Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
15.04.2016 | 00:18

(սկիզբը` այստեղ)

Հասարակության ժողովրդավարացումը եղել է Գորբաչովի «перестройка»-ի ծանր հրետանին: Դրան հասնելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հասարակական կյանքում ներդնել արդար ու թափանցիկ ընտրությունների համակարգը, որը Խորհրդային Միությունում գոյություն ուներ միայն թղթի վրա: Ստալինի ժամանակներից ի վեր երկրում տեղի ունեցող բոլոր տեսակի ընտրությունները մշտապես կրել են ձևական բնույթ: Մեկ թեկնածու ու միայն կանխատեսելի արդյունքներ, 99,99 տոկոսի մասնակցություն, 99,98 տոկոսի ձայներ՝ կոմունիստների ու անկուսակցականների միասնական բլոկի թեկնածուների օգտին: Այս իրավիճակը այսօր էլ պահպանվում է Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ղազախստանում և հետխորհրդային տարածքի որոշ երկրներում տեղի ունեցած նախագահական ու այլ մակարդակի ընտրություններում: Հայաստանում այդ թվերը մնացել են անցյալում, բայց դեռևս շատ հեռու ենք իրական դեմոկրատական ընտրություններ կազմակերպելու իրողությունից, որին մեր ժողովուրդը դեռևս սպասում է: Դպրոցական տարիներին ես հստակ որոշում էի կայացրել, որ պետք է ձեռնպահ մնամ կոմերիտական-կուսակցական, հասարակական աշխատանքներից: Այն է՝ չմասնակցել բոլոր տեսակի շինծու ընտրություններին, ժամանակը խնայել ու տրամադրել միայն սպորտին և ուսմանը: Սակայն կյանքն այլ կերպ դասավորեց, ընտրությունները դարձան իմ կյանքի անչափ հետաքրքիր և ուսանելի թեմաներից մեկը: Այդ մասին կլինի այսօրվա հրապարակումը:
Իմ անդրանիկ մասնակցությունն ընտրություններին տեղի ունեցավ 1970 թվականին Մոսկվայում, ասպիրանտ ժամանակ: Մոսկվայի Չերյոմուշկիի ընտրական օկրուգում ես պետք է մասնակցեի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընտրություններին, որտեղ Ալեքսեյ Կոսիգինը պետք է ընտրվեր որպես պատգամավոր: Որոշել էի ընտրություններին չգնալ, դրա վրա ժամանակ չկորցնել: Ընտրության օրը, առավոտյան ժամը 10-ին ինձ այցելեցին ընտրատեղամասի երկու ներկայացուցիչներ ու հիշեցրին՝ այսօր ընտրությունների օր է: Այնուամենայնիվ չգնացի: Ժամը 12-ին նրանք դարձյալ եկան ու դարձյալ հիշեցրին՝ ավելացնելով, որ ընտրելու ենք Ալեքսեյ Նիկոլաևիչ Կոսիգինին, ախր նա այնքան լավն է: Որոշեցի այլևս չսպասել նրանց երրորդ այցին ու գնացի ընտրության, ընտրեցի Կոսիգինին, որի համար շատ գոհ եմ, 9 տարի անց Ալեքսեյ Նիկոլաևիչը իմ լաբորատորիայի հյուրն էր Աբովյանի «Սիրիուս» գործարանում: Իրոք որ անքննելի են Աստծո գործերը: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորական հաջորդ ընտրություններին մասնակցեցի 1978 թվականին՝ Աբովյան քաղաքի ընտրատեղամասերից մեկի ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակով: Ընտրատեղամաս եկա կես ժամ ուշացումով, մարդ չկար, միայն հանձնաժողովի անդամներն էին, հավաքվել էին սեղանի շուրջը և քաբաբ էին վայելում: Ի միջի այլոց, քաբաբը կամ, ավելի ճիշտ, ընտրաքաբաբը՝ ընտրակաշառքի նման կարող է համարվել հայկական ընտրությունների պարտադիր ատրիբուտներից մեկը: Կոլեգաներից հետաքրքրվեցի, թե ընտրություններն ինչո՞ւ չեն սկսվել, ո՞ւր են ընտրողները: Պատասխանը այսպիսին էր.
-Ընտրությունները սկսվել ու ավարտվել են ուղիղ ժամը 7.00-ին, ահա և արդյունքները. չորս հազար ընտրողներից ընտրություններին մասնակցել է 99,98 տոկոսը, որոնց 99,94 տոկոսը ձայնը տվել է միակ թեկնածուի օգտին, ստորագրիր ու նստիր մեզ հետ քաբաբ ուտելու, չես ստորագրի, չես ուտի:
Աբովյանի ու հետագա բոլոր ընտրաքաբաբներից ես մշտապես հրաժարվել եմ, նման ընտրություններն իմ սրտով չէին: Չնայած իր ձևական բնույթին, ամեն դեպքում, Մոսկվայում ընտրություններին շատ լուրջ էին վերաբերվում, Հայաստանում՝ ոչ: Ընտրությունների նկատմամբ այսօրվա գռեհիկ վերաբերմունքը Հայաստանում հնուց՝ խորհրդային ժամանակներից է գալիս: Հիշեցման կարգով ասեմ, որ հասարակական կյանքը կազմակերպող ու կանոնավորող այդ կարևոր գործիքակազմը ստորադասելով ընտրվողների ու ընտրողների նեղ անձնական շահերին, մենք շատ բան ենք կորցնում: Ցանկացած մակարդակի ընտրությունն ունի իր կարևոր նշանակությունը: Այստեղ տեղի է ունենում լիդերի ընտրությունը ու, որն առավել կարևոր է, լիդերի օրինականացումը հասարակության կողմից: Ընտրողը, ձայնը տալով իր նախընտրած թեկնածուին, իր վրա է վերցնում նաև իր ընտրյալի հետագա գործունեության պատասխանատվությունը, իր բարոյական մասնակցությունն է բերում երկրի կամ համայնքի կյանքի կազմակերպման հարցերում: Ընտրատեղամասերը քաբաբ ու կաշառք ուտելու տեղեր չեն, չի կարելի այդ աստիճանի գռեհկացնել երկրի կյանքում պարբերաբար տեղի ունեցող այդ կարևորագույն քաղաքական միջոցառումը: Հետաքրքիր է, թե խորհրդային տարիներին ինչպե՞ս էին առաջադրվում կոմունիստների և անկուսակցականների բլոկի միակ թեկնածուները, եթե չկար առաջադրման կամ ինքնաառաջադրման որևէ գործող մեխանիզմ:
1982-ին Աբովյանի «Պոզիստոր» ԳԱՄ գլխավոր տնօրեն Էդիկ Պետրոսյանի առանձնասենյակում մասնակցում եմ արտադրական խորհրդակցության: Զանգ ՀԿԿ կենտկոմից: Պետրոսյանը լսում է վերադասին ու համապատասխան հանձնարարություն տալիս ռեժիմի գծով իր տեղակալ Կառլեն Մնացականյանին:
-Կառլեն, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորի թեկնածու են ուզում, պետք է աղջիկ լինի, բանվորուհի, մինչև 23 տարեկան, հեռակայում սովորող ու սիրունիկ, գնա մի երեքի անունը բեր, քեզ կես ժամ ժամանակ:
-Մի հարց կարելի՞ է, Էդիկ Ալեքսանդրովիչ, երեքն էլ պետք է աղջի՞կ լինեն, թե կին էլ կարելի է:
-Այ, այդ մեկը չասացին, ես էլ չֆայմեցի հարցնել,- ներկաների հետ սկսեց ծիծաղել տնօրենը ու շարունակեց,- աղջիկ բեր, ստուգիր ու բեր, եթե հետագայում պետք լինի աղջիկը կարող է նաև կին դառնալ, հակառակը չի ստացվի, քթի ծակ է պետք ունենալ, այնպես որ աղջիկ-թեկնածուների անուններ բեր, հա, հիշեցի, անցած ընտրություններին կին էին ուզել, պետք է լիներ ազգությամբ ռուս, ամուսինը հայ, բանվորուհի, երեք երեխա ունեցող, մինչև 28 տարեկան, իհարկե, իրար վրա կին չէին ուզի, ճիշտ է, աղջիկ է պետք, գնա ու երեք բանվորուհի-աղջկա անկետաները բեր, տեսնեմ:
-Էդիկ Ալեքսանդրովիչ, մի քիչ ժամանակ տվեք, կես ժամում չեմ հասցնի ստուգել, գոնե մեկ ժամ,- խնդրեց ռեժիմի պետը:
-Լավ, լավ, գնա, այ գլուխգովան,- ծիծաղելով կարգադրեց տնօրենը, ու մենք շարունակեցինք մեր խորհրդակցությունը:
Մի քիչ անց ռեժիմի պետը վերադարձավ՝ երեք թեկնածուների անկետաները ձեռքին: Էդիկ Պետրոսյանը ուշադրությամբ ուսումնասիրեց բանվորուհիների տվյալները, նայեց լուսանկարներին ու ընտրեց մեկին:
-Այ, այս մեկը ոնց որ ավելի սիրուն է, բո՞յը ոնց է:
-Բոյը լավ է:
-Քեզ ի՞նչ կա, քո աչքին բոլորն էլ բոյով են երևում, գնա բեր տեսնեմ:
ԿԳԲ-ի պաշտոնաթող գնդապետ Կառլեն Մնացականյանը միավորման ամենակարճահասակ աշխատակիցն էր՝ բոյը 1,5 մետր՝ շլյապայով: Մինչև դեպուտատության թեկնածուին բերելը, տնօրենը աղջկա լուսանկարը մեզ էլ ցույց տվեց, իրոք, գեղեցկադեմ աղջիկ էր: Քիչ անց ներս մտավ շատ հաճելի արտաքինով մի համեստ բանվորուհի՝ Ալվարդ անունով, որը և հետագայում դարձավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորը՝ Աբովյան քաղաքից: Հաջորդ չորս տարիներին բանվորուհի Ալվարդը Հայաստանը ներկայացնելու էր ԽՍՀՄ բարձրագույն օրենսդիր մարմնում: Պատգամավորների ընտրության խորհրդային ձևը յուրահատուկ ողբերգազավեշտական ներկայացում էր, որը, սակայն, ուներ մեկ կարևոր առավելություն. իշխանական օղակներում կարող էին հայտնվել հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները, դրանք, իրոք, ներկայացուցչական մարմիններ էին: Ճիշտ է, խորհրդային պատգամավորները երկրի ներքին ու արտաքին գործերից անտեղյակ, միայն ձեռքերը բարձրացնող ու ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշումներին հավանություն տվող ժողովրդական խամաճիկներ էին, բայց, ամեն դեպքում, նրանք երկրի համար օգտակար էին այնքան, որ նրանցից ստացած վնասը քիչ էր: Օգուտ առանձնապես չկար, բայց վնասն էլ մեծ չէր:
Անկախ Հայաստանի պատգամավորական, նախագահական ու այլ ընտրությունները բոլորովին այլ ողբերգազավեշտական ներկայացումների ժանրերից են, որտեղ դռները մշտապես փակ են պահվում միամիտ ու անտեղյակ բանվոր-բանվորուհիների ու մտավորականության առջև: Պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ է ունենալ ամենակարևորը՝ ֆինանսական ռեսուրսներ, ԽՍՀՄ-ի օրինակով՝ վերևների «դաբրոն» և ընտրական համակարգի խճճված ցանցում արագ կողմնորոշվելու բնատուր տաղանդ: Հետխորհրդային երկրներում ձևավորված ընտրական համակարգերը սկիզբ են առել Գորբաչովի «перестройка»-ից ու փոփոխական հաջողություններով գործում են Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, ՈՒզբեկստանում և ամենուր: Գորբաչովը փոխեց խորհրդային ընտրական անճոռնի համակարգը՝ փոխարենը ներդնելով մի այնպիսի հանցավոր ընտրական համակարգ, որից հնարավոր չեղավ ազատվել ու ազատագրվել հետխորհրդային քսանհինգ տարիներին: Ընտրողների կամքի ազատ արտահայտման գորբաչովյան տեխնոլոգիաներն առաջին անգամ կիրառվեցին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքներով ձևավորվեց ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների խորհուրդը (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի փոխարեն), անցկացվեցին ԽՍՀՄ պրեզիդենտի ընտրությունները, որի արդյունքում 1989 թվականին Գորբաչովը հռչակվեց Խորհրդային Միության պրեզիդենտ: Պրեզիդենտի ընտրություններն անցան դեմոկրատական որոշ նորմերի ձևական պաշտպանության պայմաններում, կար նույնիսկ ինքնաառաջադրված պրեզիդենտի երկրորդ թեկնածուն՝ Կարելիայից, ինչը աննախադեպ պատմական երևույթ էր Խորհրդային Միության համար: Գորբաչովի հաղթանակն ի սկզբանե կանխորոշված էր: Գորբաչովը ստեղծեց իրեն հարմար պատգամավորական լսարան ու այնտեղ էլ բացեց «перестройка»-ի իր բոլոր քարտերը, կարողացավ կոտրել Եգոր Լիգաչովի ու մյուս ընդդիմախոս պատրիոտ-կոմունիստների դիմադրությունն ու ստանալ իր ծրագիրը վերջնակետին հասցնելու քարտ-բլանշը:
Ովքե՞ր էին կազմում Գորբաչովի պատգամավորական հենքի վճռական, կրիտիկական զանգվածը, նրա գաղափարներով ոգևորվածների ու հրապուրվածների մարտնչող բանակը: Այստեղ հիմնականում նոր դեմքեր էին ի հայտ եկել: Երիտասարդ քաղաքական գործիչների կողքին կարելի էր տեսնել բազմաթիվ թաքնված կապիտալիստների ու պատկառելի տնտեսական գործիչների: Հայաստանի պատգամավորական կորպուսը կազմված էր համաշխարհային համբավ վայելող գիտնականներից (ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյան, Սերգեյ Համբարձումյան), հայտնի դերասաններից (ԽՍՀՄ ժողովրդական դերասաններ Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան), թեթև արդյունաբերության կարկառուն դեմքերից (Սպիտակի կարի արտադրական միավորման գլխավոր տնօրեն Նորիկ Մուրադյան, «Գարուն» կարի արտադրական միավորման գլխավոր տնօրեն Գոհար Ենոքյան), կուսակցական էլիտայից՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ, նկարիչներից, արվեստի գործիչներից (գրող-հրապարակախոս Զորի Բալայան), ընդհատակյա կալվածատերերից (Սպարտիոն Նազարյան) և ուրիշներ: Այստեղ իր մկրտությունը ստացավ մեր օրերի դեմոկրատ-սուլթան, պանթյուրքիզմի գաղափարները կոմունիստական սրտիկի խորքերում պահած, Թուրքիայի առջև Եվրասիական միության դռները շռնդյունով բացող Նազարբաևը՝ Ղազախստանից:
Խորհրդային Միության ողջ տարածքից Գորբաչովը հավաքել էր ինտելեկտուալ ու ֆինանսական ոլորտի ճանաչված հսկաներին և նրանց միջոցով փորձում էր լուծել սեփականության գերխնդիր, այն է՝ խորհրդային քաղաքացիներից խլել ու սեփականատիրության իրավունքով կուսակցական-բյուրոկրատական էլիտային ու նրանց սատելիտներին տրամադրել հանրային սեփականության բոլոր կարևոր օբյեկտները: Այս հարցում աբովյանցի բանվորուհիներ, ալվարդներ, գայանեներ ու խորհրդային բազմազգ երկրի այլ հասարակ քաղաքացիներ պետք չէին, նրանք պարտավոր էին մնալ իրենց տեղերում ու երկրի ներկա (դեֆակտո) և ապագա (դեյուրե) տերերի խրախճանքին չխանգարել: Շարքային քաղաքացիների մասնակցությունը երկրի ունեցվածքի բաժանման գործընթացին կարող էր վտանգավոր լինել՝ շարժառիթ դառնալով քաղաքացիական լայնամասշտաբ պատերազմի: Քաղաքացիական պատերազմի ուսանելի և դառը փորձ Ռուսաստանն արդեն ունեցել էր 1917-20 թվականներին ու երկրորդ անգամ, արդեն միջուկային գերտերության կարգավիճակով չէր համարձակվի ոտքը դնել նույն փոցխի վրա: Պատգամավորների մեջ մեծ տոկոս էին ազգային հանրապետություններից գործուղված ընդհատակյա միլիոնատերերն ու անթագադիր էմիրները: Բոլորին հետաքրքրում էր մի բան. օր առաջ անկախանալ կենտրոնական իշխանություններից, դուրս գալ ընդհատակյա իրենց թաքստոցներից ու ապրել ազատ և անկաշկանդ կյանքով, ինչպես վայել է իրենց նման մեծահարուստ ընտրյալներին: ԽՍՀՄ-ի փլուզումը, Ամերիկայից հետո կամ առաջ, նրանց էր հարկավոր: ՈՒրիշ ի՞նչ ճանապարհով, օրինակ, Նազարբաևը կարող էր իրականացնել իր վաղեմի երազանքը՝ դառնալով այնքան հարուստ ու հավերժ նախագահ, որ իր մեծ դստերը կարողանար կարգել վարչապետի տեղակալ: Բրեժնևի փեսա Չուրբանովը բոլորի աչքն էր ծակում իր զինվորական կոչումներով, իսկ հիմա ի՞նչ է կատարվում: Նույնը վերաբերում է նաև Ալիևների ընտանիքին: Եթե դատենք «ո՞ւմ էր շահավետ» սկզբունքով, ապա կտեսնենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումը պետք էր նրանց, ովքեր նստած էին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների աթոռներին ու այսօր կազմում են հետխորհրդային երկրների օլիգարխիկ համակարգի կմախքը՝ ՈՒկրաինայից սկսած, Ռուսաստանով ու Ղազախստանով վերջացրած:
Ժողովրդական պատգամավորները նոր պառլամենտ անցան առանց միջնորդների, կարողացան միմյանց հետ հորիզոնական բիզնես կապեր հաստատել ու գործի մեջ դնել խորհրդային տարիներից կուտակած իրենց սառեցված կապիտալը: Գորբաչովը ժողովրդական պատգամավորների խորհրդում հավաքեց տեղական ու ազգային մաֆիոզ խմբերի, որոնք կազմեցին Խորհրդային Միությունը քանդող մեկ միասնական բրիգադ: Չեմ կարծում, թե Գորբաչովին հնարավորություն և իրավունք էին տվել շարունակելու այդ բրիգադի ղեկավարումը: Գորբաչովը նրանց մոտ ընդամենը Գորբաչով էր աշխատում, որի կարիքը 1991 թվականից արդեն չէր զգացվում: Հատկանշանական է, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախկին պատգամավորները վաղուց արդեն կորցրել են իրենց նախկին նշանակությունը, իսկ ժողովրդական պատգամավորները՝ ոչ: Մոսկվայում ստեղծված է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների խորհուրդ, որի նախագահն է Իոսիֆ Կոբզոնը: Հանրային ունեցվածքի վերաբախշման գործընթացին ամենայն ուշադրությամբ հետևում էին Ամերիկայից՝ իրենց քաղաքացիներին դարձնելով Խորհրդային Միության կարևորագույն ռազմավարական օբեկտների սեփականաշնորհման գործընկերը՝ ֆինանսական հսկայական ներարկումներ կատարելով գործակալների իրենց ցանցի միջոցով: Գորբաչովի խնդիրն էր մտավորականության ձեռքերով կրակից շագանակներ հանել կուսակցական էլիտայի համար, որը և արեց մեծ խանդավառությամբ ու հնարամտությամբ: ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների համագումարը խորհրդային պատմության մեջ դարձավ ամենամեծ համամիութենական դիսկուսիոն հարթակը, որը հեռարձակվում էր Խորհրդային Միության ողջ տարածքով: Եթե կա մի տեղ, որտեղ Գորբաչովին իրոք կարելի լինի անկրկնելի համարել, ապա դա գործարար խաղերում նրա իրականացրած խաղարկողի դերն է (игротехник в деловых играх): Այդ դերը նա կատարեց փայլուն, ուղղակի բնատուր տաղանդ կար նրա մեջ: Գորբաչովը կարողանում էր որսալ պահն ու իրար հետևից արտահայտվելու հնարավորություն տալ վաստակաշատ գիտնականին ու բացահայտ գող կաշառակերին, երդվյալ կուսակցականին ու ռուս շովինիստին, արդարամիտ ակադեմիկոս Անդրեյ Սախարովին ու ադրբեջանցի ազգայնականին: Արդյունքում մի այնպիսի աղմկոտ պլյուրալիզմ ստեղծվեց, որ թող ու փախիր, նույնիսկ, ամենաերկչոտ պետականամետ գործիչների մեջ կասկած չմնաց, որ Խորհրդային Միությունն ապրելու իրավունք չունի: Որ կողմից էլ նայում ես, անլուծելի խնդիրներ են, խնդիրներ, խնդիրներ: Այ թե, ըստ Գորբաչովի, ինչի են հանգեցրել կոմունիստական գաղափարախոսությունն ու խորհրդային պլանային տնտեսությունը: Ծանր դրությունից դուրս գալու համար պետք էր առավել ծանր քաղաքական որոշում կայացնել՝ ազատվել և գլխից, և գլխացավանքից, պետք էր վերջ տալ Խորհրդային Միությանը՝ անսահմանափակ սուվերենություններ բաժանելով ազգային միավորներին: Ձեր մուրը՝ ձեր վիզը, փրկվեք՝ ինչպես ուզում եք: Ահա և ԽՍՀՄ-ի վերջաբանը՝ ըստ Գորբաչովի իրականացրած ծրագրի: Համոզված եմ, որ ապագայում ԽՍՀՄ-ը կվերականգնվի այլ տեսքով, այլ տրամաբանությամբ, այլապես աշխարհը կկանգնի անխուսափելի համաշխարհային միջուկային պատերազմի առաջ: Լինենք զգոն:
Հայկական ընտրություններն ունեն իրենց որոշակի ազգային առանձնահատկությունները: Մեր պատգամավորական ու նախագահական ընտրությունների պատմությունը կարող է օգտակար լինել մեր հասարակությանն ու չինովնիկությանը, որոնք միասին յոլա չեն գնում՝ մերթ ընդ մերթ պայքարելով արդար ընտրություններ կազմակերպելու համար՝ հիմնականում թարմացնելով ու զարգացնելով ընտրական օրենսգրքերը:

ԳԴԼՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Ստացվեց այնպես, որ 1990 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորական ընտրություններին մասնակցեցին նաև Թելման Խորենի Գդլյանը՝ Մոսկվայից, և Իվանովը՝ Լենինգրադից: Նախաձեռնությունը Արտաշատի մեր ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, տ.գ.թ. Ալեքսանդր Բուտաևինն էր: Արտաշատի ընտրական օկրուգում Գդլյանի հիմնական մրցակիցը Արտաշատի քաղխորհրդի նախագահ Սեյրան Ղազարյանն էր լինելու: Ես, որպես Գդլյանի վստահված անձ, մասնակցեցի ԽՍՀՄ պատմության մեջ երբևէ անցկացված ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ողջ գործընթացին: Մտավախություն կար, որ ընտրությունները, ամեն դեպքում, կարող էին կեղծվել: Դա չէր կարելի թույլ տալ, պատվի հարց էր, Խորհրդային Միության բոլոր քաղաքացիները մեծ լարվածությամբ էին հետևում Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին, որտեղ Ռուսաստանի գրանցում ունեցող քաղաքացիները դառնալու էին ՀՍԽՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ: Սա աննախադեպ ինտրիգի հիմնական շարժառիթն էր դարձել: Չնայած Արտաշատի շրջանային կոմիտեի ողջ ակտիվի քրտնաջան աշխատանքին, Գդլյանը հաղթեց 86 տոկոսով, բայց դա չէր կարևորը: Մեզ հաջողվեց ընտրական պրակտիկայում առաջին անգամ կիրառել նոր տեխնոլոգիա, որը, սակայն, ինձ հետագայում չհաջողվեց տարածել Հայաստանում անցկացված հաջորդ ընտրություններում: Վաղօրոք հայտնի էր դարձել, որ Արտաշատի տպարանում ընտրաթերթիկները տպագրվել էին երկու անգամ ավելի մեծ տպաքանակով, մտավախություն կար, որ լցոնումներ ու ամենատարբեր ձևի ընտրակեղծիքներ կլինեն: Ընտրակեղծիքների գործը այն ժամանակ դեռևս այսօրվա չափ զարգացած չէր, գտնվում էր իր սաղմնային վիճակում, բայց, ամեն դեպքում, ընտրաթերթիկները ուժի մեջ կարող էին մտնել միայն ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրելուց ու կնիքով հաստատելուց հետո: Ընտրահանձնաժողովի նախագահին մենք կարողացանք պարտադրել մեր պայմանը. կնիքը՝ ձեզնից, թանաքի գույնը՝ մեզնից: Ընտրական կանոնակարգերում ոչ մի խոսք չկար, թե կնիքը ինչ գույնի թանաքով կարող է լինել: Ընտրաթերթիկները ստորագրելուց առաջ արագ կարգով սինթեզեցինք գազարագույն թանաք ու տվեցինք հանձնաժողովի նախագահին՝ զգուշացնելով, որ այլ գույնով կնքված բոլոր ընտրաթերթիկները բողոքարկելու ենք: Ընտրությունները անցան առանց էքսցեսների ու ընտրախախտումների: Ժամը ութին ընտրատեղամասերը փակվեցին: ՈՒշացածներին թույլ չտվեցինք մտնել ընտրատեղամաս: Հիշարժան է ընտրողներից մեկի խնդրանքը.
-Լավ էլի, մեկ րոպե եմ ուշացել, Լենինականից հարսանիքը թողել եկել եմ, որ Գդլյանին քվեարկեմ:
Չթողեցին, օրենքը դա թույլ չէր տալիս:


(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ