Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախյան քառօրյա պատերազմը, Սիրիան և Իրանը

Արցախյան քառօրյա պատերազմը, Սիրիան և Իրանը
22.04.2016 | 00:34

(սկիզբը՝ այստեղ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավում իրոք կատաղի մարտեր են եղել: Եվ նույնիսկ ապրիլի 5-ին հայտարարված կրակի դադարեցումից հետո: Առանց կոնկրետ տեսակը մատնանշելու, երեք «ականանետային արկերի» մասին խոսում է ինքը՝ իրանական կողմը: Դատելով այն բանից, որ Իրանի տվյալները չեն ժխտել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, իրանական Հոդա-Աֆարին գյուղի հրետակոծման հետ կապված միջադեպն իրոք տեղի է ունեցել: Ըստ «Fars» գործակալության հաղորդումների, ամեն ինչ եղել է ապրիլի 2-ի երեկոյան:

Հենց այդ ժամանակ Արևելյան Ադրբեջանի նահանգապետի քաղաքական և անվտանգության գծով տեղակալ Սայիդ Շաբեստարի Հիաբանին զգուշացում արեց հակամարտող կողմերին ու պահանջեց վերջ տալ սադրանքներին: Նա ինքն էլ հաղորդեց, որ «հակամարտող կողմերը իրանական սահմանապահների լուրջ նախազգուշացումից հետո խոստացել են, որ նման բան այլևս չի կրկնվի»: Թե ինչ էր կատարվել ռազմական գործողությունների գոտում ապրիլի 2-ի երեկոյան, իրանական աղբյուրներն ավելի ուշ՝ ապրիլի 4-ին և 5-ին հաղորդեցին: Իսկ արանքում Ադրբեջանը ապրիլի 3-ին շտապեց հայտարարել «կրակը միակողմանիորեն դադարեցնելու» մասին: Եվ մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ, նախ, ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվել էր իրանցիներին ապացուցել, որ հրետակոծությունը Ղարաբաղի կողմից չի եղել: Եվ կարծես հենց դա էլ եղել է ապրիլի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և Երևանում Իրանի ռազմական կցորդ գնդապետ Հոսեյն Շեյխի հանդիպման և քննարկման առարկան:

Ճիշտ է, չգիտես ինչու, այդ հանդիպման ընթացքում ասվել է, թե «պատահական» ականներ են թռել իրանական Վերին Կոլիբեղլու գյուղ: ՈՒրեմն մե՞կ, թե՞ երկու իրանական գյուղ է եղել հրետակոծության շառավղում: Այս հարցի պատասխանը չկա: «Հաշվի առնելով հիշատակված բնակավայրի կոորդինատները, հայկական կողմը հաղորդում է, որ այն գտնվում է ղարաբաղյան զինված ուժերի թիկունքում և, համապատասխանաբար, հայկական կողմից նրա հրետակոծությունը քիչ է հավանական: Հանդիպման ընթացքում նշվել է, որ այդ միջադեպը ավելի շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար երկկողմ շփումներ ունենալ ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով: Այդ առումով, ղարաբաղյան զինված ուժերը լրացուցիչ կուսումնասիրեն իրանական գյուղի հրետակոծման փաստը և արդյունքները կհաղորդեն իրանական կողմին»,- ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Երկրորդ, իրանցիները ադրբեջանցիներին բացահայտորեն «բռնեցին հանցանքի վայրում»: Ապրիլի 5-ին Իրանի սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Քասեմ Ռըզային երկրի հյուսիս-արևմտյան նահանգի իրանա-ադրբեջանական սահմանային շրջաններ կատարած այցի ժամանակ, խոսելով միջադեպի մասին, մատնանշեց միայն այն, որ ինքը «զգուշացրել է հայ սահմանապահներին նման արարքներ չկրկնել» և որ «մի քանի ոչ դիտավորյալ ականներ» արձակվել են «Հայաստանից»:

Հնարավոր է, որ «Հայաստան» ասելով իրանցի գեներալը նկատի է ունեցել հենց ԼՂՀ-ն, որովհետև ամեն մի հրթիռակայանք չէ, որ կկարողանա հրթիռները հասցնել Խուդափերինի կամուրջներ և իրանական Հոդա-Աֆարին գյուղ. չէ՞ որ իրանական լրատվամիջոցների հաղորդումներում և իրանցի պաշտոնատար անձանց հայտարարություններում ասվում է, որ հրետակոծվել է հենց այդ բնակավայրը և ոչ թե Վերին Կոլիբեղլուն: Բայց իրանցիները, ախր, խոսում են հենց ականների մասին, ոչ թե հրթիռների: Եվ ահա թե ինչն է հետաքրքիր. շարունակելով թեման, գեներալ Ռըզային ընդգծում է, որ սահմանային շրջաններում շրջագայության շրջանակներում հանդիպում է ունեցել միայն «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Իլհամ Մեհդիևի հետ, քննարկվել են երկու երկրների միջև եղած սահմանային հարցերը»:

Իսկ դատելով Բաքվի ակնթարթային արձագանքից («կրակի դադարեցման» մասին ապրիլի 3-ի միակողմանի հայտարարությունը), Իրանն իրականում իր կոշտ նախազգուշացումը հասցեագրել էր առաջին հերթին հենց Ադրբեջանին: Ահա մեջբերումներ իրանական աղբյուրներից. «Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ իրանական զինված ուժերը պատրաստ են պատասխանելու ցանկացած զինված սադրանքի»: «Մենք կոշտ կարձագանքենք մեր երկրի տարածքի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի»: «Իրանցի սահմանապահները նախազգուշացրել են, որ հրետակոծության կրկնության դեպքում պատրաստ են պատասխան միջոցներ ձեռնարկելու, հակամարտության երկու կողմերը խոստացել են նման սխալ չկրկնել»:


Հարց է առաջանում. իսկ ո՞վ է «խնդրել» Ադրբեջանին մեկ-երկու ական արձակել Իրանի կողմը: «Խորհրդատուների» այդ անհաճո կարգավիճակի հավակնորդները էլի նույնն են. ԱՄՆ-ը, հնարավոր է, էլի ինչ-որ արևմտյան երկրներ ու Թուրքիան: Նշենք. Ռուսաստանի իշխանություններից հետո հենց իրանցիներն էին, որ հայերին ու ադրբեջանցիներին կոչ արեցին վերականգնել ստատուս քվոն և դադարեցնել ռազմական գործողությունները: Եվ հենց ապրիլի 3-ին ԻԻՀ պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հեռախոսային բանակցություններ վարեց Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ:

Բոլոր թվարկված փաստերն ու իրադարձությունները և այն բանի անհերքելիությունը, որ հենց Մոսկվան ու Իրանն են առաջինը խստորեն կոչ արել հակամարտող կողմերին դադարեցնելու կրակը, նախ, ակնբախորեն վկայում են այն մասին, որ, անկասկած, Ռուսաստանն ու Իրանը չեն Ալիևին համոզել ագրեսիա սկսել ԼՂՀ-ի դեմ: Երկրորդ, այն մասին, որ անկախ այն բանից, թե որքան լուրջ էին Ադրբեջանի ռազմական հաջողությունները ապրիլի 3-5-ի դրությամբ, հենց Թեհրանի խիստ նախազգուշացումից հետո Բաքուն սկսեց միտք անել և հիշել այն մասին, թե ինչ կարող է նշանակել իրանցիների շուրթերից հնչող «կոշտ պատասխան միջոցներ» ձևակերպումը: Երրորդ, սցենարի զարգացման ընթացքը անմիջապես ստիպեց հիշել այն մասին, որ 2001 թ. ապրիլից (բանակցությունները ամերիկյան Քի-Վեստում) թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, թե՛ հակամարտող կողմերը պարտավորվել են Իրանին ժամանակին ծանուցել հաշտության բանակցություններում հնարավոր փոփոխությունների, ցանկացած նոր խաղաղ առաջարկության մասին, այսինքն՝ այն մասին, որ, չլինելով ԵԱՀԿ անդամ, Իրանը վաղուց և պաշտոնապես բոլոր գործող դերակատարների կողմից ճանաչվել է որպես շահագրգիռ պետություն, առանց որի կարծիքը հաշվի առնելու վերջնական կարգավորում, ըստ էության, անհնար է: Որովհետև, օրինակ, Իրանը 1992 թվականից կտրականապես հանդես է գալիս արտատարածաշրջանային ցանկացած երկրի զորախմբի տարածաշրջան մտցնելու դեմ, որոնց թվին, ԼՂՀ-ի պարագայում, պատկանում է նաև Թուրքիան: Չորրորդ, դա հիշեցնում է նաև այն հաստատակամությունը, որով իրանական դիվանագիտությունը Երևանում (երևի նաև Բաքվում) պաշտոնական և մասնավոր հանդիպումների ժամանակ փորձում էր պարզել այն հարցը, թե ինչ և ինչպես են հակամարտող կողմերը պլանավորում լուծել հակամարտության գոտու՝ անմիջականորեն Իրանի հյուսիսային սահմաններին հարող տարածքներում:


Եթե ընդունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Վաշինգտոնում այս կամ այն ձևով համաձայնություն են տվել արտատարածաշրջանային երկրներից «խաղաղարար զորախումբ» մտցնելուն, ապա դա նշանակում է, որ Արևմուտքը Բաքվի ու Երևանի հետ մեկտեղ ուզում է հրաժարվել 2001 թ. պայմանավորվածություններից: Ապրիլի 8-ին բազմաթիվ լրատվամիջոցներ տարածեցին «Deutshe Welle»-ին տված հարցազրույցում Ս. Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը երբեք խոսք չի ասել հակամարտության գոտում խաղաղարարների տեղակայման դեմ. «Մենք երբեք չենք արտահայտվել դրա դեմ, բայց կարծում ենք, որ այդ հակամարտությունը պետք է հարթվի ամբողջովին և վերջնականապես: Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսեր այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ մեր երկու կողմերի միջև խաղաղարարների ներկայություն»: Նախագահի միտքը զարգացրեց Հայաստանի կառավարող հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե միջազգային կառույցները պնդեն, որ անհրաժեշտ է խաղաղարար ուժեր տեղակայել, ապա մենք դեմ չենք լինի»: Անշուշտ, Բաքվում էլ են հիմա նման մի բան հայտարարում: Այդ դեպքում հասկանալի է, թե ինչու են ակտիվացել Ռուսաստանի և Իրանի դիվանագիտական ջանքերը: Նրանց ամենևին պետք չեն զինվորական համազգեստով «օտարականներ» իբրև «ներդիր» այն տարածքներում, որոնք ՌԴ-ի և ԻԻՀ-ի ռազմավարական թիկունքն են: Այսպես, ապրիլի 5-6-ին շտապ Թեհրան են հրավիրվել Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, իսկ ապրիլի 7-ին Բաքվում «աշխատանքային նախաճաշի» ձևաչափով հանդիպում են ունեցել Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ամենագլխավոր հարցը եղել է ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ձախողված «բլիցկրիգը»: Նկատելի է, որ երկու եռակողմ ձևաչափերի առանցքն էլ հենց Իրանն է: Եվ դժվար չէ տեսնել, որ չկա մի այնպիսի միջազգային կառույց, որը փորձեր «անցկացնել» խաղաղարարների տեղակայումը (չէ՞ որ դա, ըստ էության, «ինչ-որ մեկի կողմից» ԼՂՀ-ի օկուպացում է) առանց Թեհրանի կարծիքը հաշվի առնելու:


Վերջում այն մասին, թե սովորաբար ինչպես է Իրանը «կոշտ պատասխան միջոցներ» ձեռնարկում: 1993 թ. ռազմական գործողությունների սրման ալիքից հետո և Ադրբեջանում ներքին ապակայունացման պայմաններում Թեհրանն առանց ավելորդ աղմուկի իր զորքերը մտցրեց Նախիջևան և հակամարտության գոտի (ԼՂՀ-ի հետ իր սահմանի շրջան), պաշտպանության տակ առնելով Արաքս գետի երկու ջրամբար: Իրանի նման «կոշտ միջոցները» ծանոթ են նաև Իրաքյան Քրդստանին (իրանցիների կողմից տարբեր տեսակի «ահաբեկիչների» դեմ ուղղված անդրսահմանային գործողությունների փորձից): Հիմա երկու թեզիսն էլ շատ ավելի օրախնդիր են, քան 1993-ին. Իրանը նաև նոր հէկ ունի Արաքսի վրա՝ հենց հակամարտության գոտում վերջին ռազմական գործողությունների հարավային ճակատից ոչ հեռու: Եվ միաժամանակ հաղորդումներ եղան այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ադրբեջանցի անդամները հեռացել են Սիրիայից և, կարելի է ասել, նետվել են կռվելու ԼՂՀ-ի դեմ: Հետևաբար, մինչ Ռուսաստանի արտգործնախարարությունը կփորձի «խորհրդակցել» ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ, ձգտելով Հայաստանն ու Ադրբեջանը վերադարձնել «Կազանի փաստաթղթի» (2011 թ.) ինչ-որ նոր խմբագրվածքի տիրույթ, մինչ Արևմուտքը թուրքերի հետ «մզմզալով» կգտնի այնպիսի միջազգային կառույց, որը պատրաստ կլինի խաղաղարարներ ուղարկելու ԼՂՀ, հենց իրանական զորքերն ամենաօպերատիվ ձևով կիրականացնեն «հակամարտ կողմերի բաժանման» առաքելությունը: Կարելի է համոզված լինել, որ, 1993 թվականի կամ Իրաքի իրադարձությունների օրերի նման, ոչ մի տերություն և ոչ մի միջազգային կառույց չեն համարձակվի հանդես գալ Թեհրանի միակողմանի քայլերի դեմ, եթե դրանք միտված են Իրանի անվտանգության շահերին սպառնացող վտանգի կանխմանը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ