Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մասիսները

Մասիսները
27.02.2015 | 03:26

Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ

(սկիզբը` այստեղ)


Դատավարության ընթացքում կիսադատարկ դահլիճ, թեև մեծ, մտախոհ ու մտահոգ դեմքեր, աշխույժ անցուդարձ դահլիճում, գրառումներ, լուսանկարներ անող մարդիկ: Կինոխցիկը մի քանի անգամ կենտրոնանում է Արամի վրա, որ իր առջև դրված թղթին ինչ-որ բան է նկարում: Մի քանի անգամ նաև սկզբունքայինի վրա, որ մտախոհ լսում է:
«Հայտարարվում է ընդմիջում մինչև…» խոսքերից հետո վեր են կենում և դուրս գալու ընթացքում դռների մեջ հանդիպում են իրար: Տարբեր ձևերով են միմյանց ողջունում. քաղաքավարի, սրտալից, ջերմորեն, հավուր պատշաճի, պաշտոնական: Սկզբի կադրերի երկու թուրքերը հանդիպում են միմյանց, հարգալից, բայց խիստ սառը բարևում.
-Էֆենդի, եթե միևնույն է՝ գալու էիք, արժե՞ր հրաժարվել:
-Շատ ուրախ եմ ձեզ հանդիպելուս համար:
Ծովափ: Շքեղ մայրամուտ, որից ոչ միայն ծովն է բոցավառվել, այլև մինարեթների ու գմբեթների ոսկին ու արծաթը: Արամն ու իր բարեկամը դանդաղ ճեմում են ծովեզրով: Ծովափնյա սովորական եռուզեռ՝ երեխաներ, առևտուր, զվարճանքներ, զվարճասերներ: Արամն անընդհատ ցանկանում է սկսել զրույցը, բայց զսպում է իրեն, քանի որ զրուցակիցն է, որ ասելիք ունի, ուստի և նա պետք է սկսի զրույցը: Բազմաթիվ ծանոթների են հանդիպում՝ հերթով, որոնց հարգալից բարևում-անցնում են: Երկուսն էլ մտախոհ են ու քայլում են դանդաղ, կարծես ամեն քայլն անելիս ինչ-որ բան են մտածում, նոր որոշում այդ քայլն անել: Կանգ են առնում: Ոտքերի տակ մանր, սորուն ավազ է:
Արամը զարմացած նայում է, թե ինչպես է իր բարեկամը ավազին ձեռնափայտով նկարում նույն քառակուսիները, որ ինքը նկարում էր դատարանի դահլիճում՝ թղթի վրա: Փոքրիկ ալիքները գալիս-անցնում են այդ «նկարի» վրայով, սակայն չեն ջնջում, այլ սկզբում լցվում են փոսերը, հետո ներծծվում են ու անհետանում:
-Դատավարության ընթացքում հետևո՞ւմ էիր ինձ,- առանց որևէ նախատինքի կամ հետին մտքի, պարզապես իր զարմանքն ու հետաքրքրասիրությունը փարատելու նպատակով հարցնում է Արամը:
-Իհարկե ոչ, բայց ինչո՞ւ ես հարցնում:
-Որովհետև ես ճիշտ ու ճիշտ նույն քառակուսիներից էի նկարում դատավարության ընթացքում:
-Էհ, Արամ ջան, ուր էր, թե սրանք պարզ քառակուսիներ լինեին…
-Մշուշոտ ես խոսում:
-Չէ, էդպես չէ: Դու պարզապես մոռացել ես, որ թե իմ, թե քո նկարածը հին եգիպտական լաբիրինթոսի պատկերն է:
-Փակուղի…
-Ավելի վատ: Փակուղին հստակ է՝ ելք չկա ու փնտրելու կարիքն ու անհրաժեշտությունն էլ չկան ինքնին: Կամ էլ, ելքը հենց նույն մուտքն է: Ասել է՝ թե հետ պիտի գնաս: Իսկ լաբիրինթոսը հույս է, որ ահա-ահա դուրս կպրծնես, բայց ավաղ, քանի գնում, խճճվում ես ու ավելի ես մոլորվում, քան թեկուզև մեկ քայլ առաջ…
Տխուր և մտախոհ շարունակում են քայլել, իսկ ալիքը դարձյալ գալիս է, լաբիրինթոսի պատկերի վրա մնում ու ներծծվում…
Արամը վերջապես չի դիմանում.
-Դու ինչ-որ շտապ, կարևոր բան էիր ուզում ասել:
-Էսօր դատարանի դահլիճն ինչո՞ւ էր կիսադատարկ:
-Չեն հավատում:
-Ինչի՞ն:
-Որ դատ ու դատաստան է արվում: Վերջապես: Թեկուզև այդքան արյունից հետո:
-Բայց արվում է, չէ՞…
-Հա, բայց չեն հավատում, որ այդ ամենն անկեղծ է:
-Արամ, սիրելիս, ենթադրենք անգամ, որ անկեղծ չէ, ենթադրենք անգամ, որ քաղաքականություն է արվում: Ենթադրենք, թեև այս պարագայում քեզ կարող եմ լիարժեք ու հանգիստ խղճով վստահեցնել, որ ամեն ինչն էլ անկեղծ է: Այնպես, ինչպես կա: Հա, հասկացանք, ցույց է տրվում, թե հանուն ձեզ է արվում, բայց ըստ էության՝ հանուն մեր ազգի ու պետության ապագայի է: Է, թեկուզ: Գուցեև ավելի լավ, որ այդպես է ցույց տրվում: Որ հանուն ձեզ է արվում: Ինչո՞ւ չեք օգտվում այդ հանգամանքից: Չէ՞ որ նման բարենպաստ պահ կարող է այլևս երբեք չներկայանալ:
-Է, ինչ պիտի անենք, որ չենք անում՝ բացի սուլթանի արդարամտությանն ու արդարադատությանը հավատալուց ու ապավինելուց,- փոքր-ինչ տարակուսած, բայց խոսքի տակից դուրս եկողի հնարամտությամբ ելքը գտնում է Արամը:
-Էսպիսի առիթ էլ չի լինելու,- կրկնեց նա:- Էս դատը Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և մյուս մարդակերների դատը չէ, ձեր դատն է: Էստեղից է, որ թե խոսքով, քարտեզի վրա քաշած գծերով կամ ինչ-որ պայմանագրում ինչ-որ կերպ ձևակերպված պարտավորությամբ, այլև իրական, նյութական, հողեղեն օգուտ կարող եք քաղել:
Այս դատավարության ողջ ընթացքում՝ մեղադրական եզրակացության ընթերցումից մինչև, համոզված եմ ու երաշխավորում եմ, մահավճիռ, ձեր ժողովրդի և սուլթանի շահերը լիովին համընկնում ու ներդաշնակում են միմյանց: Իսկ եթե անգամ ինչ-որ հանգամանքներում էլ չեն համընկնում, միևնույն է, դուք եք, որ ինչ-որ պայմաններ կարող եք թելադրել: Եվ նա ուզած-չուզած անելու է: Ձեր շահերը բախվելու են դատավարությունից հետո, երբ դուք, երևի թե, փորձեք նյութականացնել դատաքննության և դատավճռի արդյունքները: Սակայն դա էլ ելք ունի: Կարելի է այնպես անցկացնել դատաքննության ողջ ընթացքը, որպեսզի դրա արդյունքների նյութականացման հարցերն անգամ ամրագրվեն դատավճիռներում, կամ էլ, ծայրահեղ դեպքում, այնքան օրինաչափ ու անխուսափելի լինեն՝ բխելով նույն այդ դատավճիռներից, որ դրանց իրականացումն այլընտրանք իսկ չունենա:
-Ճիշտ ես ասում:
-Հիշո՞ւմ ես դատախազի խոսքերը:
-Որո՞նք:
-Օսմանյան օրենսդրությանը, օսմանցու խղճին անհարիր այնպիսի հանցագործություններ են տեղի ունեցել, որոնք երբևէ չեն կարող ընդունվել սուլթանության և մեծն խալիֆայության կողմից: Օսմանյան օրենքները, որոնց թարգմանն եմ ես այսօր, երբեք չեն կարող հանդուրժել և ներել այդ բոլորը: Օսմանյան տարածքում անպատիժ մնացած հանցագործությունները պատժվելու են օսմանյան օրենքի համապատասխան հոդվածներով: Պիտի հատուցվի զոհ գնացած անմեղ մարդկանց արյունը, և արդարությունը տենչացող օսմանյան ժողովուրդներն ի վերջո պիտի հասնեն դրան: Կոտորածների և չարաշահումների հետևանքով օսմանների արժանապատվության վրա ընկած արյունոտ հետքերը, օսմանների ճակատը մրոտած սև բծերը կարելի է ջնջել միայն արդարության գրչով: Եվ այս ձևով ջնջելու համար նրանց դեմ հայտարարվում է ջիհադ: Լինի մահմեդական կամ քրիստոնյա, օսմանյան թափած արյունը անհատույց չի մնալու: Մանավանդ սրանից է անհրաժեշտ կառչել: Եվ հնարավորինս ամուր:
-Բարդ է, դժվար:
-Ոչ մի բարդ բան էլ չկա: Դու և ձեր երևելիներն ինձնից շատ ավելի և ճշգրիտ գիտեք թուրքի բնավորությունն ու հոգեբանությունը: Թե ռամիկի, թե իշխանավորի: Սա մեկ: Աշխարհն այսօր կարեկից է ձեր ցավին դեռևս: Հետո իր հոգսերն ու շահերն են գերակշռելու, ու ոչ միայն մոռանալու է ձեր խնդիրը, այլև ամեն պատեհ կամ անպատեհ առիթով իր շահերին է ծառայեցնելու: Սա երկու: Եվ, վերջապես, ամենակարևորը, այսօր դուք ինքնուրույն պետականություն ունեք: Թող որ թույլ, չկայացած, բայց՝ կայացող, թող որ պատերազմների մեջ, բայց արդեն գրեթե մեկ տարեկան: Մի խոսքով, պետություն է, որը նաև իր տարածքներն ընդլայնելու կարիք ունի և հնարավորինս՝ առանց արյունի: Սրանից էլ լավ հնարավորությո՞ւն:
-Չգիտեմ, չգիտեմ,- ասաց Արամը,- գուցե և դու ճիշտ ես, բայց ես, օրինակ, բնավ տեղյակ չեմ, թե այնտեղ՝ Արևելյան Հայաստանում, ինչ է կատարվում, կամ մեզնից ով ու ինչպես է պատկերացնում եվրոպաներում իր անելիքը:
-Արամ, չկա Արևելյան Հայաստան: Մտքիցդ հանիր: Որովհետև Արևմտյանը չկա: Մի Հայաստան կա, էն էլ՝ լեռների ու անապատների մեջ…
Արամն ընկնում է խոր մտածմունքների մեջ: Զրուցակիցը կարծես թե ճիշտ է, բայց միևնույն ժամանակ նրա ասած ու մնացած բոլոր այլ անելիքները կարծես թե ոչ գիտակցող կա, ոչ էլ անող, լավագույն դեպքում դրա մասին խոսող-խրատող մի քանի հռետորներ կգտնվեն, ու՝ վերջ:
Էդպիսի անկապ-անորոշ պատկերներ ու դեմքեր են գալիս Արամի աչքերի առաջ ու անցնում:
-Բայց դու ինձ կարծես թե բան ունեիր ասելու, ու ասելիքդ էլ բնավ այս չէր,- Արամն է:
-Ճիշտ ես, Արամ ջան, էս չէր, բայց սա շատ ինքնաբուխ ստացվեց,- արդեն նստել են ծովափնյա սրճարանում, ու արևն արդեն ուր որ է՝ մայր կմտնի: Արեգակի վերջին շողերն են բոցավառվում երկնքի և ջրերի վրա:- Մի նեղացիր, ես ինչ էլ ասում եմ, մտահոգությամբ, քո ու քո ազգի նկատմամբ սիրուց եմ ասում: Պոռթկումներս էլ ազնիվ են, այնպես որ դու ինձնից վիրավորվելու կամ նեղանալու առիթ չունես:
-Գիտեմ, գիտեմ:
-Իսկ ասելիքս ասածներիս նախահիմքին էր վերաբերում:
-Այսինքն…
-Ինչո՞ւ եք դուք այդքան դյուրահավատ, Արամ, սիրելիս: Ինչո՞ւ: Պաշտպանությունիցս հրաժարվելուց առաջ ես ծանոթացա ոչ միայն ուղղակի այս դատավարության հետ առնչվող նյութերին, այլև բոլոր նրանց, որոնք այս կամ այն կերպ հաջորդել կամ նախորդել են ուրախալի կամ ցավալի ինչ-ինչ իրադարձությունների: Եվ ուղղակի զարմացած եմ մնացել, շշմած: Դուք, ախր դուք, որ այլոց, այդ թվում՝ նաև մեզ, ուղեղներ, գաղափարներ ու ուղղություններ եք տվել, ինչպե՞ս չեք կարողացել օգտագործել բարենպաստ առիթները, ինչո՞ւ եք այդքան դյուրահավատ և այդքան չհիմնավորված ինքնավստահ եղել…

(շարունակելի)

Դիտվել է՝ 150925

Մեկնաբանություններ