«Որքան երկար տևի ուկրաինական ճգնաժամը, այնքան Եվրոպային և աշխարհին ավելի մեծ վնաս կհասցվի»,- Ֆրանսիա իր այցի կապակցությամբ Չինաստանի կառավարության կայքում և ֆրանսիական Le Figaro պարբերականում գրել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Ըստ Ֆրանսպրեսի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր առաջնահերթությունը Սի Ծինպինի Փարիզ այցի ընթացքում լինելու է վերջինիս զգուշացնելը, թե որքան վտանգավոր է Ռուսաստանին ՈՒկրաինայի դեմ պատերազմում աջակցելը։               
 

Իրանի ԱԳՆ-ն գեներալ Սոլեյմանիի օգնությամբ «անակնկալներ» է պատրաստում ԱՄՆ-ի համար

Իրանի ԱԳՆ-ն գեներալ Սոլեյմանիի օգնությամբ «անակնկալներ» է պատրաստում ԱՄՆ-ի համար
06.04.2018 | 00:54

(Նախորդ մասը)

Դինն արձանագրում է նաև. «Ոչ ոք չէր սպասում իրադարձությունների այնպիսի շրջադարձ, ինչպիսին մենք տեսանք Սիրիայում, և դառը պարտություն ԱՄՆ-ի, Իսրայելի և Պարսից ծոցի պետությունների համար: Հետևաբար, մենք տեսնում ենք, որ ամերիկյան կոալիցիան ջանում է հաղթանակը խլել իր մշտական առաքելության միջոցով, որպեսզի արդարացնի Սիրիայում մնացած քրդերի առկայությունը որպես իր մշտական լիազոր ուժերի»:

Խոսելով երկրի անվտանգության խնդիրների լուծման համար տարածաշրջանային համագործակցության փոխարեն Աֆղանստանում ռազմական ներկայությունը մեծացնելու հարցին ԱՄՆ-ի մոտեցման մասին, նա ասել է. «Դիվանագիտությունը լուծման ուղի է, որը կհանգեցնի ԱՄՆ-ի վրա հնարավոր ճնշման՝ նրա կողմից իր զորքերի դուրսբերման համար, ինչը նա չի ուզում անել: Նա նախընտրում է պահպանել իր բազաները Աֆղանստանում, ինչը հնարավորություն է տալիս ավելի մոտ գտնվելու Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին: Երբ ԱՄՆ-ը մտավ Աֆղանստան, նրա գնահատմամբ, այնտեղ կար «Ալ-Քաիդայի» 1000 անդամ: Այնտեղ վերածնված Թալիբանի ու «Իսլամական պետության» անդամների թիվը հիմա շատ ավելի մեծ է: Չնայած 16-ամյա պատերազմին և Քաբուլի սովորական դարձած կոռումպացված կառավարությանը, ԱՄՆ-ը շարունակում է հետամուտ լինել ռազմական հաղթանակի, մինչդեռ մնացած բոլորը համաձայն են, որ դա անհնար է: Եվ դա մղձավանջ կլինի երկրի համար»: Ապա հետևում է Դինի, ի դեպ, «արտասահմանյան գործողությունների» մասնագետի, որը կապեր ունի ԱՄՆ-ի գործող և պաշտոնաթող շատ զինվորականների հետ, ծայրաստիճան կոշտ անկեղծությունը. «Թրամփը հավատում է իր մերձավոր ապուշներին, կարծելով, թե օդային ուժերը կարող են հաղթել հակառակորդին Աֆղանստանի նման ցամաքում: Նա ռմբակոծության համար նույնիսկ B-52 է օգտագործում, ինչը դարձել է ընդդիմության «հավաքագրման» կարևոր գործիք, քանի որ գրոհները միշտ սպանում են մեծ թվով խաղաղ բնակիչների: Ի վերջո, Աֆղանստանը Ռուսաստանի ու Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական հզորության մեծացման առաջիկա պլանի մի մասն է միայն. կծավալվեն հարձակողական ու պաշտպանական հակահրթիռային համակարգեր ու նոր հարձակողական միջուկային զենք: Թե որքան աֆղաններ կտուժեն ու կմեռնեն՝ ԱՄՆ-ի համար ոչ մի նշանակություն չունի»:

Նա հիշատակել է նաև ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի գործընկերությունը ԱՄՆ-ի հակաահաբեկչական քաղաքականության համատեքստում. «Դա նման էր դժոխքում կնքված «ամուսնության պայմանագրի»: Ամերիկյան ռազմական տերությունը միացել է ամենահարուստ արաբական երկրի և ամերիկյան զենքի խոշորագույն գնորդի հետ: Դա ներառում է մուսուլմանական կրոնական ծխածածկույթը, որը կոչված է ընդգրկելու վահաբական ծայրահեղականությունը, որն առաջ մոջահեդների կողմից օգտագործվում էր ԽՍՀՄ-ի դեմ աֆղանական պատերազմում, երբ, հսկայական թվով երեխաների ուղեղները լվանալով, նրանց պատրաստում էին որպես թնդանոթի ապագա միս»:
Մարտի 6-ին «կանաչների» շարժման ամերիկացի ակտիվիստ Մայլս Հենիգը ԱՄՆ-ին ավելի կոնկրետ է մեղադրել ահաբեկիչների հետ ունեցած կապերի մեջ: Հենիգը 2016 թ. քվեարկվում էր ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններում որպես իր շարժման թեկնածու, սակայն բառացիորեն «հալածվեց» ընդդիմախոսների կողմից և չմտավ Կոնգրես: IRNA գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է. «Վաշինգտոն-Էր-Ռիադ-Թել-Ավիվ առանցքը «Իսլամական պետություն» խմբավորման գլխավոր կողմնակիցն է, որի պարտականությունն է վնաս հասցնել Իրանին ու Սիրիային և ուղի հարթել Սաուդյան Արաբիայի ղեկավարների համար, որպեսզի նրանք այնտեղ տիրանան իշխանությանը: Սա է տարածաշրջանում առկա իրողությունը: Այդ շաղախին ԻՊ-ի ավելացումը պարզապես կնշանակի հավելում կատարել Իսրայել-Սաուդյան Արաբիա առանցքին, որովհետև թե՛ նրանք, թե՛ ԱՄՆ-ը նրա գլխավոր բարերարներն են»: Հենիգն ասել է. «Իսրայելը երկար ժամանակ ԱՄՆ-ի շահերին է ծառայել իբրև աշխարհաքաղաքական լսարան, իբրև զենքի փորձարկող և պաղեստինյան ինքնորոշման դեմ ուղղված պատժիչ ձեռք: Բայց և՛ Նեթանյահուն, և՛ Թրամփը սխալվում են իրենց մեծություն կարծելով: Թրամփը համարում է, որ ինքը միակն է, որ կարող է փրկել Ամերիկան և այն մեկ անգամ ևս դարձնել մեծ, իսկ Նեթանյահուն համարում է, որ ինքը հրեաների արքան է և ներկայացնում է ամբողջ աշխարհի հրեաներին: Երբ նման գլուխները մեկտեղվում են մեկ նպատակի շուրջ, հարձակվելով այնպիսի թշնամու վրա, ինչպիսին Իրանն է, սովորաբար սարսափելի է լինում»:


Հենիգի ասելով, Թրամփի անվտանգության ծառայությունները անհանգստացած են, որ նա հնարավոր է դուրս գա գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ), որը հայտնի է նաև որպես «իրանական միջուկային գործարք»: «Սպասվում է, որ Նեթանյահուն Թրամփին կստիպի լիովին դուրս գալ ԳՀՀՊ-ից: ԱՄՆ-ի պետական անվտանգության շատ փորձագետներ նախագահ Թրամփի վարչակազմին կոչ են արել վտանգի չենթարկել Իրանի հետ կնքված միջազգային միջուկային գործարքը: Ակնհայտ է, որ իրանական միջուկային ծրագրի պատճառով շահերի բախում կա ԱՄՆ-ի և Իսրայելի միջև»,- կարծում է նա: Խոսելով նրանց մասին, ովքեր հանդես են գալիս Թրամփի քաղաքականության դեմ, Հենիգն ասել է. «Նախագահ Թրամփը կարծում է, որ հետախուզական հանրությունը դեմ է իրեն: Այնպիսի մարդիկ, ինչպիսին ԿՀՎ-ի նախկին ղեկավար Բրեննանն է, որը կանոնավորապես հանդես էր գալիս բանակցային գծում, խիստ քննադատում է Թրամփին նրա վարած քաղաքականության, Սպիտակ տանը ծայր առած խառնաշփոթի ու հոգեկան անկայունության համար»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքական կյանքում Թրամփի փեսայի դերին, ապա Հենիգն ասել է, որ Թրամփը երբեք Իսրայելում մեծ շահագրգռություն չի դրսևորել մինչև նախագահ դառնալը կամ քաղաքականության մեջ մտնելը, բայց մտնելով, սկսեց հետևել առաջատարին՝ իր փեսային, Ջերարդ Քուշներին, որն ամուր կապեր ունի այդ երկրի հետ: «Թվում է, թե դա վախեցնող հանգամանք է Իրանի հանդեպ նրա վարած քաղաքականության մեջ: Մինչև վերջերս Քուշների ընտանեկան բիզնեսը, այդ թվում Իսրայելում, ուժգին աջակցություն էր գտնում Դոնալդ Թրամփի կողմից, նա ամեն ինչ անում էր դրա բարելավման համար: Թրամփը, ինչպես Քուշները, կառավարությունը համարում է շատ հարուստների իշխանություն ու բարեկեցություն, ինչպես նաև հսկայական տնտեսական հզորության պահպանման միջոց»: Նշելով, որ Թրամփն անտեղյակ է այն ամենին, ինչ տեղի է ունենում Իսրայելում, նա ավելացրել է. «Թրամփը հենվում է Քուշների վրա և հետևում է նրա խորհուրդներին, քանի որ գտնվում է իր փեսայի ազդեցության ներքո, որն ուժեղ կապեր ունի, և նրան դարձրել է առանցքային դեմք Մերձավոր Արևելքում, ինչպես իր կառավարման ժամկետի սկզբում»: Հենիգն ասել է նաև, որ Քուշները կարող է ուղղակի հեռացվել Սպիտակ տնից, քանի որ հատուկ դատախազի հետ նրա ունեցած խնդիրները ազդեցություն են գործում Թրամփի վրա. «Եթե Քուշներին մեղադրանք առաջադրվի, երևի Թրամփը նոր մեկին գտնի իրեն Մերձավոր Արևելքի հետ կապող, որը նույնպես, ամենայն հավանականությամբ, հակապաղեստինյան ու հակաիրանական «հավատամք» կունենա: Բացի Իսրայելին ցուցաբերվող մեծ աջակցությունից և պաղեստինյան շահերի անտեսումից, Թրամփը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից»:


Իմ կարծիքով, ճիշտ ժամանակն է հիշեցնելու «Իսլամական պետություն» խմբավորման հետ ԱՄՆ-ի կապի վերաբերյալ տեղեկատվության առաջին արտահոսքի մասին: Եվ այսպես, 2014 թ. օգոստոսի 23-ին կիսապաշտոնական «Tehran Times» թերթը հրապարակեց «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIL). «Անկախ տարածաշրջանային դերակատա՞ր, թե՞ ԿՀՎ-Մոսսադի հոգեզավակ» վերնագրով հոդվածը: Բացի նրանից, որ հոդվածի հեղինակներն ընդգծում էին այդ ահաբեկչական կառույցի «քրդական ծագումը»՝ «ISIL-ը սկիզբ է առնում մի քրդական ապստամբական խմբից, որը կազմավորվել էր 2003 թ. Իրաքի տարածք ամերիկյան ներխուժումից հետո և գլխավորվում էր նախկին գերահաբեկիչ Աբու Մուսաբա Զարքավիի կողմից, որը 2004 թ. հավատարմության երդում տվեց «Ալ-Քաիդային», որպեսզի նրա բաժանմունք ստեղծի Իրաքում (ԱԿԻ)», նրանք նաև առաջին անգամ աշխարհին ծանոթացրին հետևությունների, որոնք բացահայտորեն արդարամիտ էին ԱՄՆ-ի ու Իսրայելի համար: «ISIL-ն իրականում ԿՀՎ-ի և Մոսսադի «հոգեզավակն» է: ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մակքեյնը լուսանկար ունի ISIL-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ, որը, Էդվարդ Սնոուդենի հետ կապված և Իրանի հատուկ ծառայությունների կողմից բացահայտված աղբյուրների տվյալների համաձայն, իրականում Շիմոն Էլիոթն է՝ սիոնիստական Մոսսադ հետախուզական ծառայության հրեա գործակալը: Իրական պլանով նախատեսված էր ներխուժել այն երկրներ, որոնք սպառնալիք են ներկայացնում բիբլիական «Մեծ Իսրայելի» ստեղծման իսրայելական նախագծի համար»,- 2014 թ. օգոստոսին գրել է «Tehran Times»-ը:

Իսկ ինչ վերաբերում է գեներալ-մայոր Սոլեյմանիի ներկա «փաստաթղթերի ծրարին», ապա աշխարհին է հայտնի, որ դեռ շատ տարիներ առաջ իրանական հատուկ նշանակության ուժերը նրա հրամանատարությամբ մի լավ ջարդ էին տվել Իրաքում գտնվող ամերիկյան զորքերին, ինչը, ելույթ ունենալով Կոնգրեսում, խոստովանել էր նույնիսկ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը: Սոլեյմանիին հիշում է նաև ԿՀՎ-ի նախկին տնօրեն Դևիդ Պետրեուսը, որին 2008 թվականին հանձնվել էր անձնական մի երկտող. «Գեներալ Պետրեուս, Դուք պետք է իմանաք, որ ես՝ Քասսեմ Սոլեյմանիս եմ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Գազայում ու Աֆղանստանում Իրանի քաղաքականության պատասխանատուն»: Որոշ տվյալների համաձայն, գեներալ Սոլեյմանին սեփական գործակալներն ունի նաև բուն ԿՀՎ-ում, և գրություններից մեկը վերոհիշյալ Պետրեուսին «անսպասելիորեն և անհասկանալիորեն» հանձնվել էր հենց վարչության ղեկավարի աշխատասենյակում: Հիմա Սոլեյմանին և «Կոդս» հատուկ նշանակության ծառայությունը լայնորեն ճյուղավորված գործակալական ցանցեր ունեն ոչ միայն Իրաքում ու Սիրիայում:


Իրավիճակն այժմ շատ ավելի բարդ է, քան այն ժամանակ, երբ պարոնայք Սոլեյմանին ու Աբդոլլահիյանը Իրանի արտգործնախարարության հետ պայմանավորվում էին այն մասին, որ ապրիլի 4-ին պետք է փաստաթղթերը «շպրտել ՄԱԿ-ի և Արևմուտքի երեսին»: Ես ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ Հայաստանի քաղաքացիներին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ խոր առնչությունների հենց սկզբից էլ Ռուսաստանի և Իրանի համար Սիրիայի առումով Անկարան հանդես է եկել ու հանդես է գալիս իբրև սոսկ Արևմուտքի ու Իսրայելի գործիք: ՈՒստի և առաջինը «պետք է շպրտել» հենց Էրդողանի երեսին, իսկ թուրքերը, իրենց հերթին, պետք է «վազ տան» ԱՄՆ-ի ու Իսրայելի մոտ և իրենց տերերին ցույց տան «իրանական ապտակի» հետևանքները: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) մարտիկներին հրամայեց հեռանալ հյուսիսսիրիական Աֆրին քաղաքից, Թուրքիան լկտիորեն արդեն ուզում է «իրենով անել» նաև հյուսիսսիրիական Մանբիջ քաղաքը, որտեղ նույնպես կանգնած են YPG-ի քրդերը: Ավելին, Էրդողանն սպառնում է զավթել ամբողջ Հյուսիսային Սիրիան, այդ թվում` այնպիսի քաղաքներ ու վայրեր, որտեղ ապրում են նաև հայեր, ասորիներ, այլ քրիստոնյաներ: Խոսքը Հասեկեի, Դեյր էզ Զորի, Ղամշլիի մասին է: Թուրքերն ու թուրքմենների ավազակախմբերը արդեն փորձ են արել գրոհելու Հալեպի կողմերը: Էրդողանն սպառնում է զավթել նաև Հյուսիսային Իրաքը: Համենայն դեպս, թուրքերը մտադիր են ներխուժել եզդիական Սինջարի շրջան: Իրաքի եզդիներն էլ են արդեն տագնապ հնչեցնում. հայերի ու ասորիների նման նրանց պատմական հիշողությունն էլ է թարմ, և նրանք չեն մոռացել Օսմանյան կայսրությունում եզդիների և մյուս ոչ թուրք ժողովուրդների ցեղասպանությունը: Այնպես որ, Ռուսաստանն ու Իրանը, այնուամենայնիվ, ստիպված կլինեն միասին «տեղը դնել» ԱՄՆ-ի և Իսրայելի կապը կտրած ծառային՝ Թուրքիային:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ