Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ մասոններ-2. «Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն»

Հայ մասոններ-2. «Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն»
09.10.2015 | 03:23

(սկիզբը՝ այստեղ)

ՎԵՐՄԻՇՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԱԲԱԿՈՒՄԻ (1863-1933) - պետական և հասարակական գործիչ, լրագրող, հրատարակիչ: 1885 թ. ընտրվել է Կովկասի պետական գույքի նախագահի օգնական, հանձնարարություն ունենալով ուսումնասիրելու պետական գյուղացիության տնտեսական վիճակը: 1886-ին ընտրվել է Կովկասի գյուղատնտեսական ընկերության քարտուղար, ապա` պետական հերկահողերի գնահատող: 1888-ին` Կովկասի երկրագործական գործիքների ու մեքենաների ցուցահանդեսի կոմիտեի քարտուղար-համակարգող, մեկ տարի անց` Կովկասի գյուղատնտեսական ընկերության անդամ:
1891 թ. ընտրվել է Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր: Տեղափոխվել է Բաթում ու ղեկավարել Ա. Մանթաշյանցին պատկանող Թիֆլիսի առևտրային բանկի մասնաճյուղը: 1896-1898 թթ.` Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ, 1899-ից աշխատել է Ա. Մանթաշյանցի նավթարդյունաբերական ընկերությունում: 1904 թ. Ք. Վերմիշյանն ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ և մեկ տարուց պակաս զբաղեցրել այդ պաշտոնը:
1909-ից խմբագրել է Բաքվում հրատարակվող «Բաքու» և «Բիրժեվիե վեդոմոստի» ռուսալեզու թերթերը: Թիֆլիսում նրան է պատկանել Ցինանդալի կալվածքը, որտեղ արտադրվել է նույնանուն նշանավոր գինին:
Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունում զբաղեցրել է ֆինանսների ու պարենի նախարարի պաշտոնը:
Եղել է Թիֆլիսի «Ռուսաստանի ժողովուրդների Մեծ Արևելքի միություն» օթյակի անդամ:

ՎՐԱՑՅԱՆ ՍԻՄՈՆ ՂԱԶԱՐԻ (1882-1969) - քաղաքական գործիչ, դաշնակցական ղեկավար։ 1920 թ.` Հայաստանի առաջին Հանրապետության գյուղատնտեսության և պետական գույքի, աշխատանքի, արտաքին գործերի նախարար, վարչապետ:
Նախնական կրթությունն ստացել է Նոր Նախիջևանի միջնակարգ դպրոցում, 1900-1906 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1908-1910 թթ.` Պետերբուրգի համալսարանի մանկավարժական և իրավաբանական ֆակուլտետներում։ 1906-ից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ, զենք է ձեռք բերել և ուղարկել Արևմտյան Հայաստան՝ ֆիդայական ջոկատներին։ 1907 թ. մասնակցել է Վիեննայի ՀՅԴ 4-րդ համաժողովին։ Ցարական իշխանության հետապնդումից խուսափելով` անցել է Բաթում, ապա Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս։ Հետագա տարիներին դասավանդել է Կարինի դպրոցներում, խմբագրել Կարինում և Եվրոպայում հրատարակվող մի շարք թերթեր։ 1911-1913 թթ. ԱՄՆ-ում հրատարակել է «Հայրենիք» օրաթերթը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերադարձել է Թիֆլիս, մասնակցել հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը։ 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հրատարակել է «Հորիզոն» թերթը։ 1918 թ. ընտրվել է Անդրկովկասյան Սեյմի, ապա 1919 թ.` ՀՅԴ բյուրոյի անդամ։ 1918 թ. անդրկովկասյան կառավարության կազմում մասնակցել է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին։
Հայաստանի անկախության հռչակումից հետո նշանակվել է Հարավ-ռուսական կամավորական բանակին կից դիվանագիտական առաքելության ղեկավար։ 1919 թ. ընտրվել է ՀՀ խորհրդարանի անդամ։ 1920 թ. մայիսին նշանակվել է գյուղատնտեսության և աշխատանքի նախարար, 1920 թ. նոյեմբերին` ՀՀ վարչապետ։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո գլխավորել է Հայրենիքի փրկության կոմիտեն։ 1921 թ. օգոստոսից հետո ապրել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում։ 1951 թվականից մինչև կյանքի վերջը Բեյրութի «Նշան Պալանջյան» վարժարանի տնօրենն էր։
1927-1935 թթ.՝ Ֆրանսիայի «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ, 18-րդ աստիճանի մասոն, 1938 թ.՝ «Դեմքով դեպ Ռուսաստան» խմբի անդամ:

ՓԱՓԱԶՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԵՍՐՈՊԻ (կոմս, բժիշկ, 1876-1973) - հայ ազատագրական շարժման հայտնի առաջնորդներից, ՀՅԴ ականավոր ներկայացուցիչ։
Երիտասարդ տարիքից ներգրավվել է հեղափոխական, ազգային-ազատագրական պայքարում: 1904 թ. նախաձեռնել է Վանի բանտից մահապատժի դատապարտված Վարդգեսի փախուստի գործը: 1908 թ. Սահմանադրության ընդունումից հետո Վասպուրականից ընտրվել է Օսմանյան խորհրդարանի անդամ: 1912 թ. նշանակվել է եվրոպական տերություններում հայկական հարցը բարձրացնելու համար ստեղծված Ապահովության խորհրդի քարտուղար: 1914-ից մասնակցել է ինքնապաշտպանական մարտերի, Վասպուրականի վերագրավումից հետո նշանակվել է ՀԲԸՄ ներկայացուցիչ Վանում։ 1917 թ. Ա. Մանուկյանի, Ա. Դարբինյանի, Անդրանիկի հետ նախաձեռնել է Արևմտահայերի առաջին համագումարը, ընտրվել Ազգային բյուրոյի նախագահ։ 1919 թ. Փարիզում մասնակցել է Ազգային համագումարին, ապա վերադարձել Հայաստան, ընտրվել խորհրդարանի պատգամավոր` ղեկավարելով ելևմտական (բյուջետային) հանձնաժողովը։ 1920 թ. մեկնել է Փարիզ և Հայաստանի խորհրդայնացման պատճառով այլևս չի վերադարձել: 1921 թ. մեկնել է Բեռլին` Գերմանիայի աջակցությամբ թուրքերից զիջումներ կորզելու և բոլշևիկների հետ բանակցությունների եզրեր գտնելու համար։ 1942 թ. անդամակցել է Բեռլինի Հայոց Ազգային կոմիտեին (նախագահ` Ա. Աբեղյան, անդամներ` Ա. Գյուլխանդարյան, Տ. Բաղդասարյան, Դ. Դավիթխանյան, Ա. Մուրադյան), զբաղվել արտաքին կապերով։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո տեղափոխվել է Բեյրութ և մինչև կյանքի վերջը ապրել այնտեղ։
1932-1934 թթ.՝ Փարիզի «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ:
Այս ցանկի անձանց ես կբաժանեի երկու խմբի։ Հասկանալի է այն մարդկանց անդամագրումը մասոնությանը, ովքեր ի սկզբանե ազգային ինքնության, պատկանելության զգացողություն չունեին, սակայն դժվար բացատրելի է, թե մասոնության մեջ ինչու են ներգրավվել հեղափոխական, ազգային-ազատագրական շարժման գործիչները, Հայաստանի առաջին Հանրապետության պատասխանատուները: Արդյո՞ք վերջիններս այնքան միամիտ էին, որ կարծում էին, թե մասոնության աջակցությամբ կհասնեն ազգային իղձերի իրականացման: Ահա Հայկական հարցի ևս մի կնճիռ:
Կա մի հրաշալի երգ` «Եղբայր եմք մեք», խոսք` Մկրտիչ Պեշիկթաշլյանի, երաժշտությունը` Կ. Ֆոսինիի: Իր հոգեպարար ձայնով այդ երգը կատարում էր երջանկահիշատակ Հայրիկ Մուրադյանը: Տեքստը հետևյալն է.

Ի բիւր ձայնից բնութեան շքեղ
Թէ երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թէ որ զարնեն փափուկ քընար,
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Տո՛ւր ինձ քու ձեռքդ, եղբա՛յր եմք մեք,
Որ մրըրկաւ էինք զատուած
Բախտին ամէն ոխ չար ու նենգ
Ի մի համբոյր ցրուին՝ իբաց.
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Մէկտեղ յոգնինք, մէկտեղ ցանենք,
Մէկտեղ թափին մեր քրտինքներ.
Ըզհունձ բարեաց յերկինս հանենք,
Որ կեանք առնուն հայոց դաշտեր.
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Երբ ալեւոր Մայր Հայաստան
Տեսնէ զորդիս իւր քովէ քով,
Սրտին խորունկ վէրքըն դաժան
Քաղցր արտասուաց բուժին ցօղով,
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Մէկտեղ լացինք մենք ի հնում...
Եկէք դարձեալ յար անբաժան
Խառնենք զարտօսր եւ ըզխնդում,
Որ բազմածնունդ ըլլայ մեր ջան.
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Բանաստեղծության վերաբերյալ հայկական Վիքիպեդիայում այսպիսի հոդված կա. «Ագգային միութեան ստեղծումը՝ 19-րդ դարու կիսուն, հայութեան հիմնական խնդիրը եղած է։ Միասնութեան թեման մամուլի եւ գրական գործերու նիւթ դարձուած է՝ յաղթահարելու համար թէ՛ աշխարհագրական ցրուումը, թէ՛ կաթողիկէ եւ բողոքական համայնքներու ստեղծումով ծագած յարանուանական պառակտումները։ Կաթողիկէ ընտանիքի զաւակ՝ Մ. Պէշիկթաշլեան առաջին ու գլխաւոր քարոզիչ-գործիչներէն պիտի ըլլար՝ այս բաժանումներու յաղթահարման ճամբուն վրայ։
«Եղբայր եմք մեք»ը կը ցուցահանէ Մ. Պէշիկթաշլեանի գորովագին հոգին։ Այս իսկական «հաւատամք»ին մէջ, ան բարձրագոյն արժէք ու իտէալ կը յայտարարէ իր նմանին, ազգակիցին սէրը։ Թէեւ օրուան վիպապաշտ ոճով ու շատ ընդհանուր բանաձեւուած, հոն տեղ գտած է նաեւ բանաստեղծին պատկերացումը՝ միութեան ստեղծման կերպին ու բարերար հետեւանքներուն մասին»։ Այս բացատրումը ընդունելի կարող է լինել աշակերտների կամ ուսանողների համար, որոնք սերտում են այն, ինչ իրենց մատուցում են: Այս մեկնաբանմանը կհավատայի, եթե Մկրտիչ Պեշիկթաշլյանն ինքը առաջին հայ մասոններից չլիներ, և այս երգն ինքնին չլիներ մասոնական ինքնատիպ հիմներգ…
Բայց մենք, այդուհանդերձ, պիտի պատասխանենք հարցին` «Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն»: Կան Ազգ, Հայրենիք, Պետություն, որոնք մե՛րն են:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ