Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Պետենը չվերաշարադրեց Ֆրանսիայի պատմությունը, չհրաժարվեց ֆրանսիական ժառանգությունից ու դա չփաթաթեց ժողովրդի վզին

Պետենը չվերաշարադրեց Ֆրանսիայի պատմությունը, չհրաժարվեց ֆրանսիական ժառանգությունից ու դա չփաթաթեց ժողովրդի վզին
15.03.2026 | 12:25

Երբ մարշալ Պետենի կյանքն ու գաղափարները ուսումնասիրում ես, պարզվում է՝ հեչ էլ օկուպացիոն վարչակարգ չէր հաստատել։ Բայց ֆրանսիացիները նրան չներեցին կոլաբորացիոնիզմի համար, նրան չներեցին գերմանական օկուպացիան ընդունելու համար և ընդհատակյա` պարտիզանական շարժումը, գեներալ Շառլ Դը Գոլի հետ, տապալեց պետենյան վարչակարգը՝ պարտված և օկուպացված Ֆրանսիան դարձնելով Յալթա-Պոտսդամյան նոր համակարգի 5 դերակատարներից մեկը, իսկ խորքում` աշխարհի 5 տերություններից մեկը, որը, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, դարձավ նոր համակարգի վճռորոշ ձայն ունեցող տերություն։

Պետենի վարչակարգի պահպանումը կնշանակեր Ֆրանսիայի անկում, ինչը ֆրանսիացիները ժամանակին հասկացան և թույլ չտվեցին։

Բայց Պետենը երբեք չսկսեց վերաշարադրել Ֆրանսիայի պատմությունը, չհրաժարվեց ֆրանսիական ժառանգությունից ու դա չփաթաթեց ժողովրդի վզին։

Փաշինյանը, ի տարբերություն մարշալ Պետենի, ընդունելով թշնամու կամքը, սկսեց պայքարը ոչ միայն ժողովրդի անհամաձայն շերտի դեմ, այլև՝ պատմական հիշողության, պատմական ժառանգության, հայկական առանձնահատկությունների, իդեալների դեմ։ Այդ պայքարը գնալով վերածվում է ինստիտուցիոնալ և համակարգված հալածանքի հայկական ինքնագիտակցության դեմ և պետական քաղաքականության բացահայտ ներդաշնակեցման Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականությանը։

Եթե այս ամենն աներ մարշալ Պետենը, դժվար է պատկերացնել, թե ֆրանսիացիները նրա հետ ինչպես կվարվեին, բայց հայերը, ըստ էության, մտածում են ձևեր, թե ինչպես արդարացնեն: Ընդ որում, նույն հայերը, ովքեր ֆրանսիական դիմադրության շարժման նշանավոր հերոս Միսաք Մանուշյանի ազգակիցն են, այն Մանուշյանի, ով պայքարեց ֆրանսիական կոլաբորացիոնիզմի դեմ, իսկ հայկական կոլաբորացիոնիզմը շարունակում է կենսունակություն ցույց տալ...

Իհարկե, շատերը կասեն, թե Հայաստանի պարագայում Շառլ Դը Գոլ չկա, բայց գեներալ Շառլ Դը Գոլը, մինչ Բրիտանիա կմեկներ, Ֆրանսիայում արդեն ձևավորվել և գործում էր դիմադրության շարժումը, առանց որի գեներալ Դը Գոլը Լոնդոնից միայն ուղերձներ կհրապարակեր, և վերջ:

Հետևաբար, խնդիրը բազմաշերտ է, իսկ օկուպացիոն մտածողությունը՝ աղետ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ