«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Բաց նամակ «Հայաստան» դաշինքի ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին

Բաց նամակ «Հայաստան» դաշինքի ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին
17.03.2026 | 13:19

Հաշվի առնելով, որ Հայոց բանակը հանդիսանում է մեր պետականության կարևորագույն հիմնասյուներից մեկը, ինչպես նաև այդ ուղղությամբ Ձեր բազմիցս արտահայտած մոտեցումները, կցանկանայինք մեր մտահոգությունը հայտնել առ այն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից մինչ օրս հանրայնորեն ամբողջական և հստակ չեն ներկայացվել բանակի վերականգնման, արդիականացման, ինչպես նաև զինծառայողների սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանության և վերականգնման վերաբերյալ ծրագրային մոտեցումները։

Միաժամանակ հարկ ենք համարում արձանագրել, որ առկա են խնդիրներ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական իրավունքների իրականացման ոլորտում․ մասնավորապես՝ արձակուրդային օրերի և համապատասխան վճարումների հաշվարկման գործընթացներում արձանագրվում են բացահայտ խախտումներ։

Նշված խնդիրների կարգավորման նպատակով նախաձեռնվել է խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկ, որի շրջանակում 2021 թվականին գրավոր դիմում է ներկայացվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ Ս. Օհանյանին։ Չնայած իրականացված նամակագրությանը համապատասխան գերատեսչությունների հետ և ստացված պատասխաններին, որոնք, մեր գնահատմամբ, ամբողջությամբ չեն անդրադարձել բարձրացված հարցերին, Ս. Օհանյանի կողմից գործնական քայլեր չեն ձեռնարկվել նշված խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ նշենք, որ մեր հասարակական գործունեության, ինչպես նաև փաստաբանական գրասենյակների աջակցության արդյունքում ներկայացված դատական հայցերի և դատարաններում արձանագրված հաղթանակների հետևանքով կառավարությունը ստիպված է եղել ընդունել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց մասով առկա աշխատանքային որոշ իրավախախտումները։

2023 թ. մայիսի 25-ին կայացված ՀՀ վարչապետի Ս-558-Ա որոշմամբ, ըստ էության, արձանագրվել են մի շարք աշխատանքային իրավախախտումներ և սահմանվել են համապատասխան նվազագույն փոխհատուցումներ։

Դրա հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի 17.07.2023 թ. թիվ 983-Լ հրամանով կարգավորվել է փոխհատուցման տրամադրման ընթացակարգը։

Սակայն, ըստ հավանականության, կառավարության անդամների պարգևավճարների հանդեպ անթաքույց սիրո հետևանքով զինծառայողներին փոխհատուցման նպատակով նախատեսված և հատկացված գումարներն ամբողջությամբ չեն հասել շահառուներին, և գործնականում նրանցից շատերը ստիպված են դիմել դատական ատյաններ՝ իրենց իրավունքների լիարժեք իրացման և ՀՀ ՊՆ նախարարի վերոնշյալ հրամանի պահանջների՝ գերատեսչության կողմից կատարման համար։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական ուժի մոտեցումներն ու տեսլականը զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև Ձեր դիրքորոշումը տվյալ հարցերի շուրջ հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Հ.Գ.

«Մեր ձևով» շարժման համահիմնադիր, հետագայում «Հզոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի կողմից 25.01.2026 թ. ներկայացված դիմումին արձագանքի բացակայությունը ևս կարևորում ենք որպես խնդրի նկատմամբ բավարար ուշադրության պակասի դրսևորում։

Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ