Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անդեն (մահվան վարագույրից այն կողմ)

Անդեն (մահվան վարագույրից այն կողմ)
21.04.2015 | 10:56

(սկիզբը` այստեղ)

ԻՍԼԱՄ
Մահմեդական կրոնի հետմահու վիճակները արմատապես տարբերվում են մյուս կրոններից, որովհետև այն համեմատաբար «երիտասարդ» կրոն է, քան մնացածները (VII դար, Մուհամեդի ծնունդից սկսած): Իսլամի կրոնի համաձայն, երկրային կյանքի վերջը փորձությունների ու գայթակղությունների ավարտն է: Վերջին օրը Աստված կհավաքի բոլոր մարդկանց ու կդատի երկրային օրենքներով: Դրանից հետո ոմանք դրախտ, ոմանք էլ դժոխք կգնան: Մուսուլմանների համար ամենահարգի մահն այն է, երբ այդ մեկն իր կյանքը դնում է հավատի համար: Երբեմն էլ մեծահասակ մուսուլմանները դեպի Մեքքա են ճամփորդում, երազելով այնտեղ մեռնել ու թաղվել, իսկ եթե ոչ, ապա գոնե այդ ճանապարհին: Իսկ ջիհադի՝ «սրբազան» պատերազմի ժամանակ զոհվածները ուղիղ դեպի «երկինք» են գնում: Այդպես էլ գրված է Ղուրանում. «Թող Աստծո ճանապարհներին մարտնչեն նրանք, ովքեր գալիք կյանքը գնում են ներկայով: ՈՒ նա, ով Աստծո ճանապարհներին մարտնչելիս կսպանվի, կամ կհաղթի, մենք նրան մեծ պարգև կտանք» (Կանայք 4.76): Իսլամում ինքնասպանությունն արգելված է, այդ պատճառով խստիվ արգելվում է ջիհադի կամ Մեքքա ճամփորդության ժամանակ ինքդ քեզ վտանգի ենթարկելը: Մուսուլմանները գնահատում են հավատի համար մեռնողներին, որովհետև համարում են, որ բոլորի համար բարօրություն է դա: Օրինակ, երբ միստիկ մահմեդական Ալ Արաջիին տանում էին կախելու իր հայացքների համար, նա այնքան համոզված էր, որ դրանով իրեն թույլ է տրվելու Աստծո ներկայության մեջ մտնել, որ ուրախությունից երգում էր այդ ժամանակ: Ավանդությունը պահպանել է նրա վերջին խոսքերը. «Սպանե՛ք ինձ, իմ բարեկամներ, որովհետև իմ կյանքը իմ մահվան մեջ է»:
Ղուրանն ասում է. «Եթե ձեր գալիք օթևանը Աստծո մոտ բացառիկ է, ապա մա՛հ ցանկացեք, եթե դուք արդար եք»:
Այս էլ իմանանք, որ, ըստ իսլամական կրոնի, մարդու կյանքի ժամանակը միայն Աստծո ձեռքում է, այսինքն` ճակատագրի խորհուրդը կա նրանց կրոնում: ՈՒ քանի որ Իսլամը Հին և Նոր կտակարաններից վերցրած «նորամուտ» կրոն է, ապա բնական է, որ այնտեղ բազմաթիվ նմանություններ կան թե՛ մովսիսականության, թե՛ քրիստոնեության հետ: Մեռելների հետմահու վիճակների նկարագրությունները նույնպես հեռավոր կերպով նման են քրիստոնեությանը, բայց արևելյան երանգավորումով: Օրինակ, մեռելների հարության խորհուրդը իսլամում հետևյալ կերպ է. դատաստանի օրը բոլոր մարդկանց հոգիները կմիանան իրենց մարմիններին ու պետք է սպասեն վերջին դատաստանին, երբ կշեռքի վրա կդրվեն բարի ու չար գործերը, որից հետո կորոշվի, թե որտեղ պետք է անցկացնեն հավիտենականությունը. դրախտո՞ւմ, թե՞ դժոխքում, ուր պետք է գնան բոլոր անհավատ գյավուրները՝ (այսինքն` մենք-հեղ.)։ Անօրենները պետք է անցնեն կրակե անդունդի վրա ձգվող մի կամրջով, որը վիշապի մի շուրթից մինչև մյուս շուրթը կապող մազն է: Մարդիկ, որոնց մեղքերը ծանր են, այդ մազե կամրջով պետք է անցնեն 5000 տարվա ընթացքում, բայց մինչ այդ նրանք վիշապի երախանդունդից դուրս եկող կրակից կսևանան ու ցավալի այրվածքներ կստանան: Իսկ նրանց, ովքեր իրենց ունեցվածքը տվել են աղքատներին, այնտեղ կսպասի մի սպիտակ ձի կամ ուղտ, որի ճակատին գրված կլինի նրա տիրոջ անունը: Այս լուսավոր կենդանիներին Աստված արարել է այն փողերից, որոնք բարի հոգիները տվել են որբևայրիներին ու աղքատներին: Իսկ չմեղանչած իմաստուններին այնտեղ կսպասեն սպիտակ թռչունները, որոնք իրենց մեջքներին դրած կտեղափոխեն անդունդի այն կողմը, մի կով կթելու կարճ ժամանակահատվածում:
Դատաստանի օրը Ղուրանը համարում է մեծ տառապանքների օր երկրի վրա, որովհետև կլինեն մեծ երկրաշարժեր ու այլ աղետներ, որ հակաքրիստոսի գալստյան նշաններն են, որը կարճ ժամանակ կիշխի երկրագնդի վրա, որից հետո կգա Մեսիան ու կհաղթի նրան ու կհաստատի արդարության թագավորությունը:
Դրանից հետո հարության օրը մեռածների հոգիները պետք է միանան իրենց մարմիններին ու կենդանանան. «Դա մեր մոտակա կյանքն է, մեռնում ենք ու ապրում, մեզ կործանում է միայն ժամանակը»:
Իսկ Ղուրանի Իյա Սին գլխում այսպես է գրված. «Հնչեցին փողերը, և ահա գերեզմաններից նրանք Տիրոջ մոտ շտապեցին: Դրախտի բնակիչները այսօր իրապես վայելում են իրենց գործերը: Նրանք ու իրենց ամուսինները ծառի ստվերում պառկել են անկողիններում: Նրանց համար են մրգերն ու ամեն բան, ինչ որ ցանկանան»: Իսկ մի այլ տեղում դրախտի բնակիչներին Ղուրանը խոստանում է գինի, որ գլուխը չի ցավեցնում, ու սադափե մարմիններով գեղեցկուհիներն ու երիտասարդ գեղեցկատես տղաները պետք է սպասավորեն դրախտի արժանացածներին:
Հիրավի, արևելյան հեշտասեր իդիլիա, «Հազար ու մեկ գիշեր»-ների հեքիաթներին համահունչ: Այս բոլոր խոստումներից հետո էլ ո՞ր իսկական մուսուլմանն իր կյանքը չի զոհի հանուն Ալլահի, երբ նրանց հավատը քաջալերում է նման «երանելի» վախճանը:
Քրիստոնեական անդենական կյանքի մանրամասներին կանդրադառնանք հաջորդ անգամ, եթե Տերը կամենա: Բայց մինչ այդ իմաստուն գտնվենք ու պատրաստվենք, հաճախակի մտաբերելով, որ անդենը յուրաքանչյուրիցս հեռու չէ, ընդամենը մի շնչի բացակայությունից այն կողմ է:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ