Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞վ է այն մարդը, որ պիտի կազմակերպի հայոց Նյուրնբերգը

Ո՞վ է այն մարդը, որ պիտի կազմակերպի հայոց Նյուրնբերգը
03.04.2015 | 00:09

Կարդացի Արտաշես Հակոբջանյանի «Իր գլխավորած հանցախմբի հետ` հայոց Նյուրնբերգի թեկնածու» վերլուծական լայնածավալ հոդվածը, կարդացի մեր ազնվագույն ԱԺ-ի ազնվագույն նախագահ Գալուստ Սահակյանի ազնվագույն խոսքերը, թե բարոյական չէ մեր հանրապետության հիմնադիր նախագահ ազնվագույն Լևոն Տեր-Պետրոսյանին (ականջդ կանչի, Նիկոլ, ի՞նչ սև կատու փախավ քո և Լևոնի միջև, որ այդքան շուտ մոռացար քո իսկ փառաբանած ազնվագույն հիմնադիր նախագահին) որպես առաջին նախագահի բարձր թոշակ, բնակարան և այլ կարգի արտոնություններ չտրամադրելը: Կարդում էի այդ բարոյական խրատներն ու ակամայից հիշեցի հին ռուսական մի ասացվածք՝ Ռուսաստանում ձի գողացողին դատում են, իսկ վագոն գողացողին` սենատոր են ընտրում: Այդ ասացվածքը հայկական անկախ պետությանը կարելի է վերագրել փոքր-ինչ ձևափոխված. Հայաստանում խոշոր թալանչիներին, երկիրն ավերողներին, քանդողներին պատվավոր թոշակի են ուղարկում, իսկ երկիր կառուցողներին գաղթական են դարձնում: Եվ քանի որ ազնվագույն Ազգային ժողովի ազնվագույն նախագահը միայն ունակ է բարձր մատերիայից վերլուծություններ անելու, այլապես նա այսօր այդ պաշտոնին չէր լինի, ուրեմն հանգիստ թողնենք նրան և հաշտվենք նրա «փիլիսոփայության» հետ, հավելելով, որ նման դատողությունները հավանաբար չէին լինի, եթե առաջին նախագահին փոխարինած երկրորդ նախագահը չգայթակղվեր Լևոնի ճամփով գնալով, և քաղաքական ու իրավական գնահատական տար առաջին նախագահի աշխատանքային ողջ գործունեությանը։ Եթե... ապա այսօր մենք ուրիշ Հայաստան կունենայինք: Եվ այսօր մեր քաղաքական, տնտեսական ողջ «էլիտան» (ստիպված եմ այդ ազնվագույն բառը վերցնելու չակերտների մեջ, որ չվիրավորեմ բոլոր ժողովուրդների բոլոր դարերում գործած ազգի հիմքը, նրա պահապան հրեշտակը հանդիսացող էլիտային) անցել է Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ական պարարտ աղբանոցով, և այժմ ունենք մի պետություն իր ողջ թշվառությամբ և, որքան էլ զարմանալի է, սահմանի վրա թուրքի գնդակից չվախեցող մի հպարտ ժողովրդի արի զավակներ: Ասածս գուցե պարադոքս է, բայց սա է մեր ռեալ իրականությունը:
Ժողովուրդը, անշուշտ, գոհ կլիներ, եթե Լևոնի հակահայ թալանչիական ողջ էությունը վերջանար Քոչարյանով (Աստծո դեմ չմեղանչելու համար ասեմ, որ Քոչարյանը հակահայ չէր, բայց ես նրան կպցնում եմ, գուցե ոչ ճիշտ, հակահայ պիտակը, այդ պիտակն անշուշտ տարբերվում է Լևոնի հակահայությունից)։ Ինչո՞ւ։ Որովհետև... Բայց ավելի լավ է խոսքը տամ հանճարեղ հույն փիլիսոփային, որն ասել է՝ եթե հովիվը տարեցտարի չի ավելացնում իր հոտի քանակը, ապա նա գիշատիչ է: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կբնութագրեր փիլիսոփան հովվին, որը ոչ միայն չի ավելացնում հոտի քանակը, այլև տարեցտարի պակասեցնում է նրա գլխաքանակը: Մեռած փիլիսոփան ինձ հուշում է այն աշխարհից, թե՝ իմ ժամանակ այդպիսիները չկային, քո ժամանակակիցների գնահատականը դու տուր: Երբ երկար մտածում էի փիլիսոփայի հարցի շուրջ, հանկարծ լսեցի փիլիսոփայի ձայնը, թե՝ քո օրերի գործիչներին ավելի ճիշտ կլինի տալ բորենու և շակալի խառնուրդ գնահատականը։ Նրա ձայնին ես բացարձակապես չառարկեցի:
Այնպես որ իմ հարգելի արցախցի բարեկամ Արտաշես Հակոբջանյան, ախպար, ղարաբաղցի, հայաստանցի բորենիներն ու շակալներն անվերջ թալանում են, և չի երևում ազնիվ ախպարի, ղարաբաղցու, հայաստանցու հավաքական դեմքը, թե որն է մեր հայրենիքը: Այդ իսկ պատճառով հայոց Նյուրնբերգ չի լինելու։ Թեպետ դա չի խանգարում փաստելու, ինչպես կասեր դարձյալ հին հույն փիլիսոփան՝ ես ասացի և թեթևացրի հոգիս: Եվ հանուն այդ հոգու թեթևության ես էլ ասեմ. Լևոնի նման ծնունդը դժբախտություն է և այն էլ մեծ չափերի դժբախտություն: Ես` որպես մտավորական, որպես մտածող հայ մարդ, որևէ դրական բան չեմ գտել նրա գործունեության մեջ: Կարդացեք 25 տարիների ընթացքում գրած իմ բոլոր հոդվածները և կհամոզվեք՝ դեռևս էն գլխից ես նրա նկատմամբ տածել եմ հակակրանք: Նույնիսկ Ազատության հրապարակում, էն եռացող կաթսայում, երբ ժողովուրդը մեկ բռունցք դարձած՝ «Լե՜-վո՜ն, Լե՜-վո՜ն» էր կանչում, ես դրանց չեմ միացել: Բեմահարթակից խոսող գունատ, նիհարավուն, «վադալազկայով» Լևոնը ինձ վրա ավելի շատ թողնում էր միզանտրոպի տպավորություն, նրա ելույթներից և ոչ մեկում ես չէի տեսնում հեղափոխականին վայել առինքնող ուժ, եռանդ, սեր առ ժողովուրդը, հայրենիքը, մարդը, նրա մեջ կարծես չկար տղամարդուն հարիր եռանդ, առնականություն: Միշտ մտածում էի, որ նա լիարժեք տղամարդ չէ, որ բնությունը նրան զրկել է կարևոր շատ հատկանիշներից։ Այլապես ինչո՞ւ էր խուսափում մարդկանց հետ շփվելուց: Իմ այդ մտորումները հաստատելու համար ընդամենը մեկ-երկու տարի անհրաժեշտ եղավ: Նախագահ ընտրվելուց հետո Լևոնն այն էր, ինչ բնությունը տվել էր նրան` մարդատյացություն:
Կարելի է շարունակել Լևոնի հոգեբանական վերլուծությունը, սակայն բավարարվենք այսքանով և վերադառնանք տրիբունալի թեմային: Բայց մինչ այդ ևս մեկ շտրիխ: Թե Լևոնն ում գործակալն է եղել, ինձ բացարձակապես չի հետաքրքրում, որովհետև կյանքը ցույց է տվել, որ վեհ գաղափարին ծառայող գործակալներն անմնացորդ ծառայել են անգամ առանց նյութական ակնկալության: Մեկ օրինակ միայն. անգլիացի Կիմ Ֆիլբին, անվանի այդ հետախույզը, հավատալով կոմունիզմի գաղափարին, աշխատել է հօգուտ խորհրդային հետախուզության: Հազիվ թե Լևոնը լիներ Խթը-ի իսկական գործակալ, գաղափարի մարդ, որում արատավոր ոչինչ չեմ տեսնում։ Բայց փաստենք` անցած դարի 80-ական թվականներից Արևմուտքը Խորհրդային Միությունը քանդելու համար Խթը-ում ներդրում էր իր մարդկանց: Լևոնն այդ տիպի գործակալներից էր: Այնպես որ, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայր Հակոբի պես չէր կարող ծառայել կոմկուսին, որովհետև խորհրդային լենուբոլ երկրում նա իր տեղը չէր գտել և ընդմիջումներն անցկացնում էր հայտնի պոնչիկանոցում: Նա խորհրդային պետությունից վիրավորված թերարժեք մարդ էր: Ավելին ասեմ՝ ես նրանից մեծ եմ ընդամենը երեք տարով և ինչպես 1965-ին, այնպես էլ հետո չեմ տեսել ու լսել, որ Լևոն Տեր-Պետրոսյան անհատը երբևէ մասնակցեր ազգային ոգու դրսևորման որևէ միջոցառման: 1965-ին նա քսան տարեկան էր: Հասուն տարիք և գաղափարի նվիրվածության ու դրսևորման վառ հասակ: Ինչ ասեմ, գուցե էն ժամանակվանից նա ռեալ «պոլիտիկ» էր: Վազգեն Մանուկյանն էլ համարյա նույն տարիքին էր, չհաշված Պարույր Հայրիկյանին, անգամ այդ նույն տարիներին ծայրահեղ, ոչ մի կերպ չարդարացված գործելաոճ դրսևորած Անդրանիկ Մարգարյանին, Աշոտ Նավասարդյանին: Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության է եկել դիակների վրայով: Հիշենք 1990 թվականի մայիսի 27-ի հայտնի դեպքերը, որի 25-րդ տարելիցը կլրանա այս մայիսին: Ցավոք, դեռ կան հեռուստամեկնաբաններ, որ այդքան տարիներ հետո էլ ոչինչ չեն սովորել և սովորելու ցանկություն չունեն, ու հարմար պահին մեղադրում են ռուս զինվորին, չհասկանալով, որ այդ դեպքերի ժամանակ ռուս զինվորը` սովետական զինվորը, պաշտպանվել է, որ հայ զինված ազատամարտիկը ոչ թե հարձակվել էր ռուս զինվորների վրա նրանցից զենք խլելու, այլ մեր տղաներին խաբել էին ՀՀՇ-ական անբարո ծնունդները, ասելով, թե պայմանավորվածություն կա ռուս զինվորների հետ, դուք մտնում եք սպասասրահ, օդ եք կրակում, իսկ նրանք զենքերը թողնում և փախչում են: Համոզված եմ, որ նրանց այդպես էլ խաբել են, այլապես զինված հարձակման ճանապարհով զենք խլողը օդ չէր կրակի, ինչի պատճառով և ինքը զոհ չէր դառնա: Չտալով «հերոսացածների» անուններ, միայն ասեմ, որ բոլորի մահը սպասողներից շատերը անակնկալի եկան, երբ ավանտյուրայի մասնակից Խաչիկ (Սաշիկ) Նազարեթյանն ավտոմատը ձեռքին, արյունոտ դեմքով կայարանի շենքից դուրս եկավ: Հակառակորդից արձակված պտտվող գնդակը մտել էր նրա ձախ քթածակից և դուրս եկել աջ աչքից: Բայց Խթը-ն ավանտյուրիստներին չբռնեց, իսկ հարուցված քրեական գործի հատորները տարիների ընթացքում հաստացան ու... գործը կարճվեց, որովհետև Լևոնն արդեն իշխանություն էր: Տարիներ հետո Լևոնը զարմացած կհարցնի, ինչո՞ւ չի բացահայտվում 1999-ի հոկտեմբերի 27-ի գործը: Ասենք Վանո Սիրադեղյանն էլ մի առիթով ղարաբաղցիներին հասկանալ տվեց, ասելով՝ բա Արթուր Մկրտչյանին ո՞վ սպանեց: Վերջացնենք այդ հարցը, հիշելով Լենինի խոսքերը` չարաչար սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե իշխանության կարող են հասնել մաքուր ձեռքերով և մաքուր խղճով: Հետևաբար, կարելի է ասել, քաղաքական սպանությունները միշտ էլ պատճառաբանված են և հիմնավոր: Դա իշխանության գալու առաջին փուլն է: Իսկ ամենակարևոր փուլը, թե իշխանության գալուց հետո իշխանավորը ինչպես է լծված ղեկին երկիրը շենացնելու համար: Այ այստեղ կարելի է հաստատ ասել, որ երկիրը շենացնելու հարց չկար Լևոն Տեր-Պետրոսյանի ուղեղում: Հարցը մեկն էր` քանդել այն: Քանդել հարուստ, շեն երկիրը: Երկրում ստեղծել հարուստներ և... բոմժեր: Նա չուներ տնտեսական տարրական գիտելիքներ, ասենք դրա կարիքն էլ չկար, որովհետև նա գործակալ էր, այն էլ որևէ ինքնուրույնություն չունեցող գործակալ: Եվ այդ գործակալը երկրում հիմք դրեց քաղաքական սպանությունների, որովհետև սպանվողները կշիռ ունեցող մարդիկ էին և խանգարում էին Լևոնին ու իր շրջապատի մարդկանց: Եթե կգտնվի մեկը, որ կփորձի, թեկուզ և փոքր-ինչ խոսել ղարաբաղյան հաղթանակում Լևոնի դերի մասին, ես նրան կհամարեմ հոգեկան հիվանդ: Լևոնը որպես երկրի նախագահ, անգամ որպես ամենահզոր սատանա, անկարող էր կասեցնել ժողովրդահայրենասիրական այն մեծ ուժի վերելքը, որ սկիզբ էր առել ժողովրդի մեջ ղարաբաղյան շարժման ժամանակ: Ժողովրդական խոսքը, թե հեշտ է դժոխքից կանչել սատանաներին, հետո նրանց կառավարելն է դժվար, ճիշտ և ճիշտ կարելի է վերագրել մեր ցասման դրսևորմանը: Որևէ ուժ անկարող էր կանգնեցնել հայ մարդուն, անգամ գերագույն գլխավոր հրամանատարի, ես կասեի ստոր մտքերը, որ նա ասում էր Գերագույն խորհրդի նիստի ժամանակ` մի՞թե մենք կարող ենք կռվել յոթմիլիոնանոց Ադրբեջանի դեմ: Խորհրդային Միությունում նման պրովոկատորին կգնդակահարեին, որովհետև զինվորին, որը գնում է հաղթելու, ինչպե՞ս կարելի է թևաթափ անել, ասելով` ո՞ւր ես գնում, թշնամին քեզնից զորեղ է: Եվ այդ «գործչին», որ իշխանության գալուց առայսօր միշտ զբաղված է հակահայ գործունեությամբ, ԱԺ-ն թոշակ է ավելացնում, առանձնատուն է տալիս: Եվ այսօր, երբ սահմանին սպանվում է հայ զինվորը, ես դարձյալ մեղադրում եմ այդ սուտ «ռեալ» պոլիտիկին, որը կնքեց 1994-ի հրադադարը և գալիք սերունդներին թողեց մի անորոշ հարց, որ հետո փիլիսոփայի, թե մենք շահել ենք ճակատամարտը և ոչ թե պատերազմը: Հավատացած եմ, որ պատերազմը մենք վաղուց շահած կլինեինք, եթե չլիներ Լևոն գլխավոր հրամանատարը:
Երկրի թալանի հարցում երկրորդ նախագահը հետ չմնաց առաջինից, դրա համար էլ նրան չնստեցրեց մեղադրյալի աթոռին: Ավելին ասեմ, նա խորացրեց մի հիմար թեզ, թե մենք աղքատ երկիր ենք: Ականջդ կանչի, Լի Կուան Յու: Գուցե ոմանք ասեն, թե Լի Կուան Յուն ծով ուներ: Հարցադրեմ՝ Վրաստանը, ՈՒկրաինան և էլի շատ երկրներ ծով չունե՞ն: Հետևաբար հարցը ծովը չէ: Հարցը մարդկային դաստիարակությունն ու ագահությունն է: Մեր նախագահները վերջինն են: Այն էլ ասեմ, որ Սինգապուրը բնական հարստություններ չունի: Ասում են, երբ Լի Կուան Յուն եղել է Հայաստանում, հանդիպել է կառավարության անդամների հետ, նրան հարցրել են՝ ինչպե՞ս եք կարողացել վերացնել կոռուպցիան, նա, նախ, ներողություն է խնդրել և ասել՝ թույլ կտա՞ք ձեր հարցին հարցով պատասխանել՝ իսկ դուք ցանկանո՞ւմ եք կոռուպցիան վերացնել: Ասում են, կառավարության բոլոր անդամները ապշած իրար են նայել: Հավանաբար այդպիսի ապշանքով էլ շարունակում են աշխատել: Տեղին է նաև արձանագրել՝ որևէ մեկին կռված լինելը որևէ առավելություն չի տալիս: Ժուկովի նման կռված մարշալին մեղադրում էին ռազմավար բերելու մեջ, իսկ մերոնք իրենց թալանն արդարացնում են իրենց կռված լինելով: Փաստորեն, ստացվում է, որ նրանք կռվել են ոչ թե հայրենիքի, այլ թալանի համար:
Կրկին անդրադառնամ հայկական Նյուրնբերգին. որքան էլ ցավալի հնչի, այն չի կայանալու: Ո՞վ է, որ պիտի իրականացնի այն:
Վազգեն Մանուկյա՞նը, որը 1996-ին ժողովրդի տարած հաղթանակը սպանեց իր անվճռականությամբ և այսօր բնավորվել է կիսահարմար մի պաշտոնում:
Արտաշես Գեղամյա՞նը, որը դհոլի պես բարձր հնչում էր, բայց այդպես էլ դատարկ մնաց (դատարկ դհոլը Սերժ Սարգսյանի բնութագրումն է):
Արկադի Վարդանյա՞նը, որն այսօր ուղղիչ աշխատանքային գաղութում է:
Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, որը բուռն վերելքից հետո Բարվիխայում ինչ-որ մեկին բարևեց և մոռացավ ժողովրդին մեկնած իր ձեռքը:
Աշխարհի չեմպիոն, կրիմինալի մեջ թաղված մե՞կը, որը ոչ հոդաբաշխ բառերով ժողովրդին հանեց ոտքի և վճռական պահին հիշեց իր ով լինելն ու ասաց՝ ախպեր, էդ բոլորը իմ խելքի բանը չեն:
Եվ այսօր այդ դատարկ դաշտում փորձում է նորից խաղալ մի ծեր խաչագող, որի մեջ տարիները ոչ թե իմաստնության, այլ առկա բացասական որակներ են խորացրել:
Եվ այդպես անցած 25 տարիներին երևաց, որ մեր երկրում օրինական ճանապարհով իշխանափոխության հասնել հնարավոր չէ, ոչ թե այն բանի համար, որ իշխանությունը միշտ կեղծում է, այլ որ իշխանափոխության լիդերը չունի ժողովրդի հետ մինչև վերջ, անգամ իր կյանքի գնով, խաղալու ազնվությունը: Այն էլ ասեմ, որ մեր ժողովուրդը կգնա ցանկացած ավանտյուրիստի, բայց ոչ երբեք իրեն նվիրվածի հետևից, դա՛ է իմ համոզմունքը:
Նման պայմաններում մնում է հարցնել՝ ո՞վ է այն մարդը, որ պիտի կազմակերպի հայոց Նյուրնբերգը:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ