«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Տեր լինենք նախնյաց պատգամներին

Տեր լինենք նախնյաց պատգամներին
18.03.2026 | 14:20

Մի քիչ ուշացած անդրադարձ՝ Նվարդ Չիլինգարյանի ուշագրավ բարբառատարափ հարսնաբույր փնջին

Վերջերս համացանցում սիրով կարդացի ֆեյսբուքյան իմ խոհակից, բերդավանցի, տարածաշրջանի բարբառի գիտակ Նվարդ Չիլինգարյանի՝ հայոց հարսանեկան ծեսի նկարագրությունը։ Հիացած եմ այն այդքան մանրամասնորեն, համուհոտով, ավելին՝ «բծախնդիր» ճշգրտությամբ ներկայացնելու համար։

Այն ավանդական հարսանիքների մասին ամբողջական բարբառապատումների, իր խոսքով՝ «բարբառատարափի» համուհոտով շարք է, որ մեզ է հասել մեծերի պատմածներից, ինչու չէ՝ նաև ականատեսի, այս դեպքում՝ Նվարդ Չիլինգարյանի հայացքով։ Այժմ մեկնաբանեմ, թե գրառումն ինչու գրավեց ուշադրությունս։ Բանասերի հայացքով հարսանեկան ամբողջ արարողակարգ-ծեսը վերլուծել-ներկայացնելը մեկ նպատակ ունի. աղերսներ տեսնել այսօրվա և սովորույթ-ավանդույթները պահպանելու միջև։ Նախ՝ սա առաջին հերթին ծիսական արարողության տեսանելի և խոսուն նկարագրություն է, որ դարեդար փոխանցվել է և հասել մինչև մեր «խառնիճաղանջ» օրերը։

Այդ հարսնահանդես-պսակադրության ծիսական արարողության մեջ թերևս ամենաուշագրավն այն է, որ յուրաքանչյուր արարողակարգ գեղեցիկը ներկայացնելու-ցուցադրելու նպատակ ունի։ Գուցե սա է նրա տևական պահպանման գաղտնիքը։ Սկսեմ սկզբից։ Այս պատումաշարի գլխավոր արարողակարգը և գալիք գործողությունները պայմանավորող իրողությունը խնամախոսությունն է։ Գնում են աղջկա՝ ապագա հարսնացուի ձեռքը խնդրելու։ Այն անվանվում է նշանախոս, հարսնախոս։ Այն արարողակարգ է՝ փեսացուի տնից հարսնացուի տուն խնամախոսների այցով։

Հետաքրքիր է, որ «խոսք առնելու» խնամախոս են գնում հիմնականում աշնան շեմին՝ բերքուբարիքի լիառատության պայմաններում, որ հարսանիքի սեղանն էլ առատ լինի։ Գնալուց առաջ խորհրդակցում են մտերիմ հարազատներով, անպայման՝ ազգի ամենատարեցի ներկայությամբ՝ նրա հեղինակավոր, իմաստուն և խորհրդատու խոսքը լսելու ակնկալիքով։ Եվ առավել կարևոր հանգամանք. դեռ վաղնջական ժամանակներում պատիվ է եղել աղջիկ ուզելու գնալը, և այդ օրվա առաջնորդ է ընտրվել ազգի ճանաչված, հարգված մարդը։

Ուշագրավ է, որ հիմնականում գործել է «Ճիպոտդ քոլիցդ կտրի» ասացվածքային, փորձված սկզբունքը։ Ինչու չէ, սա նաև տարածաշրջանին, հայրենի եզերք-օրրանին հավատարիմ լինելու, տեր լինելու պատգամ է։ Մինչ խնամախոս գնալը՝ «լավ մոր» աղջիկ են փնտրել՝ ենթարկվող, մեծին հարգող, օրինակելի ընտանիքի աղջիկ։ Աղջիկ, որ լեզվանի չլինի, «եփող-թափող» լինի, շնորհքով, տեսքով։ Լոռեցու ասած՝ օրինակելի «խիզան» լինի։ Սա ևս հարսանեկան ծիսակարգի՝ «ադաթը» պահպանելու պահանջ է, ցանկություն։

Հարսնախոս է գնում ապագա սկեսուրը՝ ծաղկավոր շալը ուսերին, ու նրա քայլքի մեջ արտաքուստ անտեսանելի հմայիչ օրորն անպակաս է։ Փեսացուն պիտի «պեծը ճակատին լինի», «կոխտա», այսինքն՝ գեղեցիկ, և խոսելիս պիտի «թառլանի» տպավորություն թողնի։ Այո՛, սրանք կարևոր նախապայմաններ են նոր ընտանիք ստեղծելու համար. ոչ միայն աղջիկը պիտի գեղեցիկ ու հմայագեղ լինի, այլև փեսացուն և իր հարազատները։ Սա գեղեցիկը պահպանելու ավանդական ձգտում է՝ ազգն ընտրանի տեսակով շարունակելու մղում-ցանկություն, որը սովորութային արժեհամակարգի բաղադրիչ է։

Նշանդրեքն ինքնին ոչ պակաս հետաքրքիր դրվագներ ունի։ Ամենակարևորը՝ ինչպես նախորդ անգամ, ամեն ինչ պիտի գեղեցիկ լինի, աչք շոյող։ Եվ էլի կարևոր ու ուշագրավ պահ. առաջին անգամ խնամախոս՝ «խոսք առնելու» գնալիս հարսնացուի ծնողները «հա» չեն ասում։ Կարգն է այդպես եղել՝ կարևորելով արարողակարգի պահանջը։ Սա նաև խոսքի «հա»-ն ու «չէ»-ն արժևորելու պահանջ է, պատվիրան՝ խոսքը գնահատելու և սեփական ասածին տեր դառնալու համար։ Այս անգամ փեսացուն և հարսնացուն ծանոթանում են, կարճատև հանդիպում, մոտիկից տեսնում իրար, մի քանի բառ փոխանակում։ Եվ եթե հավանում են իրար, նաև հարազատների կարծիքն են իմանում, իրավունք ունեն դրսում հանդիպելու։ Սա ավանդույթի մաս է, բարեկամության, մտերմության ամուր հիմնաքար դնելու կարևորագույն նախապայման՝ միայն ազգի մեծերի հավանությամբ։

Նշանդրեքին անցյալում երբեմն սկեսուրի մատանին են տարել հարսին՝ նորը հետո գնելու պայմանով։ Իսկ ժամանակ անց հարսին տարել են ճանաչված ոսկերիչի մոտ՝ մատի չափսը վերցնելու։ Գուցե այս կարգը և՛ սկեսուրին ու ապագա հարսին, և՛ թանկարժեք զարդը կարևորելու նախապայման է։ Հարսի տուն նշանդրեքի գնալիս պիտի անպայման հայկական կոնյակ տանեին։ Եվ երբ կոնյակը բացում են, լցնում բաժակները, օրհնում են, որ «հարսը և՛ տան ճրագ դառնա, և՛ կրակ»։ Հայոց հնամենի խմիչքը կարևորելու յուրօրինակ տոնահանդես է սա, նաև՝ խոսքի ու օրհնանքի դերն ընդգծելու իմաստակիր բաղադրիչ։

Ժամանակ անց առաջին անգամ փեսացուն է գնում հարսնացուի տուն՝ լի ճամպրուկով։ Այն կոչվում է «փեսբարով»։ Ճամպրուկում պիտի ճաշակով, տարբերվող նվերներ լինեն հարսնացուի և նրա հարազատ կանանց համար։ Եվ որ ավելի է կարևորվում՝ «դեյրացու» կտոր պիտի տանեն հարսի մոր ու տատի համար։ Օջախի ավագին, մեծին հարգելու պատգամ է սա, բերած նվերն արժևորելու և գնահատելու խորհուրդ ունի այն։ Բացի նվերներից՝ հարսի տուն հալվա են տանում, մեղր ու երկու գաթա՝ կարմիր ժապավենով կապած։

Հարսնացուի տուն մտնելիս փեսան պիտի ասի. «Իմ ոտը ձեր տուն խերով լինի», զոքանչն էլ փեսային պատասխանի. «Ոտդ մեր տուն խերով լինի» իմաստակիր խոսքով։ Սա էլ է պատվիրան. ուրիշի տուն գնալիս դատարկ չգնալ և բարի ցանկություններով այցելել՝ պատվի ու հարգանքի արժանանալու «թաքուն» ցանկությամբ։ Սա հետագայում մտել է հայոց կենցաղ՝ որպես հյուրայցելության գնահատելի կարգ։ Առաջին անգամ, երբ հարսնացուին տանում են փեսայի տուն, սկեսուրը «մարալ» (գեղեցիկ) հարսին ասում է. «Ոտդ մեր օջախ խերով լինի»։

Արարողակարգի հետաքրքիր բաղադրիչ է հարսնաշոր ընտրելը։ Անցյալում այն այլ խորհուրդ է ունեցել. դերձակի են տարել, որ հարսի չափսերը վերցնի։ Պատումաշարը, որն ինքնին մի յուրօրինակ ծես-արարողություն է, առանձնակի տոնական շեշտադրությամբ է ներկայացնում հարսանիքը, որը նաև հարսնահանդես կամ պսակադրություն են անվանում։ Դրան նախորդող արարողակարգը՝ հարսանիքի նախորդ օրվա տաշտադրեքը (հացի խմորի տաշտը նախապատրաստելը), եզը մորթելն ինքնին ուշագրավ են։ Այստեղ զուգահեռաբար կարևորվում են հարսանիքի սեղանի երեք բաղադրիչները՝ հացը, գինին և միսը։ Այն աստվածաշնչյան տարրեր ունի՝ հաց ու գինի։ Եվ որ ավելի հետաքրքիր է՝ հարսանիքի մսացու եզը մորթում են սարուձորում արձագանքող զուռնա-դհոլի երաժշտության ներքո։ Այստեղ էլ ընդգծվում է դարեդար փոխանցված և բյուրեղացած ազգային երաժշտության դերը։

Հարսանիքին ընդգծվում է քավորի, սկեսուր-սկեսրայրի, ազատբաշու, հրավիրյալ պատվական հարսանքավորների դերը՝ յուրաքանչյուրինը յուրովի։ Սա բարեկամությունը պահելու, հետագայում ևս միմյանց հարգելու հորդոր է, պատգամ, պատվիրան, որն էական նշանակություն ունի նորապսակների կյանքում՝ օրինակ վերցնելու համար։ Հետաքրքիր է հարսի տնից բերած երկու ափսեն փեսայի տուն մտնելուց առաջ տան շեմին նորապսակների առջև դնելը, որ այն կոտրեն ու կյանքում «չար աչքից հեռու լինեն», որ նորաստեղծ օջախն ամուր լինի, տեր՝ օջախի ավանդույթներին։

Մի հետաքրքիր պահ էլ. ինչպես հարսանիքի սեղանը պատրաստողները պիտի գեղեցիկ և շնորհքով լինեն, այնպես էլ հարսանիքի գաթան պիտի քաղցրանուշ համուհոտով լինի, որ գալիքում ծնվելիք երեխաներն էլ սիրունատես լինեն, գեղեցիկ, բազմաշնորհ։ Հարսնահանդեսի թվարկված տարրերը պահպանվել են և դրսևորվել մեր ավանդական այլ արարողակարգերում։

«Բարբառատարափի» զարմանալի շերտերի գիտակ Նվարդ Չիլինգարյանի այս գրառումն աչքի է ընկնում ոչ միայն լեզվաոճական գունագեղությամբ, տարածաշրջանի սովորույթների փայլուն իմացությամբ, այլև սերնդեսերունդ փոխանցված բանահյուսական ժանրի կարևոր տարրերի գունագեղ, հայոց լեզվի զարդարուն վերհուշով ու ճշգրիտ, մանրակրկիտ նկարագրությամբ։ Պատումաշարը համեմված է տարածաշրջանի բարբառին բնորոշ բառուբանի երգեցիկությամբ, հնչեղ համուհոտով ու կոլորիտային ընդգծված երանգներով։

Եվ ամենաէականը. այն պատգամագիր է անցյալի ավանդույթներին հավատարիմ ու տեր լինելու, դրանք պահպանելու, քանզի դրանցում ազգայինը ժառանգաբար փոխանցելու նպատակ, պատգամ կա և խորհուրդ, խրատ ու հորդոր։ Չէ՞ որ այսպես ենք շարունակելու ապրել և այսպես ենք դիմագրավելու աշխարհի աղմկոտ մարտահրավերներին։ Այո՛, որքան էլ հետաքրքիր ու գրավիչ նորամուծություններ լինեն նորօրյա հարսանեկան արարողություններում, միևնույն է՝ պահպանվելու է ավանդականը, պատմականը, որ ժառանգել ենք նաև բանահյուսական դարավոր արարողակարգերի՝ արտաքուստ չերևացող պատվիրաններով, այս անգամ՝ Նվարդ Չիլինգարյանի անուշ գրով ու խոսքով։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 226

Մեկնաբանություններ