Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև հակամարտության ավարտը մեծապես կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և նրա որոշումից՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Հուսով եմ՝ պարոն Պուտինը պատրաստակամություն կհայտնի անկեղծորեն բանակցելու՝ ըստ միջազգային հանրության և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության»,- ասել է Բլինքենը:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
29.07.2016 | 00:16

(սկիզբը՝ այստեղ)


Կյանքը շարունակվում է ու նորանոր խնդիրներ մեր առջև դնում, որոնք հրատապ լուծում են պահանջում: Այդ խնդիրները ավելի գրագետ ձևով կարող են լուծել միայն մեր նախկին և ներկայիս կոմունիստները, ովքեր կոմունիստական լավ շկոլա են անցել, կրթված ու թրծված են, անցել են դժվարությունների բովով, խորհրդային դժվարին պայմաններում կարողացել են մրցունակ արդյունաբերություն ու գիտություն ստեղծել: Նրանք խորհրդային երկրի այն կադրերն են, ովքեր ի վիճակի են լենինյան անհաջող ու ձախողված տնտեսական էքսպերիմենտի փորձը հաշվի առնելով ու այն օգտագործելով նոր շունչ տալ մեր կյանքին, մեր տնտեսությանը, շտկել օլիգարխների թույլ տված բազում սխալները (25 տարվա ընթացքում այնքան հանցավոր սխալներ են թույլ տրվել, որ այստեղ լուծումներ գտնելը դյուրին գործ չէ) ու նոր պայմաններում ավելի հզոր երկիր կառուցել: Մեր կյանքում անչափ մեծ է մեր կուսակցական վետերանների ու լենինյան սկզբունքներին դեռևս հավատարիմ մնացած ազնիվ քաղաքացիների դերը, կարևոր է նրանց ակտիվ մասնակցությունը Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու գործում:


Լենինի քայքայիչ, հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ դավաճանական գործողությունները խնամքով թաքցվել են խորհրդային հասարակությունից՝ Լենինին ներկայացնելով որպես աշխատավորների նկատմամբ ծնողական սիրո, հոգատարության, խղճի ու խելքի անքննելի մարմնացում: Խորհրդային պաշտոնական քարոզչամեքենան պարբերաբար կրկնում էր, որ Լենինը մեր ժամանակների ու մարդկության միտքը, խիղճն ու պատիվն է. նրա կերպարը այդպես պրոպագանդելով էլ Խորհրդային Միությունը մոտեցավ իր վախճանին, բայց իրականում ո՞վ էր թաքնված Լենինի դիմակի տակ, ի՞նչ էր կատարվում նրա շրջապատում, այդպես էլ չիմացանք, դա ոչ ոքի հասու չէր, ոչ ոք իրավունք չուներ իմանալու, հիմա դրա կարիքն այլևս չի զգացվում, արդեն ամեն ինչ պարզ ասվում է, պատմական փաստեր ու փաստարկներ էլ են ի հայտ բերվում, որովհետև հիմա այլ քաղաքականություն է վարվում. Լենինին, Ստալինին, Խրուշչովին, Բրեժնևին, Գորբաչովին, Ելցինին ու մյուսներին անընդհատ քննադատելով, պիտակներ կպցնելով ու պախարակելով՝ փորձ է արվում կոծկել ու թաքցնել ազգերի նոր լիդերների թույլ տված կոպիտ սխալներն ու պետական շահերի նկատմամբ դավաճանական գործողությունները, որոնց համեմատ Լենինի բոլոր սխալներն ու հանցանքներն անգամ կխամրեին: Պետք է ուշադիր լինել, որպեսզի մեր ժամանակներում դարձյալ չսխալվենք, էմոցիաներին չտրվենք ու սուտ-սուտ խոստումներին չհավատանք՝ հետխորհրդային կեղծ մարգարեների հետևից չգնանք, պետք է առաջ գնալ՝ գլխավերևում պահելով միայն հայկական շահերի դրոշը՝ պահելով ու պահպանելով մեր համախմբվածությունն ու միասնությունը նաև գաղափարախոսության ճակատում:
Մեր քաղաքացիներին, քաղաքական գործիչներին ու մտավորականությանը ցանկանում եմ ինժեներական մի օգտակար խորհուրդ տալ. եկեք անկեղծ լինենք ու ընդունենք, որ ժամանակակից աշխարհում անչափ քիչ են ազնիվ և ճշմարիտ քաղաքական գործիչները, որոնց հնարավոր լինի հավատալ, որոնց գործերը համապատասխանում են իրենց խոսքերին ու տված խոստումներին, բոլորը մշտապես խոսում են միայն լավ բաներից, բայց, արդյունքում, միայն վատ բաներ են անում: Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել նման դեպքերում, ինչպես թացը չորից ջոկել ու ճիշտ ճանապարհով գնալ: Այստեղ մեզ կարող է օգնության հասնել բարձրագույն մաթեմատիկայի ֆունկցիաների տեսության մեջ հանդիպող հասկացություններից մեկը, որ վերաբերում է խզման կետերին: Տարբեր ֆունկցիաների մոտ հնարավոր է հանդիպեն դեպքեր, երբ արգումենտի որոշակի արժեքների դեպքում ֆունկցիայի արժեքը կարող է հասնել անվերջության (պլյուս կամ մինուս ուղղություններով), արգումենտի այդ արժեքները հայտնի են որպես խզման կետեր: Այդ կետերում ֆունկցիան կարող է ձգտել պլյուս անվերջության կամ մինուս անվերջության՝ կախված նրանից, թե խզման կետերին որ կողմից են մոտենում (ձախից, թե աջից): Օրինակ, աջից մոտենալու դեպքում ֆունկցիայի արժեքը կարող է ձգտել պլյուս անվերջության, իսկ ձախից՝ մինուս անվերջության: Այս իրավիճակը շատ բնորոշ է հասարակական հարաբերություններին, երբ քննարկման են դրվում իշխանություններ-ժողովուրդ փոխհարաբերությունները: Այդ հարաբերությունների զարգացման մեջ կարևոր դեր են խաղում անհատները՝ ժողովրդի ծոցից դուրս եկած մարդիկ, ովքեր պատմական որոշակի պահերին առաջ են քաշվում «ժողովրդի կողմից» ու ստանձնում են լիդերի կարգավիճակը՝ պատասխանատվություն կրելով բոլոր կատարած քայլերի համար: Նրանց շրջակա տիրույթում ձևավորվում է այնպիսի իրավիճակ, որն իր բնույթով շատ ընդհանրություններ ունի խզման կետերի հետ: Ազգի լիդերների գործունեությանը մի կողմից (օրինակ՝ «ձախից») մոտենալու դեպքում ձևավորվող կարծիքը կարող է որակապես տարբերվել նրանից, որն առաջանում է «աջից» մոտենալու դեպքում:


Փորձենք մաթեմատիկական այս ապարատը կիրառել, օրինակ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիմագիծը բնութագրելու համար: Ով էր, վերջին հաշվով, ԼՏՊ-ն: Փորձենք մոտենալ աջից, ուրվագծվում է այսպիսի պատկեր. ԼՏՊ-ն «Ղարաբաղ» կոմիտեի կազմում ներդրվեց Մոսկվայի կողմից՝ ծածկանունը «Կազբեկ», դարձավ ՀՀՇ նախագահ, ՀՀ նախագահ, արտաքին ուժերի պատվերով Հայաստանում իրականացրեց արդյունաբերության, հատկապես, ռազմական արդյունաբերության հիմնավոր ոչնչացման քաղաքականություն, ՄԱԿ-ում անվերապահորեն ճանաչեց Ադրբեջան պետությունը՝ նրա ներկայացրած սահմաններով՝ ներառյալ Ղարաբաղի տարածքը, ամեն ինչ արեց՝ Հայաստանից պրոֆեսիոնալ բանվորական, ինժեներական ու գիտական կադրերին հեռացնելու, բնակչության արտագաղթը կազմակերպելու համար, ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի զինադադարի տակ դավաճանորեն դրեց Հայաստանի նախագահի ստորագրությունը՝ ղարաբաղյան ժողովրդի պայքարի իրական իրավական հիմքերը դնելով միջազգային իրավունքի այլ նորմերի տակ՝ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ու, ազգերի ինքնորոշման իրավունքի փոխարեն, Ղարաբաղի հարցը ներկայացնելով որպես Հայաստանի պատերազմը Ադրբեջանի տարածքների համար, պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը և պատճառ դարձավ, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մտնի դիվանագիտական փակուղի, դրեց ընտրակեղծիքների հիմքը Հայաստանում՝ խաթարելով հայ ժողովրդի միասնությունն ու երկրի քաղաքական կայունությունը՝ Հայաստանում արգելափակելով տնտեսության ու դեմոկրատիայի կայուն զարգացման գործընթացը, կատարեց հակապետական այլ չարագործություններ, որոնց դիմաց ստացավ իր բարգավաճ ու անվրդով կյանքը կազմակերպելու բացառիկ հնարավորություն:


Ի միջի այլոց, այս տեսակետը մոտ է պրոֆեսոր Էդվարդ Մանուկյանի դիրքորոշմանը, որը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ բազմաթիվ հիմնավորումներով ԼՏՊ-ին մեղադրելով պետական դավաճանության մեջ: Հիմա փորձենք ԼՏՊ-ին մոտենալ ձախից, նրա արած գործին ու գործունեությանը նայելով մեր այլ քաղաքացիների աչքերով, ՀՀ-ում նրանց թիվը քիչ չէ, ո՞վ էր իրականում ԼՏՊ-ն որպես քաղաքական գործիչ: ԼՏՊ-ն իր շուրջը հավաքեց հայ ժողովրդին, հիմք դրեց ղարաբաղյան շարժմանը՝ չվախենալով անգամ կրեմլյան իշխանությունների սպառնալիքներից, դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը, ձերբակալվեց ու երկար ժամանակ անցկացրեց Մոսկվայի բանտերում, դեմոկրատական ու արդար ընտրություններով դարձավ ՀՀ առաջին նախագահը, ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, ճանաչեց Ղարաբաղի ժողովրդի անկախության իրավունքը, հաղթեց ղարաբաղյան պատերազմում, ընդունեց անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը, կազմակերպեց հայոց բանակը, դիվանագիտական հարաբերություններ հաստատեց աշխարհի տարբեր պետությունների հետ, Հայաստանը դարձրեց ՄԱԿ-ի անդամ, զարգացրեց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ ի հակակշիռ Ռուսաստանի, ունի կրթվածության ամենաբարձր մակարդակը, ընտանիքի լավ հայր, տիրապետում է բազմաթիվ լեզուների և այլն:


Երկու կարծիք՝ Հայաստանի ամենակարևոր քաղաքական գործիչներից մեկի մասին, մեկը` խիստ բացասական ու դավաճանական, եթե մոտենանք «ձախից», մյուսը, ընդհակառակը, խիստ դրական ու հայրենասիրական, եթե մոտենանք «աջից»: Հարց՝ սրանցից ո՞րն է ճիշտը: Այստեղ պետք է դատել՝ ելնելով հայ ժողովրդի հանդեպ կատարած ծառայություններից, նկատի առնելով ոչ թե արված գործողությունների արտաքին հատկանիշները, այլ ստացված արդյունքները. судить не по действиям, а по результатам:


Ադրբեջանցիները կամ թուրքերը կարող են ԼՏՊ-ին դրականորեն գնահատել՝ ելնելով իրենց օգուտներից, ռուսները նույնպես կարող են գոհ մնալ ԼՏՊ-ի ծառայություններից, բայց հայերիս, առաջին հերթին, հետաքրքրում է, թե ինչ ստացան Հայ դատը, Հայաստանն ու բազմաչարչար հայ ժողովուրդը ԼՏՊ-ի տասնամյա կառավարման շրջանում: Դատեք ինքներդ ու եկեք ձեր համապատասխան եզրակացություններին:
Ընթերցողներին առաջարկում ենք ինքնուրույնաբար տալ մեր քաղաքական ու տնտեսական գործիչների նկարագիրը՝ օգտագործելով խզման կետերին «ձախից» ու «աջից» մոտենալու գաղափարը: Օրինակ, պարզել, թե Հայաստանին ի՞նչ օգուտ տվեց Ռոբերտ Քոչարյանը՝ իր երկժամկետ կառավարման ընթացքում ու, նույն ժամանակահատվածում, ի՞նչ տարավ նա Հայաստանից, ի՞նչ օգուտ տվեցին Սերժ Սարգսյանի վարչապետությունն ու նախագահությունը Հայաստանին ու ի՞նչ վնաս նա տվեց Հայաստանին, ի՞նչ տվեց երկրին Տիգրան Սարգսյանի 8-ամյա վարչապետությունն ու, այդ ընթացքում, որքա՞ն նա տարավ Հայաստանից, ի՞նչ վնաս ու ինչ օգուտ տվեց Հայաստանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ի՞նչ օգուտներ տվեցին Ադրբեջանին ու ի՞նչ ստացան հայր ու որդի Ալիևները, ի՞նչ օգուտներ տվեցին Ղազախստանին ու ի՞նչ ստացան հայր ու դուստր Նազարբաևները և այսպես շարունակ: Այդ նույն պրոցեդուրան կարելի է կիրառել Լենինի, Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի, Գորբաչովի, Ելցինի, Ակաևի, Պորոշենկոյի ու հետխորհրդային երկրների մյուս երևելի ջոջերի նկատմամբ: Միայն դրանից հետո կարող ենք հասկանալ ու պատկերացնել, թե մարդկային այդ նոր տեսակը ի՞նչ օգուտ տվեց մարդկանց ու մարդկությանը, ու մեծ հիասթափություն կապրենք՝ հասկանալով, որ նրանք օգուտներ տվողներից չեն, նրանք աշխատում են միայն իրենց համար՝ ոտնատակ տալով միլիոնավոր խորհրդային քաղաքացիների ու նրանց սերունդների կյանքը, առողջությունն ու ոչ կոմունիստական ապագան:


Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես կվարվեր Գորբաչովը, եթե իմանար, որ իր սկսած «перестройка»-ն այսպիսի անփառունակ վախճան կունենար ու ինքը կդառնար խորհրդային շարքային քաղաքացիների անեծքի առարկան: Մի՞թե «перестройка»-ն արվում էր նրա համար, որ խորհրդային համակարգը ձևափոխվի, մուտացիայի ենթարկվի ու առաջանա պորտաբույծ սրիկաների ու ձրիակերների մի նոր տեսակ, որը Լենինի նախնական հաշվարկներում գոյություն չուներ, ընդհակառակը, Լենինը պայքարում էր կապիտալիստների ու հարուստ կալվածատերերի դասի դեմ՝ հօգուտ չքավորների և, խնդրեմ, Գորբաչովն առաջ է մղում և ձևավորում է հարուստների մի նոր խառնակույտ՝ այն համալրելով խորհրդային տնտեսությունը քայքայած, կաշառակերության ու գողության մեջ վարպետացած, խորհրդային քաղաքացիներին հուսահատության վերջին աստիճանին հասցրած, իրենց վերջնականապես վարկաբեկած կուսակցական ու խորհրդային էլիտայով՝ չմոռանալով նաև իր անձի մասին:


Գորբաչովի հիմնադրած «Կանաչ խաչ» միջազգային կազմակերպությունը աշխարհի ամենահարուստներից մեկն է, որի միջոցներով իրականացվում են կոմերցիոն ու բարեգործական տարբեր ծրագրեր, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգում կառուցվեց հսկայական մասնագիտացված բժշկական կենտրոն՝ իր սիրելի կնոջ՝ Ռաիսա Մաքսիմովնայի հիվանդությամբ (լեյկեմիա՝ սպիտակարյունություն) տառապողներին բուժելու նպատակով: Այստեղ կարելի է քննարկման նյութ դարձնել Ալիևի, Չուբայսի, Աբրամովիչի, Բերեզովսկու, Նազարբաևի, Լուժկովի, Յանուկովիչի, Իոսիֆ Կոբզոնի առասպելական հարստությունների առաջացման պատմությունները: Ի միջի այլոց, Կոբզոնին էր պատկանում Թուրքիայի հետ կատարվող առևտրաշրջանառության 30 տոկոսը՝ ցիտրուսների մասով, որը և դարձավ առևտրական սահմանափակումների վերացման պատճառներից մեկը: Այստեղից եզրակացություն՝ Խորհրդային Միությունը չկործանվեց, այլ տրոհվեց առանձին-առանձին սատրապությունների՝ իրենց սատրապներով: Դա մաքուր հակահեղափոխություն էր, ինչն առանց տեսական հիմնավորումների ու երկարատև դաստիարակչական-ուսուցողական աշխատանքների՝ ասպարեզում պահելով ընդամենը մի քանի անհաջող ու կոնկրետ ոչինչ չավետող լոզունգներ (զորօրինակ՝ «перестройка»), կատարվեց Գորբաչովի կողմից: Դրանց («Гласность» и «Демократия») մասին կխոսենք հետագայում:


Գորբաչովն անզուգական ինտրիգան էր, որի նմանը աշխարհը դեռ չի ծնել, նա կարողացավ առանց մաստի՝ խորհրդային 300-միլիոնանոց ժողովրդին քաշել հաստի այնպես, որ, բուն «перестройка»-ից քառորդ դար անց անգամ, մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ և ինչու այդպես ստացվեց: Իսկապես, ինչպե՞ս հաջողվեց խաբել 70 տարի շարունակ բարեկամության, հավասարության, արդարության, ինտերնացիոնալ դաստիարակություն ստացած խորհրդային քաղաքացիներին ու մարդկանց ականջներից քաշելով նրանց լուծ տանել, տանել մի այնպիսի լուծ, որը թոթափելու համար կարիք կլինի ստեղծել մի նոր, նյուլենինյան հեղափոխական տեսություն ու սկսել համատեղ ուժերով մի անգամ էլ փորձել, հնարավոր է, որ մեկ լավ բան, այնուամենայնիվ, ստացվի, հավատալու բան չէ, սակայն, որովհետև դրա քաղաքական պահանջարկը չկա: Պետք է նշել, որ Գորբաչովի «перестройка»-ի գործերը միանգամից չստացվեցին, սկսեցին տեղում դոփել՝ մինչև օգնության հասավ Ղարաբաղը, այո՝ Ղարաբաղը ու, ինչպես Գորբաչովն էր հետագայում նշում. «процесс пошел», ինչպե՞ս:


Այս հարցը պարզելու համար փորձենք հասկանալ, թե ինչ էր ղարաբաղյան շարժումը: Դա ինքնաբուխ ժողովրդական, թե դրսի թելադրանքով կազմակերպված շարժում էր, որը Գորբաչովին օգնեց իր «перестройка»-ի գործընթացը մեռյալ կետից դուրս բերել ու առաջ տանել: Մի քանի տարի շարունակ Գորբաչովի գործը առաջ չէր գնում, «перестройка»-ն տեղում դոփում էր, ժամանակն էլ չէր ներում: 1987 թվից Գորբաչովը հասկացել էր, որ իր «перестройка»-ն խորհրդային քաղաքացիների համար ընդունելի չէ, դրանց նման «перестройка»-ներ Խորհրդային Միության պատմության մեջ մարդիկ շատ էին տեսել, բայց ոչ մեկին չէին հավատացել: Այս նոր «перестройка»-ն էլ, չնայած «Гласность» և «Демократия» խորամանկամիտ հավելյալ հնարքներին, ավելի հուսադրող չէր, սրա հետևից էլ գնացողներ չկային: Ի՞նչ անել, Կրեմլի բոլոր նախաձեռնությունները, նախկինի նման, խորհրդային ժողովրդի մեջ միայն հումոր էին առաջացնում, մարդիկ այնքան էին կշտացել խորհրդային ղեկավարներից, որ նույնիսկ դեմոկրատիայի ու հրապարակայնության նման լավ խոստումները չէին ընդունվում: Մի խոսքով, Կրեմլի իշխանությունների ձեռքից շունը հաց չէր վերցնում: Ինչպե՞ս գնահատել իրադրությունը:


Խնդրին մոտենանք «ձախից»: Դա ժողովրդական ինքնաբուխ շարժում էր, որը սկսվեց 1987 թվականին Աբովյան քաղաքից: Մարդիկ անհանգստացած էին, որ աշխարհահռչակ գիտնական-ակադեմիկոս Էվրիկ Գեղամի Աֆրիկյանը (Աֆրիկյանը, որի ռազմական գիտության մասին Լենինգրադի ռազմածովային ակադեմիական շրջանակներում առասպելներ էին պատմում, մահացավ 2016 թվականի հուլիսին՝ 92 տարեկան հասակում) Աբովյան քաղաքում կառուցում է միութենական նշանակության մի նոր ինստիտուտ, որը, ըստ գրող-հրապարակախոս Զորի Բալայանի` կարող է ամբողջությամբ թունավորել մեր ջինջ երկինքը: Ի սկզբանե պարզ էր, որ, էկոլոգիական շարժումից բացի, դա շարժում էր Հայաստանի ազատության ու անկախության, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, Կրեմլի իշխանություններից ազատվելու ու որպես ինքնուրույն պետություն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, արագ տեմպերով զարգանալու համար: Հիմա էլ, այդ շարժումից մոտ 30 տարի անց, մենք քաջ գիտակցում ենք դեմոկրատիայի ու հրապարակայնության կարևոր դերը մեր առօրյա կյանքում ու մեր գործերում:


Հիմա փորձենք խնդրին մոտենալ «աջից»: Շատ չանցած էկոլոգիական շարժումը վերածվեց ղարաբաղյան շարժման, որ անմիջապես նախաձեռնել էր Կրեմլը ու իրականացվեց նրա կազմած պլանով, որի մեջ կարևոր տեղ էր հատկացված Խորհրդային Միության տարբեր կետերում ազգամիջյան բախումներ հրահրելուն, որը հետագայում զարգանալու էր բացահայտ, երկարատև պատերազմի հեռանկարով: Դա չէր վերաբերում միայն հայ ու ադրբեջանցի հարևան ժողովուրդներին, այն սկսվեց նաև Ֆերգանայի շուկայում՝ մի փոքրիկ ելակի պատճառով ղրղզների և ուզբեկների միջև առաջացած ազգամիջյան տուրուդմփոցից, բայց այդ կոնֆլիկտը շատ արագ մարեց, որովհետև մուսուլմաններին դժվար էր խաբել ու իրարով տալ: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հեռանկարը ավելի իրատեսական էր, որովհետև խորհրդային ինտերնացիոնալիզմի գաղափարներից անչափ շատ էին տուժել հայերի ազգային շահերը, հայերը դժգոհ էին Լենինի ու Ստալինի հանցավոր որոշումներից ու ամենուր արդարություն և հատուցում էին պահանջում, փնտրում ու հույսերով սպասում: Հատկապես անհամաչափ վերաբերմունք էր ցուցաբերվել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ՝ հանրապետությունների քարտեզները կազմելիս. Ղարաբաղը՝ իր հայրենիքում ապրող հայ բնակչությամբ տրվեց Ադրբեջանին՝ որպես նվեր: Նախիջևանը՝ դարձյալ հիմնականում հայերով բնակեցված մարզը, դարձյալ նվեր Ադրբեջանին (որոշ պատմական փաստեր կան, որ Նախիջևանում ապրող մահմեդականները իրականում դավանափոխ հայեր են, որոնց վերաբնակեցրել են Կուր-Արաքսի հովտից): Համեմատության համար փաստենք, որ, երբ 1990 թվականին Չեխոսլովակիա պետությունը բաժանվեց երկու մասի՝ Չեխիայի ու Սլովակիայի, բաժանումը տեղի ունեցավ արդարացի՝ հաշվի առնելով բնակչության կամքը. միասնական պետության այն հատվածը, որտեղ բնակչության մեծամասնությունը չեխ էր՝ դարձավ Չեխիա, որտեղ բնակչության մեծամասնությունը սլովակ էր, դարձավ Սլովակիա՝ անարյուն, արդարացի բաժանում կամ, ինչպես ասում էին՝ թավշյա բաժանում: Հայաստանի քարտեզը կազմելիս ոչ միայն մեծ անարդարության, այլև Հայոց եղեռնը շարունակելու հիմնարար գաղափար էր այստեղ դրված՝ դանդաղ գործող ռումբի տեսքով՝ հետագայում հայերի հայրենազրկումը շարունակելու հեռանկարով: Հայերը չէին կարող նկատի չառնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը անպայմանորեն ձգտելու է արագորեն հայաթափել այդ պատմական հայկական տարածքները. իրենց դարավոր պատմական փորձը դա էր հուշում: Ադրբեջանի համար, տեխնիկական ու կազմակերպական առումով, ավելի նպատակահարմար էր հայաթափման պրոցեսը սկսել Նախիջևանից՝ որպես Ադրբեջանից կտրված ու Հայաստանով սահմանազատված տարածքի, հետո հերթը հասնելու էր Ղարաբաղին, որը հասցրել էր Հայաստանին կպած թերակղզուց վերածվել ադրբեջանապատկան տարածքներով սահմանափակված կղզու:


Մոսկվայում իմ ռուս կոլեգաները զարմանում էին, թե ինչու խառը բնակչություն ունեցող այդ տարածքներին այդպիսի ասիմետրիկ լուծումներ են տրվել, մանավանդ որ հայերը Խորհրդային Միության ժողովուրդների մեջ ամենավստահելին են համարվել: Բայց Ադրբեջանի ու Հայաստանի քարտեզների պատմությունը շատ հեռվից էր գալիս ու մեծ դավադրություն էր պարունակում: Գորբաչովի «перестройка»-ի ծրագրի մեջ, անշուշտ, այս պատմությունները հաշվի էին առնված: Փորձենք բացահայտել Գորբաչովի խարդավանքների գաղտնիքը՝ հիմքում ունենալով միայն մեկ բառ, որպես կրիմինալ փաստ, որը դուրս էր թռել նրա շուրթերից՝ Սիլվա Կապուտիկյանի ու Զորի Բալայանի հետ կայացած զրույցի ժամանակ: Գորբաչովը նրանց հրավիրել էր Մոսկվա, Կրեմլ՝ սումգայիթյան ցեղասպանությունից երկու օր անց: Որոշ դրվագներ՝ Սիլվա Կապուտիկյանի հեռուստաելույթից, որը անմիջապես տեղի ունեցավ Գորբաչովի հետ կայացած հանդիպումից հետո:


-Գորբաչովի ընդունարանի մոտ մեծ հերթ էր գոյացել,- պատմում էր Սիլվա Կապուտիկյանը,- նրա մոտ մտնելու համար սպասում էին արաբական շեյխերը, տարբեր երկրների մեծամեծները, բայց նա սկզբում մեզ ընդունեց, երկար խոսեցինք Ղարաբաղի մասին: Նա ասում էր, որ Ղարաբաղը հայերինն է եղել, это же Арцахւ, մի քանի անգամ կրկնեց Գորբաչովը:


Այսքանը բավական է, որպեսզի Գորբաչովին էլ հասկանանք ու բացահայտենք նրա իրական ծրագրերը: Իմ ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ Գորբաչովը գիտեր ԼՂԻՄ-ի Արցախ պատմական անունը, իսկ ես՝ ոչ: Մեղքս ինչ թաքցնեմ, առաջին անգամ Գորբաչովից եմ իմացել, որ Ղարաբաղի պատմական անունը Արցախ է եղել, իսկ թե ումից էր Գորբաչովը այդ մասին իմացել, ինձ համար արդեն պարզ էր: Ի՞նչ հետաքրքրություն ուներ այդ բազմազբաղ մարդը իր գենսեկական մտքում պահելու իր գործի համար երկրորդական բնույթի այդ ինֆորմացիան. հայերին հույս տալո՞ւ, «շիրա տալու» ու պայքարի հանելո՞ւ, թե՞ Լենինի ու Ստալինի կատարած ծանր մեղքերը քավելու ու պատմական արդարությունը վերականգնելու համար, դժվար է ասել, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հիշողության ցուցանիշով Գորբաչովը շատ թույլ մարդ էր, այդ մասին ես արդեն գրել եմ: Եզրակացությունն այսպիսին է. Գորբաչովին պետք էր լուրջ խժդժություններ առաջացնել Խորհրդային Միության որևէ կետում, որպեսզի կարողանար այդ թեթև աղմուկի տակ առաջ տանել «перестройка» անունը կրող երկրակործան իր ծրագիրը, հայերի ընտրությունը՝ խայծի կարգավիճակով շատ տեղին ու բնական էր, հայերը տուժել էին ցեղասպանությունից, հայրենիք էին կորցրել ու հանուն հայրենիքի պատրաստ էին գնալու մինչև վերջ՝ ինքնազոհության: Գորբաչովը սա գիտեր, Ստավրոպոլում ապրել ու աշխատել էր հայերի շրջապատում: Նա կարողացավ հմտորեն բացել հայկական վերքերն ու օգտագործել իր ուզած ձևով:


Հիմա, Գորբաչով-Կապուտիկյան հանդիպումից 30 տարի անց, կարելի է խնդիրը լուծված համարել, Գորբաչովի «перестройка»-ն հասավ իր նպատակին ու եկել է տարածքները հետ տալու, «հետ ողորմյա» անելու ու հայերիս երեք մատների հանրահայտ կոմբինացիան ցույց տալու ժամանակը, բայց Պուտինի մոտ դժվարություններ են առաջացել. հայերը զիջումների չեն գնում, եթե Ստալինի հետքերով գնա ու թուրքերի համար հայերից նորից զոռով վերցնի Ղարաբաղը, ապա ընդմիշտ կկորցնի Հայաստանը, հայերի ու հայկական սփյուռքի օժանդակությունը՝ աշխարհին ներկայանալով որպես Հայոց ցեղասպանությունը շարունակող անշնորհակալ երկրի ղեկավար, խայտառակվելով առաջադեմ մարդկության մոտ, առանց այդ էլ Ռուսաստանի գործերը շատ վատ են: Ռուսաստանը մտել է պատժամիջոցների տակ ու ստիպողաբար գնում է համատարած գաղութացվելու ճանապարհով, այդ մասին մենք կխոսենք հետագայում: Հավելենք, որ ղարաբաղյան շարժումը Գորբաչովի կողմից ծրագրված լինելու մասին են խոսում Երևանում տեղի ունեցած հաջորդ զարգացումները:


1990 թվականի մայիսի 27. Երևանում բացարձակ սադրանք տեղի ունեցավ, երբ կայարանի շենքում ռուս սահմանապահների կողմից գնդակահարվեցին «Էրեբունի» կամավորական ջոկատի 6 տղաները, դա խոր պլանավորված սադրանք էր, որի մանրամասները մեր հանրությանը այդպես էլ հայտնի չդարձան: Այդ դեպքը առիթ դարձավ, որպեսզի հայ ժողովուրդը ընդվզի Մոսկվայի դեմ, ցույց տա դաժան պայքարի ելնելու իր վճռականությունը, դա Գորբաչովին ու Կրեմլին անչափ մեծ նվեր էր, բայց մենք այդ սադրանքի խնդրին կմոտենանք մեկ այլ կողմից: Ես մասնակցեցի երիտասարդ հայ նահատակների հուղարկավորությանը, նրանցից մեկին թաղեցին իրենց գյուղում, հինգին՝ Երևանում: Թաղման արարողությունը սկսվեց Ազատության հրապարակից, անթիվ բազմություն էր հավաքվել, գնացինք մինչև վերջ, գնացինք թաղման թափորի հետ՝ չիմանալով, թե երիտասարդներին որ գերեզմանոցում էին թաղելու. Թոխմախի՝ ոչ, Շահումյանի՝ դարձյալ ոչ, գնացինք, գնացինք ու բարձրացանք Երևանի բլուրներից մեկը, այնտեղ հուղարկավորման համար հինգ փոս էր փորված, ինչո՞ւ են որոշել այստեղ թաղել, մի՞թե մեր հայրենասեր տղաների համար քաղաքում հարմար գերեզմանոց չէր գտնվել: Հիմա նման հարցեր տալն անմտություն կլինի, տղաներն իրենց երկրային կյանքն ավարտեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որտեղ արդեն թաղված են տասը հազարից ավելի հայ քաջորդիները, այդ թվում՝ Զորավար Անդրանիկն ու նրա կողքին Վազգեն Սարգսյանը, Գուրգեն Մարգարյանը և ուրիշներ, դա արդեն գերեզմանոց չէ, այլ հայ ժողովրդի սրբատեղի: Բայց հարց՝ 1990 թվականին, երբ Խորհրդային Միությունում ամեն ինչ առավել քան հանգիստ էր, լայնածավալ պատերազմների ու հազարավոր զոհերի մասին խոսք չկար, ո՞վ և ինչո՞ւ որոշեց, որ Հայաստանին այնպիսի մեծ պատերազմ է սպասում, որ 1990 թվականին հարց է բարձրացել (իհարկե Մոսկվայի ծրագրով) Երևանում զինվորական հատուկ գերեզմանոց հիմնելու մասին, ո՞վ էր այդ գաղափարի հեղինակը, ո՞վ է ստորագրել զինվորական գերեզմանոց հիմնելու համար հող հատկացնելու որոշման տակ: Գտնենք այդ չինովնիկին, ու նա կպատմի, թե գորբաչովյան գլոբալ ծրագրի ո՞ր բաժնում, ո՞ր կետում էր նշված, որ Երևանում պետք է զինվորական գերեզմանոց հիմնել, ու մենք կհասկանանք ու կհամոզվենք, որ ղարաբաղյան շարժումը, իր բոլոր մանրամասներով, նույնիսկ զոհերի մոտավոր թվով ծրագրված էր Գորբաչովի վարչակարգի ու նրա «перестройка»-ի համար: Հիմա ավելի կարևոր է, որ մենք իմանանք, թե էլ ինչ կետեր կան այդ ծրագրում: Համոզված եմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում կան գործիչներ, որոնց հայտնի են խորհրդային (հիմա արդեն ռուսական) ծրագրերում տեղ գտած քայլերի հաջորդականությունները, իսկ մենք շարունակում ենք գուշակություններով զբաղվել ու զոհեր տալ:

Ռուս, հայ ու ադրբեջանցի քաղաքական լիդերները շարունակում են մեզնից գաղտնիքներ պահել՝ շարժվելով նախապես կազմված գորբաչովյան ծրագրերով, իսկ մենք միամտաբար շարունակում ենք հավատալ, թե ամեն ինչ սկսվել է ինքնաբուխ ձևով՝ պատահականության արդյունքում ծնված մի անշառ էկոլոգիական բողոքի ցույցից: Քանի որ Ղարաբաղի հիմնախնդրի ու, ընդհանրապես, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ մեզ ամբողջական ինֆորմացիա չի տրամադրվում, ստիպված ենք այդ բացը լրացնել՝ կիրառելով մաթեմատիկական ճշգրիտ մեթոդներն ու երևույթներին տալ մեր գնահատականները, որոնք հիմնված են լինելու մեր սեփական հաշվարկների վրա՝ ելնելով այն սուղ նախնական ինֆորմացիայից, որը մերթ ընդ մերթ «միամտաբար» դուրս է թռչում նախագահներ Պուտինի, Սարգսյանի կամ Ալիևի շուրթերից: Մաթեմատիկայի մեջ կիրառվում է դեդուկցիայի հայտնի մեթոդը, որի միջոցով կարելի է որոշել նաև վարվող քաղաքականության մեջ սպասվող զարգացումները՝ ելնելով նախկինում կատարած քայլերի բնութագրերից: Ապագան ցույց կտա, թե որքան էին ստույգ մեր հաշվարկները, երբ արդեն ամեն ինչ կհայտնվի իր պատմական տեղում:


(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ