«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայ զինվորները կարող են օրինական կարգով հայտնվել... Սիրիայում

Հայ զինվորները կարող են օրինական կարգով հայտնվել... Սիրիայում
16.09.2016 | 09:15

(սկիզբը՝ այստեղ)

ԱՄՆ-ի հրեական համայնքի փողերով գոյատևող ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնը, որը համարվում է «ԱՄՆ-ի ԿՀՎ-ի մասնաճյուղ», առաջադրել է գերհիմար վարկած այն մասին, թե, իբր, հայ-ռուսական միացյալ բանակը «որոշակիորեն կոչված է պահպանելու ադրբեջանա-թուրքական և այլ հաղորդակցական ուղիներ, բայց ոչ իրենց սեփականը»։ Անհեթեթություն կամ հերյուրանք. այլ գնահատական չես տա, քանի որ «խաղին» լռելյայն մասնակցում է նաև Իրանը, իսկ Իրանին ոչ մի կերպ ձեռնտու չէ Թուրքիա-Ադրբեջան դաշնազույգի դիրքերի ուժեղացումը։ Իսկ որ դա լիովին համահունչ է Ռուսաստանի զինվորական ղեկավարության գործողությունների տրամաբանությանը, որը Սիրիայում պատերազմում է ընդդեմ «Իսլամական պետության» և մյուս ահաբեկիչների և պետք է լուրջ ռազմաքաղաքական թիկունք ունենա Անդրկովկասում, ամերիկա-հրեական «Stratfor»-ը, «չգիտես ինչու», լռության է մատնում։ Ռուսական ռազմատիեզերական ուժերը (ՌՏՈՒ) սկսեցին Իրանի Համադանի բազան օգտագործել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հարվածներ հասցնելու համար, ինչը ոչ միայն սոսկ շրջադարձ է նշանակում Սիրիայում Ռուսաստանի ռազմարշավում, այլև ուժերի հարաբերակցության փոփոխություն Մերձավոր Արևելքում։ Միևնույն ժամանակ, դեռ հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահը հրամանագիր էր ստորագրել Բաքվի «Ղըզըլ Շարղ» («Կարմիր Արևելք») զինվորական ավանի շենքերն ու շինությունները և Նասոսնի ավանում գտնվող նախկին խորհրդային ռազմական օդանավակայանի մեկ տերմինալ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի օգտագործմանը հանձնելու արձանագրության հաստատման մասին։ Իհարկե, դա Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի ստեղծում չի նշանակում, ինչպես և իրանական Համադանում Ռուսաստանի, բայց խորհրդանշական քայլ է Ադրբեջանի և Իրանի կողմից, թեև երկու երկրների սահմանադրություններն արգելում են երկրի տարածքում երրորդ երկրների ռազմաբազաների տեղակայումը։ Այդ կապակցությամբ Բաքվի որոշ քաղաքագետներ պնդում են, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային տարածք տրամադրելով ռազմական ենթակառուցվածքի ստեղծման համար, Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում՝ «չեզոքացնելու Հայաստանում ռուսական ռազմաբազայից բխող սպառնալիքը և ապագայում իրեն պաշտպանելու ռուսական ռազմական սպառնալիքից»։


Թե ինչ կստացվի ռուսական ՌՏՈՒ-ի կողմից իրանական Համադանի ռազմական օդանավակայանի օգտագործումից, ինչպես ասում են, «օրը գա՝ բարին հետը», հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի զինվորականների միջև օգոստոսի 19-23-ի ընթացքում ծագած որոշակի հրապարակային տարաձայնությունները։ Մի երկու խոսք այդ մասին։ Ռուսների Համադան գալու մասին առաջինը հաղորդեցին «Warfare Worldwide» միջազգային նախագծի մասնակիցները (դատելով գրանցման տեղեկությունից, կայքը գտնվում է Մասաչուսեթսում, ԱՄՆ)։ Այդ նախագծի առնչությամբ «Twitter»-ում օգոստոսի 15-ի երեկոյան տեղադրվեցին ռուսական ռմբակոծիչների լուսանկարները, որոնք, ինչպես հետևում էր լուսանկարների մակագրություններից, «պատրաստվում էին հարվածներ հասցնելու Սիրիայում գործող ահաբեկիչներին»։ Տեսագրությունը հրապարակվել էր երեքշաբթի օրվա կեսգիշերին մոտ։ Դատելով լուսանկարներից, դրանք լիովին կարող էր արած լինել հենց ավիաբազայի անձնակազմի անդամներից որևէ մեկը։ Սենսացիոն նորությունը շուտով հայտնվեց նաև արաբական «Al-Masdar News» պորտալում, այնուհետև այն տարածեցին աշխարհի բոլոր լրատվամիջոցները։ Բուն նախագծի մասին քիչ բան է հայտնի, սակայն նրա հաղորդագրություններն առաջ էլ էին հայտնվել մամուլում և սենսացիա առաջացրել։ Այսպես, փետրվարին «Взгляд» թերթը մի նորություն տարածեց այն մասին, թե Սաուդյան Արաբիայի ռազմական տեխնիկան անցել է Հորդանանի սահմանը և շարժվում է դեպի Սիրիա։ Անհայտ մնալ ցանկացած ռուս ռազմական մի փորձագետ «Взгляд»-ին ասել է, թե «Warfare Worldwide» նախագիծը, ամենայն հավանականությամբ, զուգորդված է հենց Իրանի ռազմական գերատեսչության հետ։

«Ռուսաստանում նման նախագծեր չկան, այլ երկրներում դրանք տարածված են։ Մի քանի նման ռեսուրս կա ոչ միայն Իրանում, այլև Իրաքում։ Դրանք բացահայտորեն կապված են Իրանի պաշտպանության նախարարության հետ։ Եթե ուշադրությամբ նայենք նրանց «Twitter»-ները, ապա դա հեշտ է հայտնաբերել»,- ասում է փորձագետը, ենթադրություն անելով, թե տեղեկության արտահոսքն ինչ-որ պատճառով թույլ են տվել հենց իրանցի զինվորականները։


Սակայն աղմուկն սկսեցին բորբոքել հենց Սպիտակ տունն ու Պենտագոնը, սպառնալով ոչ ավելի, ոչ պակաս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով պարզել, թե Ռուսաստանը Համադանի օդանավակայանի օգտագործմամբ չի՞ խախտում, արդյոք, «ՄԱԿ-ի պատժամիջոցները»։ Ապա հետևում է բավական լավ բեմադրված «տրագիկոմեդիան» Ռուսաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների միջև, որտեղ, ըստ էության, հնչում են փոխադարձ մեղադրանքներ և, կարծես, ռուսական ռազմական ավիացիայի կողմից Համադանի օգտագործումը դադարեցնելու ակնարկներ։ Սակայն վերջակետը դնում է Իրանի ՊՆ-ն, նախարար Հոսեյն Դեհանը հստակորեն շեշտադրում է՝ բազավորում չկա, կա օգտագործում, ընդ որում՝ «Սիրիայի խնդրանքով»։ Սա էլ հենց «կարմիր հրթիռի ազդանշանն» է. չէ՞ որ թե՛ ռուսական ՌՏՈՒ-ի մասնակցությունը, թե՛ Իրանի ԻՀՊԿ-ի հատուկ ջոկատայինների ու շիական կամավորականների գտնվելը Սիրիայում կանխորոշվել և հաստատվել է օգնություն ստանալու Դամասկոսի պաշտոնական դիմումներով։ ՈՒստի և կարծիք կա, որ իրանական ու ռուսական զինվորականների ոչ այնքան դիվանագիտական արտահայտություններն այն աղմուկի արձագանքն են, որ ուզում էր բարձրացնել ԱՄՆ-ը։ Մասնավորապես, ինչպես կարծում է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը, «ամերիկացիները տեղեկատվական դիվանագիտական հարված էին պատրաստել, մտադրվելով Ռուսաստանին մեղադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը խախտելու մեջ։ Եվ դրա համար էլ մենք դադարեցրինք ավիաբազայի օգտագործումը, իսկ Իրանի պաշտպանության նախարարը փորձեց հաճոյանալ հանրությանը, ձևացնելով, թե տարաձայնություններ կան՝ դրանով իսկ մեր գործողությունների համար ապահովելով տեղեկատվական քող»։ Ի դեպ, օգոստոսի 22-ին ՌԴ արտգործնախարարությունը վերստին ընդգծեց, որ իրանական բազայի օգտագործման համար հարկ չկա, որ Մոսկվան ունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը։ Իսկ Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին օգոստոսի 23-ին հայտարարեց, որ ոչ ոք ռուսական ՌՏՈՒ-ին չի արգելել օգտագործել Համադանի «Շահիդ Նոժե» ավիաբազան, և որ այդտեղից ռուսական ավիացիայի թռիչքները շարունակվում են։ Ավելին, հիշեցնենք՝ նույն նախարար Դեհանն օգոստոսի 20-ին չէր բացառել, որ ապագայում Իրանը կարող է քննության առնել ահաբեկիչների դեմ պայքարելու համար Ռուսաստանին այլ բազաներ ևս տրամադրելու հարցը, սակայն այս պահին «նման պլաններ չկան»։ «Իսկ եթե դրա համար կպահանջվեն ինչ-որ պայմաններ, մենք քննության կառնենք այդ հարցը»,- հայտարարել էր Դեհանը։ Բացի այդ, որպես «կարծիքների շոշափում», խոսակցություն է տեղի ունենում ռուս-իրանական համագործակցության այլ ձևերի մասին ևս։ Օրինակ, ապագայում Սիրիայում, երկրի ղեկավարության խնդրանքով, կարող է ստեղծվել ռուս-իրանական համատեղ բազա։ Ռազմածովային ուժերի համատեղ ստորաբաժանումներ է հնարավոր ստեղծել Կասպից ծովում։ Խոսք կարող է լինել նաև Միջերկրական ծովում՝ Տարտուսում, ռուսական ռազմածովային բազայի համատեղ շահագործման և օգտագործման մասին։ Այսպես թե այնպես, ռուսական մի շարք լրատվամիջոցներում, Երևանից ստացված հաղորդագրություններից հետո և ուղղակի Համադանի շուրջ բարձրացած «աղմուկի» ժամանակ, այդուամենայնիվ, հետևյալ հարցը հնչեց. «Կմիանա՞, արդյոք, Թեհրանը Մոսկվայի ու Երևանի ռազմական դաշինքին»։ Կապրենք՝ կտեսնենք, հիմա այլևս անհնարին բան չկա, ի վերջո, Իրանը դիտորդ երկիր է ԱՊՀ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովում։


Մենք ուշադրության առանք նաև ահա այսպիսի մի փաստ. Բելառուսի Բրեստի մարզում օգոստոսի 23-27-ին ՀԱՊԿ-ի խաղաղարարներն անցկացրին «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժություններ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նախապես հայտարարվել էր, թե ՀԱՊԿ-ի խաղաղարարները գործում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով։ Ընդ որում, դա նաև հայկական զորախումբ է։ Իսկ հիմա դառնանք այն բանին, որ սիրիական ճգնաժամը Մոսկվայում քննության են առել Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը, և որ «ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղարարության մեջ Հայաստանի դերի մեծացման» մասին Սեյրան Օհանյանը խոսել է Սթիվեն Շաբիթի և Ռիչարդ Միլզի հետ, և որ, վերջապես, Սերգեյ Շոյգուն և Օհանյանը անդրադարձել են սիրիական Հալեպում Ռուսաստանի և Իրանի «լայն մարդասիրական գործողությանը»։ Վերհիշենք նաև, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող միակ խաղաղարարությունը, որին Հայաստանը մասնակցում է և որի խաղաղարար դերը «մեծանում» է, Սիրիայի հարևան Լիբանանն է։ Այնտեղ հայ զինվորականներն իրենց ծառայությունն իրականացնում են իտալական զորախմբի կազմում։


Այսպիսով, առաջիկայում հնարավոր է, որ միանգամայն օրինական կարգով հայկական խաղաղարար զորախումբ տեղակայվի Հյուսիսային Սիրիայի գոնե այն մասում, որտեղ կան հայ համայնքի ավանդաբար համահավաք բնակության վայրեր։ Օրինակ, Հասեկից ստացվող վերջին տեղեկություններն ավելի քան տագնապ են հարուցում, իսկ այնտեղ դեռևս հայկական ընտանիքներ կան։ Վիճակն անկայուն է նաև Լաթաքիայի նահանգի հյուսիսային մասում (Թուրքիայի սահմանի կողմերում), այսինքն, ըստ էության, հայկական պատմական Կիլիկիայի տարածքի մի մասում։ Եվ բացառված չէ, որ Ռուսաստանի և Իրանի մարդասիրական գործողություններին «միանալու» համար այդ տարածաշրջաններ ուղարկելու նպատակով ներգրավվեն հենց ապագա ռուս-հայկական միացյալ զորամիավորման զինծառայողները։ Եթե այդ ամենը կատարվի, ապա Հայաստանն ու նրա զինված ուժերն ինքնաբերաբար կմեծացնեն թե՛ իրենց դերը, թե՛ իրենց նշանակությունը ոչ միայն մեր տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում. Հայաստանը լիովին կարող է «իր խաղն» սկսել տարածաշրջանային ռազմավարության մեջ։ Սակայն չշտապենք, ժամանակն ու իրադարձություններն իրենք ցույց կտան, թե արդյո՞ք Սիրիայում միայն ահաբեկիչներն են Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր թշնամիները։ Մեզ հայտնի չէ, թե կոնգրեսական Շաբիթը իրականում ինչ դեր է կատարում ԱՄՆ-ի կոնգրեսի պատերի ներսում, սակայն, երևի, եթե սկսել են նրա հետ խոսակցություններ վարել միջազգային խաղաղարարության մեջ հայկական ավանդի մասին, և այն էլ ՄԱԿ-ի հովանու ներքո, ապա նա այդ առումով «ինչ-որ բան» պակաս չի իմանում, քան Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի լիազորությունների վերաբերյալ կասկածներ լինել չեն կարող, այնպես, ինչպես Ռուսաստանի նախագահ Պուտինի, և եթե նրանք Հայաստանի ներկայացուցիչների հետ խոսում են Սիրիայի մասին, այդ թվում՝ Հալեպում և այլ քաղաքներում ռուսական ուժերի ու նրանց դաշնակիցների մարդասիրական գործողության մասին, ապա, Մոսկվան հիմքեր ունի Հայաստանը զինակից տեսնելու այդ գործողություններում։ Մենք հուսով ենք, որ ինչպես Լիբանանում հայ խաղաղարարների հայտնվելու պարագայում ոչ մի «պատահական բան» չեղավ, այնպես էլ նրանց Հյուսիսային Սիրիա ուղարկելու պարագայում ամեն ինչ նույնիսկ ավելի քան օրինաչափ ու տրամաբանական կլինի։ Եվ պետք է հիշենք, որ Ռուսաստանի և Իրանի առաջարկությունները (Հյուսիսային Սիրիայում՝ խաղաղության վերականգնմանը Հայաստանի հնարավոր միացման առումով) ավելի առաջնային էին, քան ԱՄՆ-ի սպասվող հավանությունը։ Սիրիական ռազմական գործողությունների «մարտադաշտում», ինչպես հայտնի է, Իրանի և ռուսական ռազմատիեզերական ուժերի դերը մնում է գերիշխող։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ