Տունդ մաքուր պահիր: Քո ինչի՞ն են պետք այդ հնոտիքը, ամեն անկյունում լցված փայփլուն ու անկիրք իրերը, որ միայն խանգարում են, բայց համակված են այն իրավունքով, որ ինչ-որ մի օր դու ես ընտրել իրենց և ուրեմն բարի եղիր հանդուրժել անպետքությունը: Դուրս նետիր բոլորը: Ազատիր քեզ դրանցից ոչ այն բանի համար, որ կոչվես մաքրակենցաղ ու վայելուչ տանտեր, այլ պարզապես տարածություն բաց կարևորը նշմարելու համար: Գիտեմ, որ լավը քիչ է լինում: Դու քիչը վերցրու քեզ: Շատի մեջ կա քանակ, բայց ոգի չկա, հարկավորություն չկա, թրթիռ չկա: Հեռացրու այդ նանիր ծանրությունը քո տնից, քո մտքից, քո սրտից: Տեղ տուր ազատությանդ գոնե քո ներսում, մի հակասիր ինքդ քեզ քո էության պատերի մեջ, քո համոզմունքների տանիքի տակ:
Տունդ մաքուր պահիր… Սիրտդ մաքուր պահիր:
Հովիկ Չարխչյան