«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Ի՞նչ պատասխան պետք է տանք մեր թոռներին՝ մեր պապերի թողած հայրենիքն իրենց չփոխանցելու համար

Ի՞նչ պատասխան պետք է տանք մեր թոռներին՝ մեր պապերի թողած հայրենիքն իրենց չփոխանցելու համար
23.03.2026 | 13:44

«...Ամո՜թ, հավիտենական ամոթ հայերին։ Կիսագազան սևամորթ ստրուկը հիմնեց իր Լիբերիա պետությունը, ու դարերով հալածված ջհուդը փողի ուժով իրեն սեփականություն դարձրեց Պաղեստինի երկու հինգերորդ մասը, իսկ անհոգ հայերն իրենց դրախտ ՀԱՅԱՍՏԱՆԻ մեջ մեկ թիզ անկախ խորշ չունին...»

Ռափայել Պատկանյան

Այս հոդվածը գրելու առիթ հանդիսացան իմ երկու ընկերների՝ մեկ օրվա տարբերությամբ, կարծես ձայն-ձայնի տված նույն հարցադրումը. «Ի՞նչ պատասխան պետք է տանք մեր թոռներին՝ մեր պապերի թողած հայրենիքն իրենց չփոխանցելու համար»։ Ընկերներիցս մեկն Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից է, մյուսը՝ Արագածոտնի մարզի Բյուրականից։ Ի դեպ, երկուսն էլ 65-66 տարեկան են, երկուսն էլ՝ սպորտսմեն, առնական ու ֆիզիկապես ամուր տղամարդիկ, կամային բարձր որակներով օժտված, պատվախնդիր ու բացառիկ հայրենասեր։ Երկուսն էլ, մտահոգված երկրի այս վիճակով, քուն ու դադար չունեն։

Ընկերներիցս երկրորդը, որն ավելի էմոցիոնալ է, չկարողանալով զսպել զայրույթը, նույն հարցադրման հետ մեկտեղ արտահայտեց իր հիասթափությունը։ Նա վրդովված էր մարզային այցելությունների ընթացքում որոշ հայերի կողմից ազգադավին ցուցաբերած «արքայավայել» ու ջերմ ընդունելությունից, ինչպես նաև ընդդիմության անհամերաշխ, անհասկանալի ու պասիվ պահվածքից։ Նա ասաց. «Այսպես շարունակվելու դեպքում կմտածեմ ազգությունս փոխելու մասին. ամաչում եմ հայ լինելու համար, ամաչում եմ այսպես անարժանապատիվ ու աննամուս ապրելու համար»։

Դա, անշուշտ, նրա հոգու խոսքը չէր, այլ այդ հզոր ու արժանապատիվ մարդու զայրույթի, անճարության ու հուսահատության ճիչը։ Թե որքա՜ն պետք է հայ ամուր ու պատվախնդիր տղամարդը կորցնի հավատը, հարգանքն ու հույսը սեփական ժողովրդի ու նրա քաղաքական ու մտավորական էլիտայի հանդեպ, որքա՜ն պետք է տառապի անարգված ապրելուց, որ արտահայտի ազգությունից հրաժարվելու նման հուսահատ միտք։

Սիրելի՛ ժողովուրդ, ի՞նչ պատահեց քեզ, ինչո՞ւ հայտնվեցիր այս խղճուկ վիճակում, երբ աշխարհն է հեգնական, ծաղրական ու արհամարհական հայացքով հետևում քո երկրում կատարվող տարօրինակ ու անհասկանալի գործընթացներին։ Ինչո՞ւ քեզ լքեց պետության և հայրենիքի զգացողությունը, ինչո՞ւ դու այդքան մանրացար, դեգրադացվեցիր ու իջար երբեմնի քո բարձրությունից, այսչափ չարացար, ստրկամիտ, հանդուրժող ու նյութապաշտ դարձար։ Ինչո՞ւ է քո տեսակը մատնում, սպանում, ահաբեկում, դավաճանում ու նվաստացնում հենց իր տեսակին։ Ինչպե՞ս եղավ, որ փողոցից եկած ապաշնորհների մի խմբակ կարողացավ մոլորեցնել քեզ պես տաղանդավոր ազգին, տանել բարոյալքման, թրքահպատակության, կործանման ու ինքնաոչնչացման ճանապարհով։

Դո՛ւ, որ մարդկային քաղաքակրթության մեջ մեծ ավանդ ես ներդրել, որ կրել ես բարձր արժեքներ, որն աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած ազգն ես, որն ունես բարձրաճաշակ մշակույթ, հայտնի ես եղել որպես տաղանդավոր ու կրթված ազգ, ունեցել ես զարգացած գիտություն ու ռազմարվեստ, տվել ես համաշխարհային մակարդակի անհատականություններ... հիմա հայտնվել ես անօգնական, անդեմ ու աննախանձելի վիճակում։

Ի՞նչ պատահեց քեզ, հա՛յ ժողովուրդ։ Ինչո՞ւ հանդուրժեցիր, ինչո՞ւ այսքան հեշտությամբ հաշտվեցիր Արցախի կորստի, այս նվաստացման, դավաճանության, հանուն ոչնչի տված հազարավոր զոհերի, այսքան զրկանքների ու տառապանքների հետ։ Ինչո՞ւ հանդուրժեցիր այս ազգուրաց ու ապաշնորհ իշխանությունների ութամյա գոյությունը, այս ազգային խայտառակությունը, և ե՞րբ պետք է դուրս գաս այս մոլորությունից ու դեպրեսիայից։ Մի՞թե դու այս ամենին էիր արժանի։

Դո՛ւ, ժողովո՛ւրդ, չարժևորեցիր քո երևելիներին, իմաստուններին, բարերարներին ու հերոսներին։ Դու երկիրը չհիմնավորված պարտության ու աղետի տարածներին նորից բերեցիր իշխանության, և դեռ քեզանից շատերը պատիվներ են շնորհում ազգադավին։ Այն, ինչ կատարվում է քեզ հետ, քեզանից շատերի դառնացած ու չարացած հոգիների, կեղծավորության, նախանձի ու նյութապաշտության ճղճիմ կրքերի արգասիքն է... Դա քո սիրո, պատասխանատվության ու երախտագիտության բացակայության, Աստծուց և անկեղծ հավատքից հեռանալու արդյունքն է։ Իսկ որտեղ բացակայում է սերը, այնտեղ գլուխ են բարձրացնում ատելությունն ու նախանձը՝ ամենաստոր զգացումները, որոնց միջավայրում մեռնում է գեղեցիկը, լավը, առաջադիմականն ու բարոյականը։ Որտեղ հանդուրժում են ուրացումը, դավաճանությունը, պարտությունը, ստորաքարշությունն ու տգիտությունը, այնտեղ ժողովուրդը դառնում է այլասերված ու բարոյազուրկ։

Այս ամենով հանդերձ՝ դու պետք է ուժ գտնես քո մեջ, սպանես քո միջի ստրուկին և ազգային-պետական շահն ընդունես որպես գերագույն արժեք։ Պետք է համախմբվես ազգային էլիտայի շուրջ և դուրս գաս պայքարի՝ հանուն քո բնօրրանում արժանապատիվ ապրելու, հանուն պետություն ունենալու իրավունքի։ Դու կարող ես դա անել, եթե քո դժբախտությունների պատճառն ու փրկությունդ քո մեջ փնտրես և պայքարի ոգիդ վերականգնես։ Եթե փառքի ու շահի համար օտար ափեր փնտրելու փոխարեն՝ հայրենիքդ շենացնես և երջանկությունդ քո երկրում տեսնես։ Եթե դասեր քաղես անցյալից, դառնաս շրջահայաց և բարեկամներին չվանես քեզնից, իսկ թշնամուն՝ քեզ ցեղասպանողին, բարեկամ չընդունես։ Եթե նյութին չտրվես և չարությունն ու նախանձը քո մեջ խեղդես, եթե ազգիդ նվիրյալ իմաստուններին ականջալուր լինես ու հնազանդվես։

Դու կարող ես դա անել։ Չէ՞ որ դու մարդկության նախահայրն ես, ազնվական արմատների կրողը, խիզախության երբեմնի խորհրդանիշը։ Դո՛ւ սիրելին ես Աստծո, և քո առաքելությունը սեր ու համերաշխություն տարածելն է։ Կասկած չունեմ, որ հայը դուրս կգա այս գաղջ մղձավանջից, դեպրեսիայից ու մոլորությունից և հունիսի 7-ը կդարձնի ազգային արժանապատվության, զարթոնքի ու հաղթելու կամքի ցուցադրության ստուգատես։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 221

Մեկնաբանություններ