Վերհիշենք նախապատմությունը։ Մայիսի 8-ին, «միջուկային գործարքից» ԱՄՆ-ի հրաժարվելուց ուղիղ մեկ տարի հետո, Թեհրանը հայտարարեց ամեն երկու ամիսը մեկ իր պարտավորությունների կրճատումն սկսելու մասին։ Իրանը հայտարարեց, որ առաջին փուլում միջուկային վառելիքի իր պաշարները չի սահմանափակելու գործարքով թույլատրված 300 կիլոգրամով։ Սակայն նույն օրը (մայիսի 8-ին) Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը (ԱԱԲԽ) հայտարարեց, որ եթե գործարքի մնացած կողմերը, հատկապես եվրոպացիները, երկու ամսում մշակեն Իրանը պատժամիջոցներից պաշտպանելու մեխանիզմ, ապա ինքը կվերացնի այդ որոշումը։ Բայց քանի որ եվրոպական երկրները չտեղավորվեցին այդ ժամկետում, հուլիսի 7-ին Իրանը հայտարարեց, որ սկսել է ուրանը հարստացնել 3,67 %-ից բարձր մաքրությամբ, այսինքն, սկսում է երկրորդ փուլը։ Եվ կրկին, քանի որ Եվրոպան բաց թողեց երկրորդ 60-օրյա ժամկետը, Իրանը երրորդ քայլն արեց՝ հանելով միջուկային հետազոտությունների և մշակման արգելքը։ Սեպտեմբերի 5-ին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին նամակով տեղեկացրեց Իրանի երրորդ քայլի մասին։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլլահ Խամենեին հոկտեմբերի 2-ին հայտարարեց, որ Իրանը շարունակելու է կրճատել պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակներում. «Միջուկային պարտավորությունների կրճատումը, որոնց համար պատասխանատու է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ), պետք է շարունակվի լրջորեն ու ճշտիվ այնքան ժամանակ, մինչև հասնի բարենպաստ արդյունքների, և անպայման կհասնի»։ Հոկտեմբերի սկզբին ԻԱԷԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բեհռուզ Քամալվանդին հայտարարել է, որ Իրանին միայն երկու քայլ է մնացել մինչև միջուկային գործարքով պարտավորությունները դադարեցնելը, եթե եվրոպացիները դեռ շարունակեն չկատարել Թեհրանի պահանջները։
Այսպես թե այնպես, բայց պարզ էր, որ շատ բան կախված է լինելու Իրանի և Ռուսաստանի միջանկյալ խորհրդակցություններից, մանավանդ որ տեղեկություններ կային, թե Ֆրանսիան ու Ճապոնիան պաշտոնական Մոսկվային խնդրել են, որ «համոզի» Իրանի ղեկավարությանը։ Հոկտեմբերի վերջին Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին և նրա ռուս գործընկեր Սերգեյ Ռյաբկովը Մոսկվայում քննարկել են ԳՀՀՊ-ի հետ կապված վերջին իրավիճակը։ Հիշատակելով ֆրանսիական պլանը և նախագահ Ռոհանիի բանակցությունները Նյու Յորքում՝ Արակչին ասել է, որ Իրանը ողջունում է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ընդունակ են ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու, բայց դրանք ընդունելի են միայն այն ժամանակ, երբ իրական են և ունակ են ապահովելու Իրանի շահերը ԳՀՀՊ-ի միջոցով։ Քննադատելով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը և համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ԵՄ-ի՝ իր պարտավորությունները կատարելու անկարողությունը, Արակչին ասել է, որ եթե Իրանի պահանջները չկատարվեն, ապա նա կշարունակի կրճատել իր պարտավորությունները։ Կրկնելով, որ դիվանագիտական ուղին առաջվա պես բաց է, բայց այն ավելի ու ավելի դժվար է դառնում անցնել, Արակչին ասել է, որ ԳՀՀՊ-ի մնացած երկրները պետք է իմանան, որ իրենք քիչ ժամանակ ունեն, եթե լի են գործարքը փրկելու վճռականությամբ։
Ռյաբկովն իր հերթին հայտարարել է, որ ԳՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձևին, և իր երկիրը պաշտպանում է ԳՀՀՊ-ն որպես կարևոր բազմակողմ նվաճում։ Երկու պաշտոնյաները բարձր գնահատեցին իրենց երկրների միջև խորհրդակցությունները և ընդգծեցին բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Ռյաբկովի խոսքերից նկատելի է, որ Մոսկվան առանձնապես մտադիր չէ Իրանին «համոզելու», որ անի կամ չանի այս կամ այն բանը, եթե միջուկային գործարքի մյուս մասնակիցները գերշահագրգռվածություն չեն ցուցաբերում ԳՀՀՊ-ն պահպանելու ուղղությամբ։ Խնդիրն այն է, որ Թեհրանում «ֆրանսիական պլանն իրավացիորեն գնահատել են որպես էժանագին հնարք և Իրանի համբերատարությունը չափազանց էժան «գնելու» փորձ։ Իսկապես, ի՞նչ է այդ 18-19 մլրդ դոլարի կրեդիտը (այսինքն՝ գումար, որը, այսպես թե այնպես, պետք է վերադարձվի) իրանական այն 150 մլրդ դոլարի համեմատությամբ, որը գտնվում է արևմտյան բանկերում և Արևմուտքի կողմից «սառեցվել» է ԱՄՆ-ի թելադրանքով։ Բնական է, որ Ռյաբկովը համաձայնել է Արակչիի փաստարկներին, իսկ վերջինս, ըստ էության, ռուս գործընկերոջը խնդրել է վերահաղորդել Արևմուտքին, որ այդպես՝ ամեն երկու ամիսը մեկ, Իրանն ընդհանրապես դուրս կգա ԳՀՀՊ համաձայնագրից, ընդ որում, նրա այդ իրավունքն առանձին ամրագրված է հենց համաձայնագրում։ Իրանն իրավունք ունի խզելու պայմանագիրը, եթե մյուս կողմերից թեկուզ մեկը խույս տա իր պարտավորությունների կատարումից։ Այնպես որ, Իրանն առայժմ զսպվածության ու համբերատարության հրաշքներ է ցուցադրում. չէ՞ որ ԱՄՆ-ն արդեն 1,5 տարի խախտում է դիվանագիտության բոլոր պատկերացնելի և անպատկերացնելի նորմերը միջազգային բնույթի պայմանավորվածությունների կատարման գծով։
Հոկտեմբերի 28-ին վերոնշյալ Ալի Ասղար Զարեանը պաշտոնապես հայտարարել է, որ Ֆորդոյի միջուկային խոշոր օբյեկտն իր գործունեությունը շարունակում է ավելի արագ տեմպերով, քան ԳՀՀՊ պայմանագրի ժամանակ։ Ըստ Զարեանի, ֆորդոյի միջուկային հարթակի (կառուցվել է իրանցի մասնագետների կողմից) հզորությունը նախորդ տարիների համեմատ ավելացել է։ Նա նշել է, որ մինչև միջուկային գործարքի կնքումը հարթակում աշխատում էր 720 ցենտրիֆուգ, իսկ այսօր՝ 1044, և ամեն անգամ, երբ երկրին անհրաժեշտ է ուրանի 20 % հարստացում, այդ պահանջարկը կարող է բավարարվել։
Հոկտեմբերի 30-ին Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հաստատեց, որ Թեհրանը կձեռնարկի չորրորդ քայլը իր պարտավորությունների արդիականացման գծով, եթե եվրոպացիները չկատարեն իրենց խոստումները. «Կոմիտեն ուսումնասիրում է չորրորդ փուլը։ Իրանը կանի չորրորդ քայլը իր ժամանակին, եթե այն, ինչին ձգտում է, չկատարվի բանակցությունների ու հանդիպումների ժամանակ մինչև երրորդ քայլից հետո երկամսյա ժամկետի վերջանալը»։ Շատ երկրներում տագնապ առաջացավ. չէ՞ որ Վայեզիի ասածից հետևում էր, որ Թեհրանում ստեղծվել է ենթադրվող չորրորդ քայլի հնարավոր տարբերակների ուսումնասիրման հատուկ կոմիտե, որի եզրակացությունները հաղորդվելու են Իրանի նախագահ Ռոհանիին, իսկ պլանը լրամշակվելու և իրականացվելու է։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհին լրագրողներին հայտնել է, որ չորրորդ քայլը հայտարարելու է նախագահը 2019 թ. նոյեմբերի 7-ին։ Եվ այդ քայլը կատարվել է՝ բացելով ճանապարհը, ընդհուպ մինչև Իրանի դուրս գալը ԳՀՀՊ փաստաթղթի շրջանակներից։
Թեև ԻԻՀ-ի կառավարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել չորրորդ փուլի մանրամասների վերաբերյալ, բայց արված դիտողություններից կարելի է հասկանալ հետևյալը։ Մոտակա օրերին Իրանը, ըստ Վայեզիի, կներկայացնի 30 IR6 ցենտրիֆուգների ցանց։ Հարստացման հզորությունը պետք է ավելանա 45 %-ով, այսինքն ներկայիս 5600 EPP-ին պետք է ավելանա մոտ 3500 EPP։ «Եթե մինչև ԳՀՀՊ-ն Իրանն ուներ 2300 կգ հարստացված ուրան, ապա այժմ այդ թիվը 1700-1800 է, այսինքն երկիրը վերադառնում է ԳՀՀՊ-ից առաջ եղած մակարդակին»,- ասել է Սալեհը։ Նախագահ Ռոհանին նույնպես որոշ տեղեկություններ է հայտնել։ Հոկտեմբերի 14-ի մամուլի կոնֆերանսում նա հայտարարել է, որ կներկայացվեն IR7, IR8, և IR9 ցենտրիֆուգներ, որոնք կսկսեն գործել մոտ ապագայում։ Հաշվի առնելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների արած բոլոր հայտարարություններն ու դիտողությունները, կարելի է ենթադրել, որ չորրորդ քայլը կարող է ընդգրկել ոչ միայն ԱԷՄԳ-ի գծով միջուկային տեսչական ստուգումների սահմանափակումը, այլև IR6 ցենտրիֆուգների ցանցի բացումը, ուրանի հարստացման մակարդակի բարձրացումը, Արակի ռեակտորի երկրորդ փուլի գործարկումը, նրա լիցքավորման մեքենայի տեղադրումը, IR7, IR8, և IR9 ցենտրիֆուգների ներկայացումը։
Իհարկե, կարելի է հուսալ նաև, որ Իրանում միջուկային զենքի մշակումը պաշտոնապես արգելված է այաթոլահ Ալի Խամենեիի կարգադրությամբ։ Բայց, միևնույն ժամանակ, որքան անմիտ էին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի քայլերը, որքան «միամիտ» էր Եվրամիության ու եվրոպական առանձին երկրների խաբեությունը, նույնքան էլ այժմ ամրապնդվել է Իրանի համոզվածությունը, որ Արևմուտքը բացահայտորեն տանուլ է տվել հակամարտությունը։ Բանը հասել է նրան, որ, եթե հավատանք իրանական ու պակիստանյան աղբյուրներին, հոկտեմբերին Թրամփը խնդրում էր Պակիստանի վարչապետ Իմրան Խանին, որ միջնորդ դառնա ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում։ Եվ Իմրան Խանն իսկապես չնախատեսված այց է կատարել Թեհրան։ Նրան ընդունել է նաև այաթոլահ Խամենեին. պարզ է, որ առանց գերագույն առաջնորդի հավանության Իրանում ոչ ոք չի փոխի գլխավոր գիծը ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում։ Սակայն, նայելով իրավիճակին, պետք է ընդունել, որ Իմրան Խանի առաքելությունն անիրագործելի է եղել։
Համոզված ենք, որ նույնիսկ Իմրան Խանի դրվագում Իրանը համապատասխան տեղեկություն է հաղորդել Մոսկվայի իր գործընկերներին, չենք բացառում՝ նաև Պեկինին։ Վերջում հիշեցնենք Ռուսաստանի արձագանքը Իրանի հետ «միջուկային գործարքի» հարցի առթիվ և այդ հարցում Եվրոպայի վարքին։ Հոկտեմբերի կեսերին ԵՄ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Իրանի հետ ֆինանսական հաշիվների INSTEX մեխանիզմն ապացուցել է իր անարդյունավետությունը։ «Այն ժամանակից, երբ ծրագրվել է այդ մեխանիզմը, նրա երեք ղեկավար է փոխվել, իսկ դա շատ բան է ասում։ Ինչ վերաբերում է մեր եվրոպացի գործընկերներին, ապա «եվրաեռյակն» ընդհանրապես երկիմաստ դիրքորոշում ունի Իրանի նկատմամբ։ Մի կողմից, նրանք ասում են, որ պաշտպանում են Իրանի հետ գործողությունների համապարփակ համատեղ պլանը, մյուս կողմից, տակից սղոցում են այն։ Եթե երբևէ ԱՄՆ-ը բանակցությունների սեղանի շուրջը նստի Իրանի հետ, ապա այդ սեղանի շուրջը ֆրանսիացիները հաստատ չեն լինի։ Դա չի նշանակում, որ ֆրանսիական դիվանագիտության դրական ջանքերը պետք չեն լինի։ Իհարկե պետք կլինեն։ Բայց ամերիկացիների ներկայիս վարչակազմը բանակցություններ է վարում միայն երկկողմ ձևաչափով։ Այդպես է եղել Հյուսիսային Կորեայի հետ, այդպես կլինի նաև Իրանի, մնացած բոլորի հետ»,- ասել է Չիժովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այդ եզրակացության մեջ բացահայտվում են ֆրանս-ճապոնական «առաջարկների» վերաբերյալ Ռյաբկովի և Արակչիի թերահավատության, Իրանի կողմից եվրոպացիների հետ ԱՄՆ-ի վերաբերյալ ընդհանրապես որևէ բան քննարկելու ցանկության բացակայության պատճառները։ Եվ բացառված չէ, որ կգա մի պահ, երբ Թրամփն ստիպված կլինի Իրանի հետ շփումները կարգավորելու մասին խնդրելու Ռուսաստանի, Չինաստանի կամ էլ միաժամանակ երկուսի միջնորդությունը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ