Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Սերգեյ Գորոդեցկի․ «Առանց Ղարաբաղի անհնար է պաշտպանել Հայաստանի սիրտը՝ Արարատի հովիտը»

Սերգեյ Գորոդեցկի․ «Առանց Ղարաբաղի անհնար է պաշտպանել Հայաստանի սիրտը՝ Արարատի հովիտը»
22.03.2026 | 14:11

Օտարը հասկանում է այն, ինչը չեն հասկանում ՀՀ ներկայիս իշխանությունները

Ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես է եկել հակաարցախյան, հակահայկական հայտարարություններով առ այն, թե Ղարաբաղյան շարժումը իբր սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Այս ֆանտաստիկ հիմարությունը մեկնաբանելու իմաստ չկա, քանզի հայտնի է բոլորին, ում գլխում գոնե մի քիչ ուղեղ կա. Հայաստանի անվտանգությանը սպառնում է հենց Ղարաբաղյան շարժման բացակայությունն ու Ղարաբաղի հայաթափումը։ Սա հասկանում են բոլորը, նույնիսկ օտարները, բայց ոչ Հայաստանի կառավարությունը ՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«Երրորդ Ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիր

1919 թվականին հայտնի ռուս բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկին «Կովկասյան բառ» ամսագրում հրապարակեց «Ղարաբաղ» հոդվածը, որն այսօր էլ ապշեցնում է իր արդիականությամբ: Ներկայացնում ենք այն մեր ընթերցողների խնդրանքով՝ որոշ երկրների արտաքին գործերի նախարարությունների բթամիտ աշխատակիցների համար, որոնք սիրում են երբեմն զարմացնել հասարակությանը իրենց տգիտությամբ և պատմական փաստերի հետ չհաշտվելու հազվադեպ ունակությամբ.

«Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական հենարանը: Երբ ժողովրդի պատմությունը երջանիկ է դասավորվում, այն դառնում է քաղաքական ու մշակութային կյանքի կենտրոն: Երբ ճակատագիրը հալածում է ազգին, այն դառնում է ազգային կյանքի հենակետ, հույսի կղզի, վերածննդի գրավական: Հայաստանի համար հենց այս վերջին դերն էլ խաղացել եւ խաղում է Ղարաբաղի լեռնային մարզը:

Բնությունն ինքն է նրան հաղորդել վիթխարի նշանակություն: Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որոնք հանդիսանում են Կարսի ու Սևանի բարձրավանդակների շարունակությունը, հայ ժողովուրդն ավելի քան երկու հազար տարի դիմակայել է քոչվոր ցեղերի հարձակումներին՝ պահպանելով իր մշակույթը, պաշտպանելով իր ազգային դեմքը:

Լեզվական, ազգագրական ու տնտեսական առումներով լինելով միասնական' Ղարաբաղը վերածվել է Հայաստանի միջնաբերդի, նրա արևելյան թևի: Այդպիսին է նա եղել նախկինում, այդպիսին է նա այժմ եւ այդպիսին կլինի նաև մշտապես, քանի որ անհնար է պաշտպանել Հայաստանի սիրտը' դաշտն Արարատյան, առանց տերը լինելու Ղարաբաղի․․․

Հին ժամանակներում Սյունիքի մելիքությունները, ինչպես որ նախկինում անվանվել է Ղարաբաղը, քանիցս սեփական ուժերով վռնդել են թշնամուն: Պատմությունը կրկնվում է և վերջին անգամ էլ դա տեղի ունեցավ մեր աչքերի առջև:

Պատմությունն ու բնությունը Ղարաբաղում ստեղծել են վառ արտահայտված մի տեսակ: Համայն աշխարհում ցրված ղարաբաղցիներին ամենուրեք կարելի է ճանաչել հեշտությամբ. անձնուրաց քաջություն, խիզախության հակում, ինքնավստահություն, յուրօրինակ համառություն, ուղղամիտ հաստատակամություն, նահապետական բնավորություն - ահա ղարաբաղցու համակրելի գծերը, որոնք ասես խտացումն են հին հայկական առաքինությունների՝ խամրած պատմության դաժանություններից եւ մաքուր տեսքով պահպանված Ղարաբաղում․․․

Հայաստանի ազգային հիշողությունը չպետք է մոռանա ղարաբաղցիների ոչ քիչ հնչեղ անուններ: Չկա այնպիսի ոլորտ, ուր նրանք դրսևորած չլինեն իրենց տաղանդն ու նախաձեռնությունները: Նրանց աշխատանքային ասպարեզն է եղել քաղաքականությունը, գրականությունը, հասարակական գործունեությունը, առևտուրը: Այդքան ազդեցիկ գործիչներ տված Ղարաբաղը ստեղծել, ավելի ճիշտ՝ մաքուր վիճակում պահպանել է նաև հին հայ կնոջ կերպարը․․․

Լենկթեմուրի ժամանակներից Ղարաբաղի մելիքները պահպանել են Ղարաբաղի անկախությունը: Շուշիի միջադեպը չփոխեց Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, եւ պաշտպանության գիծն ըստ էության մնաց անձեռնմխելի, ինչպես նախորդ արշավանքների օրերում: Անկասկած է, եթե այն կորստյան մատնվեր, ապա ազգի ինքնորոշման գաղափարը մեծապես կտուժեր: Եւ ընդհակառակը, ունենալով Ղարաբաղը' Հայաստանը կստանա մշակութային ուժի հզոր ներհոսք։

Յուրաքանչյուր ժողովուրդ իրենն է փնտրում: Վերածնված ազգերի ապագան կախված է նրանից, թե արդյոք նրանք իրենց մեջ կգտնե՞ն իրենց ազգային մշակույթի բավականաչափ տարրեր: Նման պայմաններում բոլոր այն կենտրոնները, որոնց մեջ այս կամ այն պատճառով խտացվել է մշակութային կյանքը, ձեռք են բերում բացառիկ նշանակություն։ Այդպիսին է Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հայաստանի համար»:

1919 թվականի մարտի 23, "Кавказское слово"

Դիտվել է՝ 183

Մեկնաբանություններ