«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Ամենաբարձր պաշտոնյան Իրանում պատրաստ է զոհել սեփական անձը՝ հանուն պետականության

Ամենաբարձր պաշտոնյան Իրանում պատրաստ է զոհել սեփական անձը՝ հանուն պետականության
18.03.2026 | 17:24

Եթե ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի կամ նման որևէ հսկա պետության նախագահին կամ առանցքային ղեկավար պաշտոնյաներին ֆիզիկապես ոչնչացնեն, ժամերի, օրերի ընթացքում այդ երկիրը փուլ կգա։

Պատկերացրեք, հանկարծ լիկվիդացվում են Թրամփը, Պուտինը կամ Ծինպինը։ Անկառավարելի խուճապ ու քաոս կառաջանա երկրում, և այն հաղթահարելու փոխարեն պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պայքարելու են իշխանություն վերցնելու կամ բորենիների նման մի պատառ պոկելու համար։

Նույնը վերաբերում է նաև տարածաշրջանային ազդեցիկ երկրներին՝ Իսրայել, նրա դաշնակից Թուրքիա, արաբական պետություններ, Ղազախստան, Հնդկաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, ԵՄ մյուս պետություններ։

Կարծում եմ, ավելորդ է խոսել Հայաստանի նման մեկ անձի շուրջ ստեղծված կառավարություն ունեցող և ազգային գաղափարախոսական կառավարման համակարգ չունեցող պետությունների մասին։ Ասենք, մեկ օրում լիկվիդացվեն Իլհամ Ալիևը և իր բոլոր առանցքային պաշտոնյաները՝ օրերի ընթացքում Ադրբեջանը կմասնատվի։

Բայց վերջին շաբաթներին մենք տեսնում ու համոզվում ենք, որ այդ նույնը չի կարելի ասել Իրանի մասին։

Թվում էր, թե հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին է Իրանը, ու նրա մահը կբերի Իրանի մահվան։ Պարզվեց, որ այդ երկրում չկան անփոխարինելի առաջնորդներ, և Խամենեիին պատրաստ են հերթով փոխարինել մի քանի տասնյակ ոչ պակաս խարիզմատիկ և սկզբունքային առաջնորդներ։ Ավելին, պարզվեց, որ հաջորդ հոգևոր առաջնորդը ավելի արմատական ու անզիջում է, քան սպանված Խամենեին։

Սպանվեցին Իրանի բանակի բազմաթիվ հրամանատարներ, բայց դա ոչ մի կերպ չազդեց զորքի մարտունակության վրա։ Հակառակը, ավելի ամրապնդեց պայքարը, ավելի միավորեց մարդկանց գաղափարի շուրջ։ Նոր հրամանատարները ավելի կատաղի գործի անցան՝ հողին հավասարեցնելով Իսրայելի ռազմավարական օբյեկտներ, ոչնչացնելով ԱՄՆ-ի ՀՕՊ համակարգերը։

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին պարբերաբար դուրս էր գալիս փողոց ու շփվում ժողովրդի հետ, և ԱՄՆ-ի համար մեծ դժվարություն չէր նրան սպանելը։ Լարիջանին թեպետ խոշոր գործիչ էր, բայց միակը չէր, և նրանից հետո հերթում բազմաթիվ ուրիշ «Լարիջանիներ» կան։

Իրանը իսկական «մաստեր կլաս» է ցույց տալիս ազգային գաղափարախոսական ծրագրերի հիման վրա պետության կառավարման առումով։ Մարդը բարձր արժեք է, բայց բարձրագույնը հայրենիքն ու պետությունն են, որի անվտանգության ու բարեկեցության համար են մարդիկ ծառայում։

Մարդը, նույնիսկ ամենաբարձր պաշտոնյան Իրանում պատրաստ է զոհել սեփական անձը հանուն պետականության, իմանալով, որ իր հետևում կանգնած են իր նման և նույն գաղափարներով բազմաթիվ ուրիշներ, և իր բացակայությամբ ոչինչ չի փոխվի, երկիրը կընթանա իր գծած ուղիով։

Իրանի դեմ այս պատերազմը ոչ միայն ռեսուրսների, այլև գաղափարախոսության ու խորքային պետության կազմակերպման պայքար է, որից մենք սովորելու շատ բան ունենք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 136

Մեկնաբանություններ