Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մասիսները

Մասիսները
20.02.2015 | 00:12

Այդին

ՄՈՐԻԿՅԱՆ

(սկիզբը` այստեղ)

Երրորդ բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլի ստորագրությունը կրող հեռագրում նշված է, որ հայերից որևէ մեկին հովանավորող մահմեդականը մահապատժի է ենթարկվելու իր բնակավայրում, և տունն էլ հրդեհվելու է: Եթե հովանավորողը պետական պաշտոնյա լինի, ապա գործից վտարվելու է՝ դատվելու զինվորական դատարանով: Իսկ եթե զինվորական լինի, ապա որպես հանցագործ կանգնելու է ռազմական ատյանի առաջ (գործ N 13, փաստաթուղթ N1): Այս խստությունները ցույց են տալիս, թե ինչու տվյալ վայրի մահմեդականները և մանր պաշտոնյաները չէին կարողանում տեղի ունեցող գազանությունների առջևն առնել:
Տրապիզոնի նախկին պատգամավոր Հաֆըզ Մեհմեդ բեյի տված ցուցմունքից (գործ N 15) բացահայտվում է, թե ինչպես հայերին, Սև ծովի ափերին նավ նստեցնելով, խեղդամահ են արել: Նույնիսկ այս ողբերգության մասին երբ ինքը հայտնել է Թալեաթ բեյին, վերջինս ոչ մի քայլ չի ձեռնարկել (Տրապիզոնի) վալի Ջեմալ Ազմիի նկատմամբ: Այս հանգամանքն առավել ևս ծանրացնում է Թալեաթ բեյի հանցագործությունը։
Էրզրումի վալի Մյունիր բեյի 1331 թ. (1915) դեկտեմբերի 14-ի թվագրությունը կրող ծածկագիր հեռագիրը (գործ N 16) ցույց է տալիս, որ հակառակ նախկին վալի Թահսին բեյի գործադրած ջանքերին՝ Էրզրումից Քըղիի ճանապարհով ուղարկված հայերի քարավանները կոտորածի են ենթարկվել կենտրոնական կոմիտեի անդամ Բեհաէդդին Շաքիր բեյի կազմած հրոսակախմբերի և դերսիմցիների կողմից:
«Միություն և առաջադիմություն» կուսակցության գումարած մի ժողովում նախագահը թաքրիր է ներկայացրել Թալեաթ բեյին, ուր նկարագրված են եղել հայերի հանդեպ գործադրված դաժանություններն ու կոտորածները, և այս կապակցությամբ պահանջել է դատաքննության ենթարկել կուսակցության մի շարք շրջանային պատասխանատու քարտուղարների, այդ թվում՝ դոկտոր Ռեշիդին, Ջեմալ Ազմիին, Սաբիթին, Մուամմերին, Աթիֆին և կալանատների ընդհանուր տնօրեն Իբրահիմ բեյին: Մինչդեռ Թալեաթը մի կողմ է շպրտել այդ թաքրիրը՝ ակնարկելով, որ այն պահվի: Վեհիբ փաշայի վկայության մեջ (տե՛ս գործ N 7, էջ 3) նշվում է, որ հայերի նկատմամբ կատարվող վայրագություններն ու կոտորածները, նրանց ունեցվածքի թալանն ու կողոպուտը որոշված են եղել «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից: Եվ այդ կոտորածների, ինչպես նաև բոլոր գազանությունների իրագործման համար Բեհաէդդին Շաքիր բեյը երրորդ բանակի շրջանում պատրաստել է հատուկ մարդասպաններ և անձամբ ղեկավարել նրանց: Նույնիսկ պետության ղեկավարները ենթարկվել են Բեհաէդդին Շաքիրի հրամաններին ու հրահանգներին: Երրորդ բանակի կողմից կատարված բոլոր բռնությունների, խարդավանքների և բանսարկությունների մտահղացողը նույնպես եղել է Բեհաէդդին Շաքիրը: Նրա կողմից հավաքագրված մարդկանց մի մասը եղել է մահապատժի ենթակա հանցագործ, իսկ մի մասն էլ՝ արնախում ժանդարմներ: Գրավոր բերված բոլոր ցուցմունքները մեղադրական հավաստի ապացույցներ են՝ ուղղված «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի և Մեջլիսի անդամների դեմ:
Բեհաէդդին Շաքիր բեյի՝ Էրզրումից Անթալիայի մութասարիֆին ուղարկված ծածկագիր հեռագրում նշած է. «Էրզրումի, Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Սիվասի, Տրապիզոնի շրջաններում ոչ մի հայ չի մնացել, բոլորը արտաքսվել են Մոսուլի և Դեր-Զորի կողմերը: Իսկ դուք ի՞նչ եք անում Անթալիայում»:
Դատախազ Մուստաֆա Նազիմ բեյ- Դատարանում ներկա գտնվողների և բացակաների ամբաստանությանը վերաբերող քրեական հոդվածները պարզաբանված են մեղադրական եզրակացությունում: Իսկ մեղադրանքին վերաբերող բոլոր փաստաթղթերն ու վկայություններն անվանական կարգով դասավորված են թղթապանակների մեջ: Ես կարծում եմ, որ ավելորդ ժամանակ չվատնելու համար անհրաժեշտություն չկա այդ բոլորի հիման վրա կրկին կանգ առնելու և այսօրվա համար նշանակված դատաքննությունը հետաձգելու հաջորդ օրվան: Հարցաքննության ընթացքում ճշմարտությունը բացահայտվել է կատարելապես: Այնուհանդերձ դատաքննության կարևորության և նրա՝ միայն արդարության վրա հիմվելու փաստը ապացուցելու նկատառումով ուզում եմ մի քանի խոսք ավելացնել: Հայտնի է, որ ազգերի համատեղությունը, պետությունների գոյատևումը ուղղակի առնչվում են իրավունքի, արդարության և հավասարության կատարյալ ապահովության հետ: Հետևաբար, մի երկրում իրավունքի և արդարության առկայությամբ է պայմանավորված այդ երկրի հասարակական կյանքի գոյատևումը: Այդ գործոնների բացակայության դեպքում հասարակությունը չի հարատևել: Տարիներ ի վեր Օսմանյան կայսրության մեջ տարբեր ազգությունների առկայությունը մեծ դժվարություններ է հարուցել, և, դժբախտաբար, երբեմն նրանք, իրար հետ բախվելով, արյունալի էջեր են արձանագրել նրա պատմության մեջ: Օսմանյան օրենսդրությանը, օսմանցու խղճին անհարիր այնպիսի հանցագործություններ են տեղի ունեցել, որոնք երբևէ չէին կարող ընդունվել սուլթանության և մեծն խալիֆայության կողմից: Օսմանյան օրենքները, որոնց թարգմանն եմ ես այսօր, երբեք չեն կարող հանդուրժել և ներել այդ բոլորը: Օսմանյան տարածքում անպատիժ մնացած հանցագործությունները պատժվելու են օսմանյան օրենքի համապատասխան հոդվածներով: Պիտի հատուցվի զոհ գնացած անմեղ մարդկանց արյունը, և արդարությունը տենչացող օսմանյան ժողովուրդներն ի վերջո պիտի հասնեն դրան: Իրականում օսմանյան տարածքում գտնվող երկրները ծարավի են արդարության: Սահմանադրության հռչակումից հետո «Միություն և առաջադիմություն» կուսակցության թելադրանքով կատարված սպանությունները, ավերածությունները, վայրագությունները, չարաշահումները ծանր հետևանքներ թողեցին ժողովրդի վրա: Օսմանյան պետության համար մեծ աղետ էին նաև համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած արյունահեղություններն ու կոտորածները:
Բարբարոսաբար իրականացված կոտորածները, անարգ չարաշահումները, դժբախտաբար, նույնպես վերագրվում են «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեին, նրա պլենումին և «Թեշքիլաթը մահսուսե»-ի գործունեությանը: Կոտորածների և չարաշահումների հետևանքով օսմանների արժանապատվության վրա ընկած արյունոտ հետքերը, օսմանների ճակատը մրոտած սև բծերը կարելի է ջնջել միայն արդարության գրչով: Եվ այս ձևով ջնջելու համար նրանց դեմ հայտարարվում է ջիհադ: Պատժվելու են հանցագործություն կատարած մահմեդականներն ու քրիստոնյա անձինք: Դատախազությունը կոչված չէ միակողմանի դատաքննություն կատարելու: Բոլոր դատախազությունների նման մենք ևս պատրաստ ենք բողոքները քննարկելու և լսելու տուժած կողմի գանգատները: Լինի մահմեդական կամ քրիստոնյա, օսմանցու թափած արյունը անհատույց չի մնալու: Բնական է, որ արդար դատարանի վրա չի կարելի քաղաքական վրեժխնդրության նկատառումներով ճնշում գործադրել կամ վերապահումներ անել: Ոչ մի պետություն կամ քաղաքակիրթ ժողովուրդ օսմանյան պետությունից կամ դատարանից ցայսօր չեն պահանջել և չեն էլ կարող պահանջել, որպեսզի պատժի ենթարկված հանցագործը արդարացվի: Մեզնից պահանջվում է հանուն մարդկային իրավունքի պաշտպանության գործադրել արդարադատությունը: Նույնիսկ մեծն խալիֆաները հարգանքով գլուխ են խոնարհել իսլամի արդարադատության առաջ: Օսմանյան դատարանի և դատավորների առաջ նույն վերաբերմունքը պիտի ունենան նաև մինիստրներն ու վեզիրները: Մեղադրական եզրակացությունում ցույց տրված և անմիջական իրենց հեղինակությամբ կատարված հանցագործությունների համար մեղադրվում են դոկտոր Բեհաէդդին Շաքիրը, Նազըմը, Աթիֆը, Ռիզան, Ջևադը, Ազիզը, Էնվերը, Ջեմալը և Թալեաթը: Այդ հանցագործություններին անուղղակիորեն մասնակցություն ունենալու համար մեղադրվում են Միդհատ Շյուքրին, դոկտոր Ռուզուհին, Քյուչյուկ Թալեաթը, Զիա Գյոփալքը, Քեմալ բեյը, Սայիդ Հալիմ փաշան, Ահմեդ Նեսիմին, Շյուքրին, Իբրահիմը և Խալիլը: Օսմանյան արդարադատության հիման վրա պահանջում եմ նրանց ենթարկել դռնբաց դատաքննության:
¥շարունակելի¤

Դիտվել է՝ 153264

Մեկնաբանություններ