Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ճենաց երկրի հայերը

Ճենաց երկրի հայերը
22.12.2015 | 10:50

(սկիզբը` այստեղ)

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ.ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՉԻՆԱՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
Երբ մտավոր ծուլության պատճառով դու տեր չես կանգնում քո պատմությանը, հետևաբար և` ազգային ինքնության, ինքնաճանաչողության, արժանապատվության խնդիրներին, ապա դրանք տնօրինում է օտարը: Եվ կատարվում է հետևյալը. եթե նա քո թշնամին է, կեղծում է, իսկ եթե ոչ թշնամի է, ոչ էլ բարեկամ, լռության է մատնում քո գոյությունը:
Ասվածի տիպական օրինակ է Հովհաննես Ղազարյանը, նույն ինքը` Յոհաննես Լասարը (Johannes Lassar, 1781-1835): Նրա մասին բազմաթիվ հիշատակումներ կան բրիտանական մասնագիտական գրականության մեջ, այնինչ հանրամատչելի, զանգվածային աղբյուրներում տիրում է լռություն ու մոռացություն: Ավելին, Վիքիպեդիայի ռուսերեն բառ-հոդվածում ուղղակիորեն նշված է, թե Աստվածաշնչի չինարեն առաջին թարգմանիչը անգլիացի Ռոբերտ Մորիսոնն է:
Արդյո՞ք այդպես է: Հիմք ընդունելով հենց նույն բրիտանական աղբյուրները, քանզի հայկականներ չկան, կամ ես դրանց տեղյակ չեմ, կատարեմ մի մակերեսային հետազոտական փորձ:
Յ. Լասարը ծնվել է Մակաոյում (չին.` Աոմին), հարուստ հայ վաճառականի ընտանիքում: Ինչո՞ւ Մակաոյում, և առհասարակ ի՞նչ գործ ունեին հայերն այդտեղ:
Այսօր Մակաո թերակղզու հարավային վերջույթը` Հարավ-չինական ծովի համանուն նավահանգստով ու Թայպա և Կոլոան կղզիներով, ընդամենը 27,2 քառ. կմ, որի վրա ապրում է ավելի քան 540 հազար բնակչություն, ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանն է: Այս տարածքը եթե ոչ աշխարհում, ապա Ասիայում եվրոպացիների ամենահին գաղութն էր. 1557 թ. նվաճել են պորտուգալացիները և 442 տարի անց` 1999 թ. վերադարձրել Չինաստանին: Սակայն գործում է առանձնակի իրավական կարգավիճակ. կախյալ տարածք է, առաջնորդվում է իր օրենքներով, ֆինանսական, մաքսային, էմիգրացիոն սեփական համակարգերով, ունի երկու պաշտոնական լեզու` պորտուգալերեն ու չինարեն, Չինաստանը տնօրինում է պաշտպանությունն ու դիվանագիտական հարաբերությունները, և այս կարգավիճակը պետք է պահպանվի առնվազն մինչև 2049 թվականը:
Այս հոդվածաշարի սկզբում նշել եմ Մետաքսի մեծ ճանապարհի մասին, և խոսքն, անշուշտ, ցամաքային ուղուն էր վերաբերում: Սակայն կար նաև Մետաքսի ծովային ուղի, որն սկսվում էր Մակաոյից ու Կանտոնից (Գուանչժոու):
Ինչպես հայտնի է, XVI դարում ծովային գերտերությունը Պորտուգալիան էր: Պորտուգալացիները առաջին անգամ Մակաո ոտք դրեցին 1513 թ., չինացիների հետ մի շարք կռիվներից հետո 1553 թ. հիմնեցին առևտրային կայան` Կանտոնի, Չինաստանի այլ շրջանների, Հնդկաստանի և Հարավ-արևելյան Ասիայի հետ առևտուր վարելու համար: 1557-ից սկսած Պորտուգալիան վարձ վճարեց տարածքի դիմաց: 1685 թ. Չինաստանը Մակաոն պաշտոնապես ճանաչեց որպես արտասահմանի հետ առևտրի նավահանգիստ: XVII դ. կեսերին, երբ Մեծ Բրիտանիան վերջ դրեց Պորտուգալիայի գերիշխանությանը, նվաճեց Հոնգ Կոնգը` Մակաոն կորցրեց մենատիրական առևտրային նշանակությունը, սակայն ընդհուպ մինչև XIX դ. կեսերը շարունակեց մնալ որպես Չինաստանի, Ճապոնիայի, Ֆիլիպինների, Հարավ-արևելյան Ասիայի, Գոայի ու Մեքսիկայի հետ պորտուգալական առևտրի կարևոր կենտրոն:
Լավ, վերադառնանք մեր հարցին` ի՞նչ գործ ունեին հայերը Մակաոյում, որտեղ ծնվել է Յ. Լասարը: Արմատները, անշուշտ, պետք է փնտրել Հնդկաստանում:
Պատմականորեն ապացուցված փաստ է, որ հայ վաճառականները Հնդկաստանում առևտրային գործունեություն են ծավալել VIII դարից, և նրանց մշտական ներկայությունն այդտեղ բազմադարյա է: Բնականաբար, հայ վաճառականների աչքից չէր կարող վրիպել Չինաստանը: Թեև տեղեկությունները սուղ են, պատմագիտական լուրջ ուսումնասիրության կարիք կա, սակայն բերենք մի քանի տվյալներ:
1697 թ. մարտին հայապատկան «St. Raul» նավը, որի նավավարն էր Իգնատիոս Մարկոսը, պատրաստվում էր Մադրասից մեկնել Մակաո, և վաճառականներին բեռնավորվելու հրավեր էր հղվում:
1700 թ. Կանտոն ու Մակաո նավահանգիստներ հաճախակի այցելում էին իսպանացիները, հայերը, մուսուլմանները, հազվադեպ` անգլիացիները:
1701 թ. հայերին պատկանող «Santa Cruse» նավը` չինական ապրանքներով բեռնավորված, դուրս եկավ Մակաոյից:
Ո՞րն է այս տեղեկությունները հայտնելու իմաստը: ՈՒզում էի ցույց տալ` այն, որ Յ. Լասարը ծնվել է Մակաոյում, հարուստ հայ վաճառականի ընտանիքում, զարմանալի բան չկա: Ավելին, հիմք է տալիս եզրակացնելու, որ թարգմանչի հայրը նորջուղայեցի էր (քանզի այդ ժամանակամիջոցում այլ վայրերի հայ վաճառականներ հայտնի չեն) և ամենայն հավանականությամբ հնդկահայ որևէ խոջայի մետաքս մատակարարող հանձնակատար էր: Արձանագրենք իրողությունը` Լասարը ծնվել ու հասակ էր առել եվրոպա-չինական միջավայրում և զարմանալի չէ, որ փայլուն տիրապետում էր չինարենին, պորտուգալերենին և անգլերենին: Առիթն օգտագործելով, մեծամտություն կամ սնապարծություն դրսևորենք և հայտարարենք հայ գենի առանձնահատկություններից մեկի` օտար լեզուները դյուրությամբ տիրապետելու մասին:
1802 թ. 21-ամյա Լասարն առևտրային գործերով տեղափոխվում է Կալկաթա: Ենթադրում եմ, որ այդ քայլի նպատակը Մակաոյում մնացած հոր հետ ապրանքափոխանակմամբ զբաղվելն էր:
Հնդկաստանի քաղաքական ու տնտեսական իրավիճակն ըմբռնելու համար հարկ է որոշ բացատրություններ տալ: Աշխարհի առջև իր դռները լայնորեն բացած, զանազան-զարմանազան ապրանքներով լեփ-լեցուն Հնդկաստանում գոյություն ունեին եվրոպական չորս Արևելահնդկական ընկերություններ` բրիտանական (1600-1874), հոլանդական (1602-1798), դանիական (1620-1869), ֆրանսիական (1664-1794): Դրանցից յուրաքանչյուրը պետություն էր պետության մեջ` իր զինված ուժերով, նավատորմերով, առևտրային կայաններով, և ամեն մեկի նպատակը Հնդկաստանի անբավ հարստությունները շահագործելը, արտահանելն էր: Դրանցից յուրաքանչյուրն իր թիկունքում ուներ պետականություն, և, բնականաբար, գոյություն ուներ շահերի անզիջում, հաճախ արյունահեղ բախում:
Մեր այս հրապարակման համար հետաքրքրություն է ներկայացնում դանիական «Արևելահնդկական ընկերությունը», որովհետև նրան էր պատկանում Կալկաթայից ոչ հեռու գտնվող Ֆրեդերիքսնագոր (Սերամպուր) քաղաքը, և որտեղ, 1801-1802 թթ. և 1808-1815 թթ. Մեծ Բրիտանիայի կողմից բնակավայրը գրավելուց հետո, անցավ Լասարի ստեղծագործական կյանքը:
Կալկաթայում Լասարի համար տեղի ունեցավ ճակատագրական իրադարձություն` հանդիպում բրիտանական միսիոներական առաքելության ղեկավար Կլադիուս Բյուքենենի հետ: Վերջինս այն աստիճանի է ոգևորվում Լասարի` չինարենի իմացությամբ, որ նրան առաջարկում է թարգմանել Աստվածաշունչը: Բանն այն էր, որ Բրիտանական աստվածաշնչային ընկերությունը ցանկանում էր ասիական 11 լեզուներով թարգմանել Սուրբ գիրքը, և Լասարը իսկական գտածո էր: Մեր հայը համաձայնում է, թողնում է առևտրային գործերը, Աստվածաշնչային ընկերության հետ պայմանագիր կնքում, համաձայն որի` 15 տարի ժամկետով, ամսական 300 ռուփի ռոճկի դիմաց սկսում է աշխատանքը:
Սակայն մենք պետք է հիշատակենք նաև նրա գործընկերոջը` անգլիացի քարոզիչ Ջոշուա Մարշմանին (1768-1837), որն ընտանյոք Կալկաթա ժամանեց 1799-ին: Աստվածաշնչային ընկերությունը «ապահովության» համար նրան Լասարի համահեղինակ կարգեց, բայց ինձ համար անհասկանալի է, որ բրիտանական պատմագրության մեջ Լասարն անվանվում է Մարշմանի ասիստենտ: Մարդն Անգլիայից նոր էր տեղափոխվել, դեռ պիտի չինարեն սովորեր, իսկ Լասարը, որ ծնվել ու հասակ էր առել Մակաոյի չինական միջավայրում, նրա ասիստենտն էր:
Ինչևէ: Լասարն ու Մարշմանն սկսեցին չինարեն թարգմանությունների շարքը, և հիմա ներկայացնեմ նրանց հրատարակությունների մի ցանկ. Մարկոսի ավետարան (Սերամպուր, 1810 թ.), Հովհաննու ավետարան ու թղթեր (Սերամպուր, 1810 թ.), Մատթեոսի ավետարան (Սերամպուր, 1810 թ.), Գիրք Ծննդոց (Կանտոն, 1816 թ.), Հնգամատյան (Սերամպուր, 1817 թ.), Իմաստության գրքեր (Սերամպուր, 1818 թ.), Մարգարեների գիրք (Սերամպուր, 1819 թ.), Աստվածաշնչային պատմագրքեր (Սերամպուր, 1821 թ.), Գիրք Ծննդոց և Ելից (Սերամպուր, 1823 թ.): Ժամանակագրությունը խախտելով, ես ցանկից հանեցի, որպեսզի առանձնակի նշեմ` 1822 թ. հրատարակվեց չինարեն Աստվածաշունչը` Շեն Ցզինը:
Անդրադառնանք նաև անգլիացի մեկ այլ քարոզչի` Ռոբերտ Մորիսոնին (1782-1834), որին համարում են Աստվածաշնչի չինարեն առաջին թարգմանիչ: Բրիտանական աստվածաշնչային ընկերությունը նրան և ՈՒիլյամ Միլնին զուգահեռաբար թարգմանություն պատվիրեց (կարծում եմ, կրկին «ապահովության» համար)։ Նրանց թարգմանությունը լույս տեսավ 1823-ին, Լասարի ու Մարշմանի թարգմանությունից մեկ տարի անց, և ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Մորիսոնը համարվում առաջին թարգմանիչ:
Այս ամբողջ պատմության մեջ ինձ համար այլ բան է կարևոր` օտարության մեջ ապրած ու գործած հայի մեջ ես մշտապես փնտրում եմ հային: Եվ ուրախությամբ ու հպարտությամբ կարող եմ փաստել, որ Յոհաննես Լասարը զտարյուն հայ էր` Հովհաննես Ղազարյան: Մի մեջբերում կատարեմ հետևյալ գրքից` John Owen, The History of the British and Foreign Bible Society, London, 1820, vol. III (թարգմանությունն իմն է – Խ.Դ.). «Նախորդ գլխում հիշատակեցինք Կալկաթայի Աստվածաշնչային միության երկու խոշոր նախաձեռնությունների` Սուրբ գրքի հայերեն ու մալայերեն հրատարակությունների մասին: Այժմ տեղին է որոշ տեղեկություններ հաղորդել:
Կալկաթայի միությունում հայերեն հրատարակության հարցը առաջին անգամ քննարկման ներկայացրեց ծագումով հայ ու կոմիտեի անդամ պարոն Յոհաննես Սարգիսը, որը հայտարարեց, թե այդ լեզվով Սուրբ գրքի հրատարակությունները խիստ նվազ են, առկա են տպագրված սակավաթիվ օրինակներ, որոնք այդ իսկ պատճառով խիստ թանկ են, և մարդիկ ի վիճակի չեն ձեռք բերել: Այդ տեղեկությունը հաստատեց նաև պարոն Յոհաննես Լասարը` հայտնի որպես Աստվածաշունչը հայերենից չինարենի թարգմանիչ և դոկտոր Մարշմանի օգնական, ով նույնպես շեշտեց իր ազգակիցների գործածման համար Սուրբ Գրքի հրատարակման անհրաժեշտությունը:
«Հայերը,- ասաց պրն Լասարը,- սփռված են ամբողջ Ասիայով մեկ, ուր հիմնել են համայնքներ ու զբաղվում են առևտրով: Նրանք եկեղեցիներ ունեն Կալկաթայում, Չինսուրայում, Դաքայում, Սեյդաբադում, նրանց կարելի է հանդիպել Փաթնայում, Կանպուրում և Հինդուստանի այլ վայրերում: Նրանք բնակություն են հաստատել Մադրասում, Բոմբեյում, Սուրաթում, Բաղդադում, Բուշիրում, Մուսկատում և Ասիայի մյուս կողմում` Երուսաղեմում, Դիարբեքիրում, Կոստանդնուպոլսում, ունեն պատրիարքարաններ, զգալի թվով հայեր էլ բնակվում են Վենետիկում: Աստվածաշնչի ամենաճշգրիտ հրատարակությունները տպագրվել են վերջինում, սակայն Հնդկաստանից հեռավորությունն այնքան մեծ է, որ այստեղ դրանք խիստ թանկ են ու սակավաթիվ: Հայերեն Աստվածաշունչը Կալկաթայում հնարավոր չէ գնել 60 կամ 70 ռուփիով, պահանջարկն այնքան մեծ է, որ անհնար է ձեռք բերել անգամ այն դեպքում, երբ դրա տերը մահանում է, և գրքերը վաճառքի են հանվում: Ինձ մոտ եղող օրինակը ես ձեռք եմ բերել 120 ռուփիով: Եթե Կալկաթայի նման քաղաքում, ուր հայերը հարուստ են և Աստվածաշնչի կարիքն այդքան մեծ է, հապա ինչ ասես մյուս վայրերի մասին»:
Այդ լեզվով Աստվածաշնչի տպագրությունը խթանելու համար պրն Սարգիսը իր և ազգակիցների անունից սիրահոժար տրամադրեց 5000 ռուփի: Կալկաթայի միությունը պատրաստակամորեն ձեռնամուխ եղավ գործին»:
Այս մեջբերումը վկայում է, որ պարոնայք Յոհաննես Սարգիսը (դժբախտաբար, Հովհաննես Սարգսյանի ով լինելը չգիտեմ) և Յոհաննես Լասարը ոչ միայն Աստվածապաշտ, Քրիստոսասեր մարդիկ էին, այլև ջանք ու փող չէին խնայում, որպեսզի հնդկահայք մայրենի լեզվով Սուրբ գիրք ունենային, իսկ 300 ռուփի ռոճիկ ստացող Լասարը 120 ռուփիով ձեռք էր բերել մեկ օրինակ:
Կա ևս մեկ խիստ կարևոր հանգամանք: Բրիտանացիները Լասարի թարգմանությունը քննադատում էին առ այն, թե չունի Աստվածաշնչի եթերային թովչանքը: Իսկական պատճառը գիտե՞ք որն էր` Հովհ. Ղազարյանը չինարեն թարգմանությունը կատարել էր ոչ թե հունարենից, եբրայերենից, անգլերենից, այլ… հայերենից: Իսկ «քննադատները», ասես, փայլուն տիրապետում էին ոչ միայն չինարենին, այլև հայերենին:
Փաստենք, 1822 թ. առաջին անգամ լույս տեսած չինարեն Աստվածաշունչը` Հովհաննես Ղազարյանի թարգմանությամբ, հայ և չին ժողովուրդների բազմադարյա մշակութային ժառանգության անքակտելի բաղադրյալն է:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ