարձնելով Յալթա-Պոտսդամյան նոր համակարգի 5 դերակատարներից մեկը, իսկ խորքում` աշխարհի 5 տերություններից մեկը, որը, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, դարձավ նոր համակարգի վճռորոշ ձայն ունեցող տերություն։
Պետենի վարչակարգի պահպանումը կնշանակեր Ֆրանսիայի անկում, ինչը ֆրանսիացիները ժամանակին հասկացան և թույլ չտվեցին։
Բայց Պետենը երբեք չսկսեց վերաշարադրել Ֆրանսիայի պատմությունը, չհրաժարվեց ֆրանսիական ժառանգությունից ու դա չփաթաթեց ժողովրդի վզին։
Փաշինյանը, ի տարբերություն մարշալ Պետենի, ընդունելով թշնամու կամքը, սկսեց պայքարը ոչ միայն ժողովրդի անհամաձայն շերտի դեմ, այլև՝ պատմական հիշողության, պատմական ժառանգության, հայկական առանձնահատկությունների, իդեալների դեմ։ Այդ պայքարը գնալով վերածվում է ինստիտուցիոնալ և համակարգված հալածանքի հայկական ինքնագիտակցության դեմ և պետական քաղաքականության բացահայտ ներդաշնակեցման Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականությանը։
Եթե այս ամենն աներ մարշալ Պետենը, դժվար է պատկերացնել, թե ֆրանսիացիները նրա հետ ինչպես կվարվեին, բայց հայերը, ըստ էության, մտածում են ձևեր, թե ինչպես արդարացնեն: Ընդ որում, նույն հայերը, ովքեր ֆրանսիական դիմադրության շարժման նշանավոր հերոս Միսաք Մանուշյանի ազգակիցն են, այն Մանուշյանի, ով պայքարեց ֆրանսիական կոլաբորացիոնիզմի դեմ, իսկ հայկական կոլաբորացիոնիզմը շարունակում է կենսունակություն ցույց տալ...
Իհարկե, շատերը կասեն, թե Հայաստանի պարագայում Շառլ Դը Գոլ չկա, բայց գեներալ Շառլ Դը Գոլը, մինչ Բրիտանիա կմեկներ, Ֆրանսիայում արդեն ձևավորվել և գործում էր դիմադրության շարժումը, առանց որի գեներալ Դը Գոլը Լոնդոնից միայն ուղերձներ կհրապարակեր, և վերջ:
Հետևաբար, խնդիրը բազմաշերտ է, իսկ օկուպացիոն մտածողությունը՝ աղետ։
Արա Պողոսյան